ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հարցաքննվել է
«Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանն ու Լեւոն Սարգսյանը (մականունը` «Ալրաղացի Լյով»):
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին հիշյալ սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացել էր: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանը հայտարարել էր, որ սպանության հեղինակը պատգամավոր «Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ» (Տես`«Եթե չձերբակալվեն «Մսաղացի Լյովիկը» եւ նրա խումբը, կլինեն նոր հանցագործություններ» ):
Ավելի ուշ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը հայտարարեց, որ ոչ ոք, նույնիսկ Արթուր Սահակյանն իր ցուցմունքում Լեւոն Սարգսյանի անունը չի հիշատակել, ինչի պատճառով էլ վերջինս չեն հարցաքննել:
«Այնուամենայնիվ, ինչ-որ մեկի կողմից երեւի անունը հնչեցվել է, որ նախաքննությամբ անհրաժեշտություն է առաջացել լսել նաեւ Լեւոն Սարգսյանին,- պարզաբանեց Ս. Շիրինյանը: - Քանի որ էական հակասություններ կան յուրաքանչյուրի ցուցմունքներում, դրա համար ես չեմ ուզում այլ տվյալներ հրապարակել եւ նախաքննության շահերին վնասել»:
Ս. Շիրինյանի փոխանցմամբ` հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ կալանավորված են երեք անձ: Արմեն Սարգսյանին մղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Սամվել Ալիխանյանին եւ Սահակ Ազիզբեկյանին` խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել