HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի» գործի դատաքննությունը սկսվում և ավարտվում է «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումով

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Յոթի գործի» դատավարությունը: Հիշեցնենք, որ «Յոթի գործի» դատավարության շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: Դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացմամբ: Մեղադրյալների հարազատները դրսում էին մնացել դահլիճն անհայտ անձանցով արդեն զբաղված լինելու պատճառով: Դահլիճում չէին կարող տեղավորվել նաև մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանի և Մյասնիկ Մալխասյանի կանայք: Հարազատները սկսեցին դժգոհել, և աղմուկ բարձրացավ, որից հետո «անհայտ անձիք» ներկայացան, որ տուժող են և եկել են դատը լսելու: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց խաղաղեցնել դահլիճը և նստեցնել բոլոր ներկաներին: Իսկ կանգնածներին դահլիճից դուրս հրավիրեցին: Քիչ անց, երբ մոտեցանք այդ «անհայտ անձանց մոտ», նրանցից մեկը ներկայացավ ՀՀ անկախ քաղաքացի, իսկ քանի որ նիստը դռնբաց է, եկել է հետևելու ընթացքին: Հետո այդ անձանցից մեկը, որը ներկայացավ որպես բանվոր, հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն ենք ներկայացնում և որտեղ ենք տպագրելու այն լուսանկարները, որոնցում իրենք կան: Լրագրողների մուտքը եւս արգելված էր դատական նիստերի դահլիճ: Նրանց համար առանձնացված էր հեռուստացույցով սենյակ, որտեղից պետք է հետեւեին դատական նիստի ընթացքին: Սակայն լրագրողները դժգոհեցին, որ չեն կարողանում աշխատել այդ պայմաններում, քանի որ չի երևում ոչ դահլիճը, առավել ևս միաժամանակ չեն երևա բոլոր կողմերը և խոսողները, այսինքն` խոչընդոտում են լրագրողների ազատ գործելու իրավունքը: Այդուհանդերձ, լրագրողների մի մասը և տեսախցիկները մնացին երկրորդ հարկի առանձնացված սենյակում, իսկ մյուս մասը` դահլիճում: Դատավորը նիստի սկզբում ներկայացրեց անցած նիստի ընթացքում Ս. Սիրունյանի նկատմամբ սանկցիայի կիրառման հիմքերը, համաձայն որի` Սուրեն Սիրունյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել, խոչընդոտել էր նիստի բնականոն ընթացքին, և այդ պատճառով էլ հեռացվել էր դատականի նիստի դահլիճից: Պաշտպաններն ասում են, որ դա օրենքի խախտում է, և սանկցիան պիտի հիմնավորվեր հենց նախորդ նիստում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը սկսեց մեղադրյալների փաստաբաններին ուղղված պահանջով, այն է` նախօրոք ցուցակագրել մեղադրյալների հարազատներին, ներկայացնել այն դատարան նիստից առաջ, որպեսզի այդ ցուցակով դահլիճ թողնեն նրանց: Իսկ նիստը 40 րոպե ուշ սկսելու պատճառը, ըստ դատավորի, Գրիգոր Ոսկերչյանի առողջական խնդիրներն են եղել, և նրան ուշ են ներկայացրել դատարան: Դատավորի պատճառաբանությունը ծիծաղ և ծափահարություն առաջացրեց մեղադրյալների մոտ, որից հետո դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց և հեռացավ: Ընդմիջումից անմիջապես հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ և մեկ այլ սանկցիա հրապարակեց. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով, ղեկավարվելով Քր. դատ. օրենսգրքի 42, 314 հոդվածներով դատավորը որոշեց ամբաստանյալներ Ալ. Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին եւ Շանթ Հարությունյանին հեռացնել դատական նիստերի դահլիճից, դատական նիստը հետաձգել մինչև 2008թ. հոկտեմբերի 27-ը»: Ի դեպ, դատավորը այնքան էր շտապում հեռանալ դահլիճից, որ «դեկտեմբերի 27-ը» կարդաց «հոկտեմբերի 27»: Դատավորի սանկցիան պայմանավորված էր նրանով, որ երբ դատավորը ներս մտավ, մեղադրյալները ոտքի չկանգնեցին: «Մեր պաշտպանյալները արդար են, քրեական հետապնդումներ են կատարվում նրանց նկատմամբ, նրանք էլ չեն հարգում այս դատարանները, քանի որ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դատավարությունները կրկես են եղել, և նրանք իրենց անհարգալից դիրքորոշումն են դրսևորում դատական իշխանության նկատմամբ և ոտքի չեն կանգնում: Ինչու՞, նախորդ դատական նիստում դա չէր նկատել, չէր տեսել դատավորը»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: Նիստից հետո Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողներին պարզաբանեց, որ նիստի ուշ սկսելու պատճառն այն էր, որ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում քրեական պատիժների իրականացնող վարչություն հատուկ նշանակության աշխատակիցները ստուգել են Գ. Ոսկերչյանի խուցը, բոլորին դուրս են հանել խցից, հարցրել են, թե որ հոդվածով է մեղադրվում, իմացել են, որ Գ. Ոսկերչյանը «Յոթի» գործով է մեղադրվում, ղեկավարի կողմից անմիջապես հարվածներ են հասցվել Գ. Ոսկերչյանի դեմքին, և ականջն են վնասել: Փաստաբանի խոսքերով, Գ. Ոսկերչյանը չգիտի իրեն հարվածողի անունները, բայց դեմքով կճանաչի: Գ. Ոսկերչյանի խցից ոչ մի բան չեն գտել: Դեպքին ականատես են եղել մյուս յոթ աշխատակիցները, մեկուսարանի հերթապահը, լսել են նաև հարևան խցի բանտարկյալները: «Դատարանի կողմից չարձանագրվեց այն փաստը, որ այսօր կատարվել է հանցագործություն, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն ենք պատրաստելու գլխավոր դատախազություն: Դատավորը հստակ գիտեր, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, դատավորը փորձեց շրջանցել այդ դեպքը և թաքցրերց փաստը»,-ասաց Ստեփան Ոսկանյանը: «Մինչև Դուք ձեր միջնորդություններն անենք այդ մարդկանցից էլ բան չի մնա»,-հուզված ասաց Գրիգոր Ոսկերչյանի կինը: «Խնդիրն այն է, որ այսօր բոլորս ականատես եղանք, թե ինչպես ուժեղացված ծառայություն է սկսվել, բնականաբար դատարանի դահլիճում քաղաքացիական համազգեստ հագած ոստիկանները նստել էին, և դահլիճի մեկ երրորդ մասն էին զբաղեցնում, մեկը մյուսի հետևից պրովակացիաներ էին կազմում: Դա այլևս թույլ է տալիս ենթադրություն անելու, որ տեղի է ունենում հերթական պրովակացիան»,-դատական նիստի ավարտից հետո ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: Ըստ պաշտպանի` նախորդ դատական նիստերը պատշաճ էին անցել, որը նստվածք էր առաջացրել դատական իշխանությունների շրջանում, որ եթե այպիսի դատաքննություն ընթանար, զավեշտ էր տեղի ունենալու, և հերքվելու էին բոլոր ապացույցները: Հովիկ Արսենյանը համոզված է, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ անելու են հետագա նիստերը դռնփակ անցկացնելու համար: «Յոթի» պաշտպանները վաղը մտադիր են ասուլիս հրավիրել և մանրամասներով ներկայացնել գործի ընթացքը: Քրիստինե Աղալարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter