Որոտանի ՀԷԿ-երը չեն մասնավորեցվի
«Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը «Սյունյաց երկիր» թերթի հետ զրույցում հերքել է պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որ ընկերությունը մասնավորեցվելու կամ օտարվելու է:
«Հանրապետության համար շատ մեծ է մեր համակարգի ՀԷԿ-երի տնտեսական եւ տեխնիկական արդյունավետությունը: Ավելին, նախատեսվում է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջոցներով կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունն ավարտելուց հետո դրա շահագործումը նույնպես իրականացնել «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ի միջոցով: Այնպես որ, մոտակա 10 տարիների ընթացքում Տաթեւ, Շամբ եւ Սպանդարյան ՀԷԿ-երի մասնավորեցումը կամ օտարումն իրատեսական չեմ համարում»,-ասել է Ս. Խաչատրյանը:
Ավելացնենք, որ «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ի Տաթեւ, Շամբ եւ Սպանդարյան հիդրոէլեկտրակայաններում տարեկան արտադրվում է ավելի քան 1 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60%-ն է: Ընկերության արտադրած էլեկտրաէներգիան հանրապետության բոլոր կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 20% -ն է: Ըստ տնօրենի` այստեղ արտադրվում է հանրապետությունում ամենաէժան էլեկտրաէներգիան, 1 կվտ/ժ էլէներգիայի ինքնարժեքն ընդամենը 4 դրամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել