Ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարը
Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ստորագրած որոշմամբ Վասիլի Նալբանդյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետը դժգոհություն էր հայտնել շրջանում առկա վիճակի եւ պատասխանատու մարմինների գործունեության վերաբերյալ` նշելով, որ «հանձնարարականների չկատարման նման անտարբեր վերաբերմունքը փոխադարձ է լինելու»:
Ավելի վաղ վարչապետի մոտ կայացած մեկ այլ խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի ղեկավարը ներկայացրել է իրենց կողմից մի քանի շրջվարչակազմերում կատարված ստուգումների արդյունքները եւ, անդրադառնալով Շահումյանի շրջանին, ընդգծել է, որ այնտեղ թերացումները համեմատաբար ավելի ծավալուն են:
«Շրջանում անցած երկու տարիներին փոշիացվել են հատկապես բնակավայրերի բարեկարգման համար նախատեսված գումարները: Բազմաթիվ համայնքներում օրինական հաշվապահական հաշվառում չի իրականացվում»,- այս մասին նշվել է խորհրդակցության ժամանակ:
Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում երեկ նշանակվել է Վիտալի Դանիելյանը, որի նախկին գործունեության մասին տեղեկություններ այդպես էլ չկարողացանք ճշտել ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ շրջանի վարչակազմից։ Մեր տվյալներով՝ նա Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել