«Ադնակլասնիկը» դարձավ վճարովի
Այսուհետեւ «одноклассники.ru» կայքում գրանցվելու համար պետք է ուղարկել sms հաղորդագրություն, որը, ըստ «iToday.ru» կայքի, արժե 350-400 դրամ:
«одноклассники.ru» կայքի ղեկավար Նիկիտա Շերմանն ասում է, թե կայքը վճարովի դարձնելու պատճառը հիմնականում սպամն է, որի դեմ պայքարելու այլ ելք այլեւս չեն գտնում: Ամսական վճարելով 1700 դրամ` կայքի այցելուների օն-լայն լինելը կարող է անտեսանելի դառնալ մյուսների համար, 1200 դրամով կարելի է ջնջել նկարների ցածր գնահատականները: Եւս 1200 դրամով կարելի է ավելացնել նկարների քանակը: Բնականաբար, այս ամենը զայրացնում է կայքի այցելուներին: «Ես հաստատ այլեւս չեմ մտնի, քանի որ պատրաստ չեմ դրա համար վճարել: Դրա տեղը կգնամ ընկերներիս հետ սրճարան»,- ասում է Սամվել Անթանյանը:
Այցելուներից մեկն էլ` Մարինա Մարկոսյանը, ասում է, թե այս ամենը պարզապես փող աշխատելու միջոց է, քանի որ նմանատիպ սոցիալական կայքերը հաջողությամբ կարողանում են պայքարել սպամի դեմ:
Ոմանք էլ չեն հավատում, որ կայքը վճարովի է դառնալու: «Արդեն քանի ամիս է այդ նույն լուրերն են պտտվում, բոլորն էլ սուտ են, նմանատիպ կայքերը երբեք վճարովի չեն լինելու»,- ասում է Լիլիթ Ալեքսանյանը:
Իսկ կայքի այցելու Հայկ Մկրտումյանը կարծում է, որ նոր փոփոխությունները դրական կանդրադառնան կայքի վրա. «Շատ ճիշտ որոշում է: Ընտանիքիս անդամների հետ մտնելիս այդ կայքը, այլեւս չեմ անհանգստանա, որ մի անբարոյականի մերկ նկար կբացվի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել