HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռասիմ Մուսաբեկով. «Հայաստանը Ռուսաստանին տվել է ամեն ինչ, որ կարող էր տալ, եւ Մոսկվայից կախվածության չափը ծայրահեղ է»

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Հետքի» խնդրանքով մեկնաբանում է մոսկովյան Հռչակագիրը Ըստ կոնկրետ, հայտարարված արդյունքների՝ հազիվ թե այս հանդիպումը կարող է համարվել բեկումնային։ Ընդունված հայտարարությունն ունի աղքատիկ բովանդակություն եւ շրջանցում է հիմնական չհամաձայնեցված հարցերը. հայկական զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից, Լաչինը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ դրա որոշման մեխանիզմը, հաղորդակցության ուղիների բացումը, տնտեսական համագործակցության վերսկսումը եւ այլն։Հռչակագիրը ստորագրողների վրա պարտավորություններ չի դնում եւ իրավական հետեւանքներ չի ծնում։ Այնտեղ ուշադրություն է գրավում միայն ապագա համաձայնության յուրաքանչյուր փուլի վերաբերյալ կողմերի պարտավորությունների իրականացման միջազգային երաշխիքների մասին կետը։ Նշված կետը հաստատում է այն փաստը, որ քննարկվող համաձայնությունը նախատեսում է կարգավորման փուլային պլան եւ որ առաջին հերթին նախատեսվում է Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը։ Միջազգային երաշխիքներ պահանջում է հայկական կողմը, քանի որ պնդում է, թե զորքերի դուրսբերումն անդառնալի գործողություն է, մինչդեռ Ադրբեջանն ապագայում կարող է դա օգտագործել Հայաստանի եւ ԼՂ-ի վրա ուժային ճնշում գործադրելու համար կամ էլ հարաբերությունների սրման դեպքում նորից ընդհատել տրանսպորտային հաղորդակցությունը։ Հայաստանի անհանգստությունը կարելի է հասկանալ, բայց միջազգային երաշխիքները չեն կարող ոտնահարել Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները եւ բացառել Ռուսաստանի երաշխիքները՝ հայերի կողմից պահանջվող միջազգային երաշխիքների իրականացման պատրվակով։ Մնացած ամեն ինչում գլխավորը ոչ թե Սարգսյանի եւ Ալիեւի բանակցություններն են (որքան ինձ հայտնի է, դրանք տեւել են մի ժամից մի քիչ ավել), այլ այն, թե կողմերին ինչ է առաջարկել Մեդվեդեւը եւ ում վրա է ճնշում գործադրել։ Այդ առումով՝ Երեւանի համար իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ։ Հայաստանը Ռուսաստանին տվել է ամեն ինչ, որ կարող էր տալ, եւ Մոսկվայից կախվածության չափը ծայրահեղ է։ Իսկ Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից նվազագույն է, իսկ մեզ հետ կապված Մոսկվայի շահերը շատ են եւ մեծանում են։ Ադրբեջանը՝ որպես աճող եւ վճարունակ շուկա, ձգում է ոչ միայն ռուսական բիզնեսը, այլեւ ռազմաարդյունաբերական համալիրը։ ՌԴ-ին պետք են մեր էներգապաշարները, բայց էլ ավելի մեծ չափով՝ երրորդ շուկաներում էներգետիկական քաղաքականության համաձայնեցումը։ Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք տրանսպորտային եւ էներգետիկական միջանցքները նույնպես անցնում են Ադրբեջանով եւ առանց մեր մասնակցության անիրագործելի են (դրանք կարող են եւ մինչեւ այժմ շրջանցել են Հայաստանը)։ Բացի այդ, Մոսկվան (ինչպես եւ Հայաստանը) կարիք ունի բացելու Ադրբեջանով անցնող հաղորդակցության ուղիները, քանի որ Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմից հետո այդ ուղիները՝ եթե ամբողջովին փակված չեն, ապա ռազմական իմաստով դժվարամատչելի են։ Այս ամենը ստեղծում է օբյեկտիվ նախադրյալներ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության շեշտադրումները փոխելու համար։ Ինձ թվում է, որ անհիմն են նրանց հաշվարկները, ովքեր ենթադրում էին, թե Ռուսաստանը կզոհաբերի իր իրական շահերը հօգուտ հայերի չափազանցված ակնկալիքների։ Կարգավորման ընթացքը առաջ մղելը Մոսկվային պետք է նաեւ դեպի ՆԱՏՕ եւ Արեւմուտք Ադրբեջանի (Վրաստանի օրինակով) դանդաղ, բայց անշեղ շարժը կանգնեցնելու համար։ Ամփոփելով՝ ասեմ, որ եթե իմ դիտարկումներն արտացոլում են իրականությունը, ապա Մոսկվան կշարունակի ակտիվորեն գործել կարգավորման ուղղությամբ, եւ եթե նրա առաջարկները օժանդակություն գտնեն Թուրքիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, ապա կարող է խաղաղ կարգավորման ընթացքում տեղի ունենալ անհրաժեշտ բեկում, եւ իրավիճակի՝ նոր ռազմական հակամարտության վերածվելու սպառնալիքը կհանվի օրակարգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter