HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում գործադուլը ժամանակավորապես դադարեցվեց

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գործադուլավորները չորեքշաբթի` նոյեմբերի 12-ին, կեսօին մոտ վերսկսեցին աշխատանքը: Գործադուլը դադարեցնելու պատճառը Սյունիքի մարզ այցելած էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ու ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի միջեւ ավարտված բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունն էր: Հիշեցնենք, որ երեքշաբթի տնօրենը խոստացել էր այլընտրանքային տարբերակները քննարկել ձեռնարկության սեփականատերերի հետ ու նրանց որոշումը հրապարակել: ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիսյանը հարցը կտրուկ էր դրել` հնարավորինս զերծ մնալ կրճատումներից ու մարդկանց ապահովել աշխատանքով: Նախարարի այս դիրքորոշումից կարծես դժգոհ էր պրն Ֆալետան, բայց, ըստ Ա. Մովսիսիյանի, իրենք չեն եկել մեղադրելու որեւէ մեկին: «Եկել ենք ոսկե միջինը գտնելու, պայմանավորվելու, որ ձեռնտու լինի երկուստեք»,- ասել էր Ա. Մովսիսյանը տնօրենին: Կառավարության անդամները մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում` ՀՀ վաչապետի հետ, որից հետո կհրապարակվեն արդյունքները: Լրագրողներին հանդիպեց նաեւ ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռ. Ֆալետան: Վերջինս նույնպես դրական գնահատեց բանակցությւոնների արդյունքները` նշելով, որ փոխզիջման տարբերակներ կգտնվեն: «Ես անձամբ խոսել եմ Dandee Precious Metals-ի գլխավոր նախագահի հետ, տեղեկացրել այլընտրանքային բոլոր տարբերակների մասին: Նա դրական արձագանքեց, ու գալիք երկուշաբթի սեփականատերերը Հայաստանում կլինեն, կառավարության անդամների հետ վերջնական քննարկումներից հետո կկայացնենք որոշում»,- ասաց պրն Ռոբերտ Ֆալետան: Վերջինս փաստեց, որ աշխատավարձերի չափը չի իջեցվելու, ու այսօր ևս Կապանի Զբաղվածության կենտրոն կուղարկվի գրություն, որով անվավեր կճանաչվի նախորդ գրությունը: Այսիքն` Զբաղվածության կենտրոնին տեղեկացվում է, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունից 721 մարդ չի կրճատի: «Ցավոք, խոսքը չի վերաբերում այն 148 մարդուն, որոնց արդեն ծանուցել էինք: Սակայն ասեմ, որ ցուցակը վերանայվում է, ու մարդիկ կաշխատեն, չեմ ուզում շտապել, ավելի լավ է համբերենք մինչեւ երեքշաբթի ու ես ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ սեփականատերերի որոշումն ու ձեռնարկության հետագա քայլերը: Այս պահին կարող եմ ասել, որ մասսայական կրճատումներ չեն լինելու»,-ասաց Ռ. Ֆալետան: Գործադուլը դադարեցնելու որոշման մասին տեղեկացվեց նաեւ ձեռնարկության տնօրինությունը: Ղեկավարությանը նաեւ զգուշացվեց, որ եկող շաբաթ հնարավոր է գործադուլն ավելի մեծ թափով վերսկսվի, եթե սեփականատերերը չհամաձայնվեն իրենց առաջարկած պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter