HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոչընդոտում են «Միացում» շարժման հանդիպումներին

«Միացում» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր ՍԵֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Քանանյանը «Ուրբաթ» ակումբում այսօր լրագրողներին ներկայացրին այն խոչընդոտները, որոնց առնչվել են Էջմիածին, Արմավիր քաղաքներում կայանալիք հանդիպումների ժամանակ:Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ երկու դեպքում էլ նախօրոք պայմանավորվածություն ունեին քաղաքապետարանի հետ միջոցառումը անցկացնելու համար, միջոցառման շրջանակներում նախատեսված էր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» ֆիլմի ցուցադրությունը, Ալեքսանդր Քանանյանի դասախոսությունը: Էջմիածնում Ազգային անվտանգության ծառայությունը միջամտել եւ թույլ չի տվել անցկացնել նախատեսված միջոցառումը: Արմավիրի մշակույթի պալատում կայանալիք միջոցառմանը խոչընդոտել են ոստիկանները` շրջափակելով մշակույթի պալատի շրջակայքը: Նրանք թույլ չեն տվել, որ Արմավիրի բնակիչները մասնակցեն միջոցառմանը: Կազմակերպիչները միջոցառումը շարունակել են երթով՝ վանկարկելով«Արցախ, Հայաստան, Միացում»: Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այս ամենից հետո, որպես պատգամավոր, դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Դիմելու համար, ինչպես նշում է Զ. Փոստանջյանը, հիմք է հանդիսացել Աբրահամյանի խոստումը, թե ինքը կնպաստի, որպեսզի ազատ արտահայտվեն կարծիքները: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ հանդիպելու է նախագահին եւ այդ մասին կխոսի նախագահի հետ, խոստացել էր խոսել նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հետ: Սակայն Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանին զանգահարել եւ ասել է, որ պետք չէ միջոցառում անցկացնել, քանի որ նախագահը պատրաստվում է հանդիպել «Միացում» նախաձեռնության անդամներին եւ լսել նրանց տեսակետը: Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին նաեւ ասել է, որ «Միացում» նախաձեռնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ձեւաչափն է, ուղղակի իրենք էլ չեն գիտակցում այդ փաստը: Զարուհի Փոստանջյանն այսօր եւս մեկ անգամ պարզաբանեց, որ իրենց նախաձեռնությունն ազգային է, այլ ոչ թե մեկի ծրագիրը, ձեւաչափը վերկուսակցական է, վերքաղաքական: Ժիրայր Սեֆիլյանն էլ նշեց, որ բնակչության հետ հանդիպումները շարունակվելու են թե՛ Հայաստանի շրջաններում, թե՛ Արցախում: Հարցին, թե չեն պատրաստվու՞մ դիվիդիներով շփվել ժողովրդի հետ, պատասխանեց, որ եթե շարունակվի ձեւաչափի գործունեության խոչընդոտումը, ապա իրենք պատրաստ են նման քայլի գնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter