HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«106 բանաձեւի պրեմիերան` ապրիլին»

Ամերիկացի երիտասարդը ինտերնետային կայքերից մեկում տեսնում է Հայոց Ցեղասպանության կադրեր եւ ինտերնետով սկսում է խոսել իր հայ ընկերուհու հետ, որից հետո նրանց միանում են հույն եւ թուրք երիտասարդները: Մոտավորապես այսպիսի սցենար է ունենալու ռեժիսոր, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի եւ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համատեղ երաժշտական կարճամետրաժ ֆիլմը, որը կոչվելու է «106 բանաձեւ»: Այս մասին երգչուհին եւ ռեժիսորը հայտնեցին այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ֆիլմում հնչելու են «Դլե Յաման», «Ադանա» եւ «Քելե, Լաո» երգերը Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Արդեն որոշ նկարահանումներ կատարվել են Լոս Անջելեսում Ֆլորա Մարտիրոսյանի եւ Մայքլ Սթոունի` դերասանուհի Շերըն Սթոունի եղբոր մասնակցությամբ: Ֆլորա Մարտիրոսյանի երգերի հետ զուգահեռ հնչելու են Մայքլի անգլերեն բանաստեղծությունները, ինչն ավելի ազդեցիկ է դարձնելու ողջ ֆիլմը: Նկարահանումները կատարվելու են նաեւ Երեւանում, Թուրքիայում` Արեւմտյան Հայաստանում եւ Ստամբուլում, Հունաստանում: Ժիրայր Դադասյանն ասաց, որ Թուրքիայում մի պրոդյուսերական ընկերություն համաձայնել է աջակցել նկարահանումներին, որպեսզի նկարահանման հայկական խումբը դժվարություններ չունենա Արեւմտյան Հայաստանում:

Ֆիլմը ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին է, այլեւ դեմ է ընդհանրապես որեւէ բռնության, ահաբեկչության: «Եվ այս ամենի մեջ հետաքրքրիր է երիտասարդների վերաբերմունքը ցեղասպանության եւ բռնության նկատմամբ»,- ասում է ֆիլմի ռեժիսորը: Միեւնույն ժամանակ, Ժիրայր Դադասյանը նշում է, որ ֆիլմում ոչ մի դատապարտում չկա, ցեղասպանության կադրեր էլ համարյա չկան: Լինելու են միայն Հրանտ Դինքի հուղարկավորության որոշ կադրեր:

Ֆիլմի տեւողությունը 8.5 րոպե է, եւ պրեմիերան նախատեսվում է 2009 թ. ապրիլին` Երեւանում, որին, հավանաբար, ներկա է լինելու Շերըն Սթոունը: Վերջինս Ֆլորա Մարտիրոսյանի` ԱՄՆ-ում տեղի ունեցած համերգի ժամանակ հուզվել է «Դլե Յաման»-ի կատարումից, որից հետո էլ նրանք մտերմացել են: Այժմ էլ նա խոստացել է ֆիլմի պատրաստ լինելուն պես այն ներկայացնել ամերիկյան վերնախավին եւ ազդեցիկ մարդկանց, հնարավոր է, որ ֆիլմը ցուցադրվի Սպիտակ տանը:

«Ֆլորա Մարտիրոսյանի` նման ֆիլմ նկարահանելու գաղափարը շատ անհրաժեշտ է, քանի որ այսօր երիտասարդությունը նման ինֆորմացիայի պակաս ունի»,- ասում է Ժիրայր Դադասյանը:

Իսկ մինչ այդ ֆիլմի պրեմիերան Ֆլորա Մարտիրոսյանը երեւանյան հանդիսատեսին կներկայանա իր համերգով, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter