
Սոցիալական ապաստան՝ քաղաքական հիմնավորումներով
Փարիզ: Քաղաք, որտեղ բոլորն ակամա ուշանում են: Քաղաք, որտեղ բոլորը շտապում են: Կեսօր: Ճաշի ժամ: Մետրոյի մարդաշատ մի կանգառ: Մուտքերի ու ելքերի մի լաբիրինթոս: Մարդկային «հորդ» շարժում, որ գլուխ է պտտեցնում: Ու հանկարծ ծանոթ մի մեղեդի արձագանքում է մետրոյի միջանցքներում: Արամ Խաչատրյան, «Սուսերով պարը»: Շտապող ամբոխը կանգ է առնում: Ճապոնացի զբոսաշրջիկները պայուսակներից հանում են լուսանկարչական տեսախցիկները, պատահական անցորդները՝ պարզում հեռախոսները: Նվագախումբն ավարտում է կատարումը: Բուռն ծափեր: Երաժիշտները խոնարհվում են: Նրանց շարքում մի երիտասարդ ժպտում է հպարտությամբ: Արամ, 28 տարեկան, հայաստանցի երաժիշտ:
Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտը Ֆրանսիա է ժամանել 2004-ին՝ ուսումը շարունակելու նպատակով: Սակայն, ինչպես ինքն է խոստովանում, ուսումն ընդամենը պատրվակ էր: Արամի նպատակը Հայաստանից դուրս գալն էր: «Երկու հիմնական պատճառ ունեի: Նախ` աշխատանքի խնդիրը: Նույնիսկ եթե շատ լավ արդյունքներով ավարտել էի կոնսերվատորիան, բոլոր նվագախմբերում տեղերն արդեն «բաժանված» էհաին: Բացի այդ, պետք է զինվորական ծառայության մեկնեի, երկու տարի չպիտի նվագեի, երաժշտությունից կտրվեի, հետո հնարավոր է ընդհանրապես թողնեի երաժշտությունը»:
Նախորդ յոթ տարիների ընթացքում Արամը մի քանի դիպլոմ է ստացել: Այսօր նույնպես երաժիշտը ուսանողի կարգավիճակում է: Այդ կարգավիճակն օգնում է Արամին, որպեսզի ունենա իր ամենամյա կացության քարտը: Ուսմանը զուգահեռ նվագում է տարբեր խմբերում, տալիս մասնավոր դասեր: Աշխատած գումարը բավականացնում է Փարիզում ապրելու եւ Հայաստանում բնակվող ծնողներին օգնելու համար: Երաժիշտը պատրաստվում է Ֆրանսիայի քաղաքացիություն խնդրել՝ հույս ունենալով, որ շուտով հիմնական աշխատանք է գտնելու:
Եթե ուսանողի կարգավիճակն օգտագործելով Արամին հաջողվել է օրինական ձեւով ապրել եւ աշխատել Ֆրանսիայում, մեր հայրենակիցներից շատերն այսօր գտնվում են անօրինական կարգավիճակում՝ շատ հաճախ հայրենիք վերադառնալու պարտավորությամբ:
Հունվար ամսին ֆրանսիական մամուլի առաջին էջերում տպագրվեց փոքրիկ Վազգենի պատմությունը: «Հետքը» նույնպես անդրադարձավ հոր հետ բանտախցում հայտնված վեցամյա տղայի պատմությանը:
Այսօր սովորական են դարձել հայաստանցի ապաստան խնդրողների պատմությունները ֆրանսիական մամուլի էջերում: Ամենից հաճախ մամուլն ահազանգում է փողոցում հայտնված ընտանիքների մասին:
Եվ այսպես, հուլիսի 29-ին փողոցում է գիշերել եւս երկու հայ ընտանիք իրենց չորս անչափահաս երեխաների հետ միասին, հաղորդում է Լա Դեպեշ պարբերականը: «Մարտ ամսին հայաստանցի Միշա Շավեշյանը հացադուլ է սկսել, քանի որ ավարտվել է Ֆրանսիայում ապաստանելու ժամանակը եւ վերջինս կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ պետք է լքի երկիրը»,- գրում է «Ուեստ-Ֆրանսը»: «Իսի Ֆրանս3»-ը ահազանգում է Լիմոժ քաղաքի փողոցներում հայտնված Մարտիրոսյան ընտանիքի մասին, որոնք պարտավորված են անհապաղ լքել Ֆրանսիայի տարածքը:
Հայաստանը լքող ընտանիքներին օտար երկրներ են տանում հիմնականում տնտեսական ու սոցիալական խնդիրները: Սակայն այդ պատճառաբանությամբ Եվրոպայում այսօր անհնար է ապաստան խնդրել: Միակ ելքը քաղաքական ապաստանն է: Դիմումն հիմնավորելու դեպքում հնարավոր է ստանալ փախստականի կարգավիճակ:
Մինչեւ 2008 թվականը Եվրոպայում ապաստան խնդրողները մեջբերում էին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ իրենց էթնիկ ծագումը: Ամենից դասական օրինակը՝ երբ զույգը ներկայանում էր իբրեւ մեկը՝ հայ, մյուսը՝ ադրբեջանցի: Այս պատճառաբանությունն այնքան է չարաշահվել, որ այլես հավատ չի ներշնչում: 2008թ. մարտի մեկից հետո հայաստանցիները ներկայանում են իբրեւ վերջին նախագահական ընտրությունների ու դրանց հաջորդած ցույցերի քաղաքական զոհեր:
Եվ այսպես, 2009-ին գրանցվեց Ֆրանսիայում ապաստան խնդրող հայերի ամենամեծ թիվը: 3603 դիմումով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրած երրորդ ազգությունն էին Կոսովոյից եւ Շրի Լանկայից հետո: 2009թ. նոյեմբերին Ֆրանսիան որոշում ընդունեց Հայաստանը (ինչպես նաեւ Թուրքիան) գրանցել «ապահով երկրների» ցուցակում: Նկատենք, որ այդ ցուցակում հայտնված երկրներից ժամանող ապաստան խնդրողների հայտերը արագացված քննություն են անցնում, այսինքն՝ միջինը 115 օրվա փոխարեն քննվում են 15 օրում:
Բացի այդ, չկա ապաստան խնդրողներին կացարանով ապահովելու, նրանց նպաստ հատկացնելու եւ բժշկական ծախսերը վճարելու պարտավորություն: Շատ հաճախ դիմողների պատճառաբանությունները համարվում են անհիմն եւ հայտերը մերժվում:
Ինչեւէ, պետք չէ կարծել, որ իր որոշմամբ Ֆրանսիան արտահայտում էր իր վստահությունը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի նկատմամբ: «Ապահով երկրների» ցանկում Հայաստանն ընդգրկելն իր շարժառիթներն ուներ. դրանով Ֆրանսիան կարողանալու էր նվազեցնել ապաստան խնդրողներին հատկացվող ծախսերը: Այս մասին բարձրաձայնում էին ներգաղթողների իրավունքները ներկայացնող ՀԿ-ները: Վերջիններիս ջանքերով 2010թ. հուլիսին վերանայվեց «ապահով երկրների» ցուցակը, եւ Հայաստանն ու Թուրքիան դուրս մնացին ցուցակից:
Հայաստանը այդ ցուցակում մնաց ութ ամիս, ինչը զգալիորեն նվազեցրեց 2010թ. ընթացքում ապաստան խնդրողների թիվը: Եվ այսպես, 2010թ. 44 %-ով նվազեց հայաստանցի ապաստան խնդրողների թիվը: Հարկ է նկատել, որ 2010թ. օգոստոս ամսից ի վեր՝ այսինքն «ապահով երկրների» ցուցակից Հայաստանի դուրս գալուց հետո, գրանցվել է ապաստան խնդրողների կտրուկ աճ: Մեծ թվով հայեր են ապաստան խնդրել նաեւ 2011-ի առաջին ամիսներին:
Հայտերի հետ ներկայացվող պատճառներն ու պատմությունները գրեթե չեն փոխվել: Մեծամասնությունը ներկայանում է իբրեւ ըդդիմության անդամ եւ մարտիմեկյան ցույցերի մասնակից: Կան նաեւ որոշ թվով հայտեր փոքրամասնությունների՝ եզդիների կողմից եւ էթնիկական դրդապատճառներ ունեցող փոքրաթիվ դիմումներ:
Որքանո՞վ են իրական ներկայացվող դրդապատճառները: Մարտիմեկյան ցույցերի հետեւանքով հետապնդվող ներկայացած մի երիտասարդ զույգ պատմեց. «Քաղաքական պատճառներ ենք ներկայացրել, ոնց որ բոլորը, բայց դե գիտեք՝ հեռանկար չկա երկրում, աշխատանք չկա: Շատ գոհ ենք մեր որոշումից: Արդեն տուն ենք ստացել»:
Սեփական տանիք ունենալը, իհարկե, երազանք է շատ ընտանիքների համար, հատկապես նրանց համար, ովքեր ապաստան են խնդրում փարիզյան շրջանում:
Գայանեն ամուսնու եւ երկու դուստրերի հետ Ֆրանսիա է ժամանել վեց ամիս առաջ:
«Քաղաքական ու սոցիալական հիմնախնդիրների պատճառով լքեցինք Հայաստանը: Ես աշխատանք ունեի, բայց ամուսնուս հետապնդում էին իր քաղաքական հայացքների համար: Վաճառեցինք տունը, 20000 դոլար վճարեցինք վիզաների համար: Բայց այսօր էլ ավելի վատթար իրավիճակում ենք հայտնվել: Դիմումը ներկայացնելուց հետո մի հյուրանոցից մյուս հյուրանոցն ենք տեղափոխվում, ամենուր շատ վատ պայմաններ են:
Վերջապես Փարիզում ծանոթներ գտանք, հիմա իրենց մոտ ենք տեղափոխվել: Նախընտրում եմ փողոցում քնել, քան իրենց տված հյուրանոցներում: Չեմ հասկանում, թե ինչու է Ֆրանսիան ընդունում մեզ, եթե պայմաններ չունի»: Արդյոք զղջու՞մ է: Գայանեն փոխում է զրույցի թեման: «Մենք վաճառել ենք մեր տունը, ես թողել եմ աշխատանքս, աղջիկս՝ համալսարանը...»
Փորձում եմ զերծ մնալ քննադատություններից, նույնիսկ եթե հաճախ Հայաստանի քաղաքական իրավիճակը ներկայացնող հիմնավորումները հեռու են իրականությունից: Յուրաքանչյուրն իրավունք ունի կյանքի լավագույն պայմաններն ապահովել իր եւ իր ընտանիքի համար: Բայց որքանո՞վ է հաջողվում նրանց կյանքը արտերկրում: Զղջու՞մ են ետեւում թողած հայրենիքի համար: Ակամա հիշում եմ Պեռ Լաշեզ գերեզմանատան առջեւ, անվճար սննդամթերքի հերթում ինձ հանդիպած հայաստանցի մի կնոջ խոսքերը. «Ո՞նց եք ուզում, որ հետ գնամ Հայաստան, մի մեշոկ փող եմ տվել էստեղ գալու համար»:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել