Էդուարդ Շարմազանով. «Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը շատ մշուշոտ է»:
ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի խմբի առաջարկը` զրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը անբարենպաստ է համարում:
Այս մասին նա ասաց այսօր Հայելի ակումբում: Է. Շարմազանովը, սակայն, չի հուսահատվում, քանի որ ԵԽԽՎ պրակտիկայում երեք դեպք է հիշում նման առաջարկի, որոնք չեն կատարվել. «Եթե այդ երեք դեպքերի իավիճակները համամատենք Հայաստանի հետ, ապա Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը շատ մշուշոտ է»:
Մամուլի խոսնակը փաստ է համարում այն աշխատանքը, որ կատարել են ՀՀ իշխանությունները բանաձեւերի կատարման գործում. «Կարծում եմ, որ երկակի ստանդարտներ են կիրառվում: Եթե մեր եվրոպացի գործընկերներն ուզում են Հայաստանը տեսնել ավելի ժողովրդավար, ապա համոզված եմ, որ սանկցիաների կիրառումը լավագույն լուծումը չէ»:
Պատգամավորը գտնում է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն եւ հուսով է, որ հունվարին եվրոպացի գործընկերների այցը Հայաստան, թույլ կտա նրանց փոխել իրենց կարծիքը, երբ նրանք տեսնեն լուրջ աշխատանքի արդյունքներ: Իսկ ինչ են պատրաստվում ՀՀ իշխանությունները ներկայացնել եվրոպացի գործընկերներին. « 7-ի գործի արդարացի դատավարությունը, ինչից շատ բան է կախված»,-պատասխանում է Է. Շարմազանովը եւ ավելացնում, որ համաներման մասին, ըստ իրեն, խոսելը հիմնավորված չէ. «Քանի որ մինչեւ դատական վճիռների կայացումը, համաներումը կհանգեցնի թուլացման վիճակի: Սա կարող է նախադեպ դառնալ, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ցանկացած քաղաքական ուժ գնա բախումների»:
Է. Շարմազանովի համար մտավախության առիթ է 2009թ Երեւանի քաղաքապետի ընտրությունները. «Որեւէ մեկը ապահովագրված չէ, որ պարտվող կողմը չգնա բախման ճանապարհով»: Իսկ նման բախումներից խուսափելու համար Շարմազանովը առաջարկում է թե ընդդիմությանը, թե իշխանությանն ունենալ պետական մոտեցումներ. «Պետք է մտածեն, որ մենք անկախ Հայաստանի քաղաքացիներ ենք, այն երջանիկ սերունդն ենք, որը պարտավոր է հաջորդ սերունդների առջեւ»:
Է. Շարմազանովը «լուսնից չի իջել, որ ասի, թե Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան», բայց նա գտնում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում այդ խնդիրները ոչ թե սառեցվել են, այլ պակասացվել են: Մամուլի խոսնակը կիսում է նախագահի այն տեսակետը, թե Հայաստանում չպետք է լինեն քաղաքական հայացքների համար դատապարտյալներ: Իսկ իշխանության սխալները չի ժխտում, բայց արդարացնում է. «Այն իշխանությունները, որոնք չեն սխալվում, նշանակում է ոչինչ չեն անում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել