Միջնորդելու են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար
Հարցազրույց «Յոթի գործի» փաստաբան Հովիկ Արսենյանի հետ
Պրն Արսենյան, ի՞նչ միջնորդություններ եք ներկայացրել, եւ որո՞նք են բավարարվել մինչ օրս:
Պաշտպանական կողմը երեք միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Մասնակիորեն բավարարվել է միայն մեկը: Միջնորդել ենք, որպեսզի քրեական գործի նյութերին կցվեն ոստիկանության կողմից կատարված ծառայողական քննության արդյունքները եւ դրանք ներկայացվեն պաշտպանական կողմին ծանոթանալու համար:
Միջնորդել ենք պաշտպանական կողմին տրամադրել «Երեւան սիթի» 8 սուպերմարկետների, «Գրանդ Քենդի», «Ռոբերտո» խանութներից առգրավված տեսաերիզների զննության եւ փորձաքննության եզրակացությունների, ՀԺԿ անդամների հարցաքննությունների արձանագրությունների լուսապատճենները, ներկայացնել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքների արձանագրությունների պատճենները, ինչպես նաեւ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ արձակված գրավոր ցուցումների, հրամանների, կարգադրությունների կրկնօրինակները: Վարույթն իրականացնող մարմնի վարկածի համաձայն` նախնական համաձայնություն եւ դերաբաշխում է եղել առաջնորդների մեջ, որի վերաբերյալ էլ միջնորդել ենք ներկայացնել ձեռք բերված ապացույցները:
Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր նրան, որ պաշտպանական կողմին հնարավորություն տրվեր ծանոթանալու իրեղեն ապացույցներին: Մինջնորդել էինք տրամադրել նաեւ 2008 թ. մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մատնանշված «միասնական կենտրոնի» վերաբերյալ նյութերը:
Հաջորդ միջնորդությունը ներառում էր Լ. Տեր Պետրոսյանի նախընտրական շտաբի 9 անձանց հարցաքննությունների արձանագրությունների պատճենները, ինչպես նաեւ խնդրել էինք տրամադրել Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի հնչեցրած ելույթների տեսագրությունների կրկնօրինակները: Տարօրինակ է, որ Լեւոն Զուրաբյանը չի հարցաքննվել: Չէ որ նա այն անձնավորությունն էր, ով եկել էր հրապարակ ու հայտարարում էր`«լիազորված եմ շտաբի անունից հայտարարել, որ…»: Մեր միջնորդությունը մերժել են` պատճառաբանելով, որ չի հարցաքննված: Նա այն անձնավորությունն է, ով Աֆյանի հետ բանակցություններ է վարել, որ թողել են հանդիպելու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մասնակիորեն բավարարվել էր նոյեմբերի 7-ի հենց այս միջնորդությունը: Մեզ տրամադրեցին վերջին` 42-րդ հատորը:
Ի՞նչ բովանդակություն ուներ վերջին հատորը
Մեզ տրամադրված ելույթներից ուղղակիորեն զգացվում էր, որ նրանց ելույթները ամբողջական չեն, կտրված են եղել: Մյասնիկ Մալխասյանի ելույթը բացակայում էր ընդհանրապես, գործին չէր էլ կցված: Այդտեղ մենք այլեւս ականատես եղանք, որ տուժողների իրավահաջորդներից ոմանք` ծնողները, ամուսինը գրում են` «քրեական գործին չենք ցանկանում ծանոթանալ, որովհետեւ այս մեղադրյալները որեւէ առնչություն չունեն իմ որդու հետ: Ինչ պատճառահետևանքային կապ կա, որ իմ որդու սպանությունը կապել եք այս մարդու հետ»: Մեկ այլ իրավահաջորդ գրում է, որ ծանոթացել է քրեական գործին, այս մարդիկ որեւէ առնչություն չեն ունեցել նրա ամուսնու հետ: Վաղը եթե պատկերացնեն, որ գործի առնչությամբ այդ մարդիկ մտել են դատարան, նրանք պետք է հանդես գան որպես մեղադրյալ, ինչպես պետք է կանգնեն ու ասեն, թե կազմակերպիչ է, փոխհատուցում կատարեք: Վարույթն իրականացնող մարմինը, նկատի ունենալով, որ վիրավորված եւ սպանված քաղաքացիների վնասվածքներ ստանալու հանգամանքների վերաբերյալ քննություն պետք է կատարվի, մարմնական վնասվածքների և մահվան պատճառները դեռ չեն պարզել, եթե չեն պարզել, այս անձանց վրա սպանություններով զուգորդված մեղադրանքը անհիմն է:
Երբ պաշտպանական կողմը ծանոթացավ իրեղեն ապացույցներին, հատկապես ոստիկանների պատճառած բեկորային մարմնական վնասվածքներին (իզուր չէ, որ խիստ պաշտոնական եմ ասում), այն, ինչ ես եմ տեսել քրեական գործում, այլեւս ակնհայտ է, որ մարտական նռնակներ մարտի 1-2-ի դեպքերում չեն գործադրվել ոչ մեկի կողմից:
Երեկ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ-ում հակառակն էր պնդում, դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
Երեկ անհեթեթ բաներ էին ասում` կրակոց, նռնակներ նետել ժողովրդի կողմից: Ուր է հիմքը` մեկը չկա, որ հարց տա: Արցունքաբեր գազ կամ հատուկ միջոցների ձայն հանելը, պայթյուն տեսնելը քաղաքացիների մոտ ընկալվում է որպես նռնակի պայթյուն: Բայց այդ բոլորը եղել են ոստիկանական զորքերի տրամադրության տակ եղած հատուկ միջոցները: Ասում էին, որ ժամը 11-ին ուժեր ուղարկվեցին այնտեղ կուտակումները ցրելու և այլն, ակնհայտ սուտ էր: Խնդիրն այն է, որ մինչ այդ երեք անգամ ոստիականական ուժերը այնտեղ ուղղակիորեն հարձակվեցին ժողովրդի վրա, որպեսզի ցրեն: Չկարողացան: Կադրերը կան, որ մարդիկ վնասվածքներ են ստանում դրանից: Դրանից հետո այդ տրոլեյբուսները լայնակի կանգնեցվեցին: Երբ տեսան ոստիկանական շղթաների հարձակումը, նոր այդ քայլը կատարվեց: Ես ամաչում եմ, որ ոստիկանության գեներալը կարող էր այդպես ակնհայտ ստել` այն էլ օրենսդիր մարմնում: Խորհուրդ կտայի ծանոթանալ քրեական գործի նյութերին: Դեռևս 2008 թ. մարտի 1-ին ժամը 8-ին տագնապ է հայտարարվել հանրապետության ոստիկանական վարչություններում: Նա հանկարծ ասում է` բա եթե ժողովուրդը ագրեսիվ չէր ու չէր հարձակվում ոստիկանների վրա, ինչու մեքենաներն այրեցին և այլն: Հարգելիս, բարի եղեք հետևեք, թե ինչ է տեղի ունենում եվրոպական քաղաքակիրթ պետություններում երթերի ու ցույցերի ժամանակ: Այնտեղ 50 հոգի դուրս են գալիս երթի, 20 ավտոմեքենա են այրում: Ինչ է, այնտեղ էլ են 225 հոդվածը դնում մարդկանց վրա: Աշխարհը զարմացած է մեր վրա: Դա խայտառակություն է մեր պետության համար: Ասում են մի բան` անում են մեկ այլ բան: Այս նույն քաղաքականության արդյունքն էր ամբողջի հետևանքը:
Իսկ ի՞նչ կարծիքի եք փաստահավաք խմբի մասին:
Փաստահավաք խումբը մի խումբ է, որը պետք է նյութեր տրամադրի եւ ծառայի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի համար: Այսքան ամիս աշխատում է ժամանակավոր հանձնաժողովը, դեռեւս հայտարարություն է հնչում նռնակներ գործադրելու հետ կապված: «Քյանդրբազի մայլում» այդ հանձնաժողովը ստեղծվել է քյոսայություն անելու համար եւ պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճելու եւ ապացուցելու ճշմարտությունը:
Ի՞նչ միջնորդություններ կլինեն առաջիկայում:
Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել բոլորի համար ՀՀ քրեական դատավարության 267-րդ հոդվածի կարգով քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու եւ խափանման միջոցը վերացնելու մասով: Մենք դեռ մինչեւ դեկտեմբերի 1-ը ժամանակ ունենք, եւ մյուս միջնորդությունն էլ վերաբերում է Ռ. Քոչարյանին: Պատկերացնում եք, պետության նախագահը հանկարծ հայտարարում է` «գիտեք, ինչպե՞ս կարելի է թույլ տալ կրակել ոստիկանության զինվորների վրա ավտոբուսների հետևից, նրանք էլ անզեն, մահակներով դիմադրում են»: Եթե պետության գլուխը նման կեղծ պատրանքայնություն ստեղծող է, արհեստական ապացույցներ է ներկայացնում եւ հետո արտակարգ դրություն մտցնում, ապա Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղակիորեն ոտնձգություն է եղել հանրապետության, պետության անվտանգության, ողջ հասարակության նկատմամբ: Նա հենց այս հանցագործությունը կատարելու համար պիտի կալանավորվի եւ քրեական հետապնդման ենթարկի:
Օրերս գործին ծանոթանալու համար ժամանակը սահմանափակելու Ձեր բողոքը պետք է քննարկվեր դատարանում, ի՞նչ լուծում այն ստացավ:
Դատարանում Կորյուն Փիլոյանը հենց ինքը տեսավ, որ պաշտպանական կողմի իրավունքների խախտում է տեղի ունեցել եւ դատարանին առաջարկություն արեց, որ պաշտպանական կողմը հրաժարվի բողոքից, ու համաձայնություն կայացավ, որ մինչև դեկտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգվի, եւ պաշտպանական կողմը շարունակի ծանոթանալ գործին:
Մինչեւ դեկտեմբերի 1-ը տրված ժամանակահատվածը բավարա՞ր է գործին ամբողջությամբ ծանոթանալու համար:
Ըստ էության, որքան հատորներ կան, ինչքան էլ կարդաս, զավեշտի ես հանդիպում: Օրինակ` Մյասնիկ Մալխասյանի հետ կապված: Հարցաքննել են մեկին, որը իբրեւ թե լսել է, թե ինչպես Մյասնիկ Մալխասյանը միկրոֆոնով ելույթ է ունեցել եւ ասել է, թե «հրկիզումներով, կրակոցներով, ավերումներով մենք պետք է իշխանությունը վերցնենք, շենքերը վերցնենք»: Ինչպես կարելի է այս ապացույցը հիմք ընդունելով մտնել ԱԺ եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել ու կալանավորել:
Դեռեւս հարցաքննության փուլ է, ուզում ենք հավատալ, որ Սասուն Միքայելյանի մեղադրանքները կկարճվեն: Սասուն Միքայելյանի վճիռը արձակված է արդեն: Նույնիսկ անմեղության կանխավարկածը չի կիրառվել նրա դեպքում: Չկա բանականություն: Այս պարագայում իրավական գնահատականներն անիմաստ են, ակամայից մնում է միայն քաղաքական խնդիրը: Հետեւաբար, ակնհայտ է, որ այս մարդիկ դատապարտվում են իրենց քաղաքական հայացքների եւ դիրքորոշումների պատճառով:
Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ ընթացք կունենա դատավաորությունը և ինչպիսի ավարտ:
Ես այդ գործին միայն մի անուն կտամ` «Կիկոսի մահը» ժամանակակից սյուժեով: Եթե Սովետական Միությունում պերեստրոյկա չլիներ, ԼՂ-ն գլուխ չբարձրացներ, Քոչարյանը չէր գա հանրապետության գլուխ, չէր լինի նաև մարտի 1:
Հարցազրույցը` Քրիստինե Աղալարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել