HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսրայելը պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ

Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին։ Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ցուրն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եւ Շեմի Ցուրը համակարծիք են եղել, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ, երկու երկրների միջեւ ձեւավորվում են քաղաքական, տնտեսական նոր հարաբերություններ, որոնց համար կան անհրաժեշտ բոլոր հիմքերը։ Անդրադառնալով Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է հատկապես ադամանդագործության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման, այդ բնագավառներում Իսրայելի փորձն օգտագործելու, ինչպես նաեւ նոր նախաձեռնությունների խրախուսման կարեւորությունը։ Շեմի Ցուրը նշել է, որ ձեռնարկած մի շարք միջոցառումների շնորհիվ, Իսրայելին մինչ այժմ հաջողվել է հնարավորինս նվազեցնել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, որի փորձը եւս Իսրայելը պատրաստ է կիսել Հայաստանի հետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպանից հետաքրքրվել է Իսրայելում երկու օր առաջ անցկացված խորհրդարանի` Կնեսետի ընտրությունների արդյունքներով, երկրի ներքաղաքական իրավիճակով ու արդեն քաղաքական նոր ղեկավարության ներքո Իսրայելի հետագա զարգացումներով։ Անդրադարձ է եղել նաեւ 2008թ. Կնեսետ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումներին եւ ընդունման հնարավորություններին։ Իսկ հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պաշտոնական տեսակետն ու մոտեցումները տարածաշրջանի երկրների, այդ թվում` անմիջական հարեւանների հետ հարաբերությունների վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Շեմի Ցուրը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի հրեական համայնքի նկատմամբ դրսեւորվող ջերմ վերաբերմունքի, հայ-հրեական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում համայնքի հետ շահագրգիռ համագործակցության համար, ինչը եւս, ըստ նրա, նպաստում է երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը։ Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին` մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter