«Յոթի գործով» դատավարությունը դարձյալ ընդմիջվեց
Մեկժամյա ընդմիջումից հետո Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը` պատճառաբանելով, որ պաշտպանի ներկայացրած հիմքերը անհիմն են:
«Միջնորդությունը ներկայացվեց, դատախազը մերժման տեքստ հրապարակեց, Դուք վերցրիք այդ տեքստը, հրապարակեցիք որպես վճիռ»,-նկատեց Ալեքսանդր Արզումանյանը: Այնուհետև միջնորդությամբ հանդես եկավ վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու վերբերյալ, քանի որ մոտ 12 ամիս է` «նա ապօրինի ձերբակալված է»:
«Գործով ամբաստանյալ Ա. Արզումանյանի վերաբերյալ խափանման միջոցը կիրառվել է` հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա նկատմամբ իրավացիորեն ընտրվել է օրինական խափանման միջոց»,- նշեց դատավորը:
Դատավոր Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում մի քանի անգամ Արզումանյանին ամբաստանյալ կոչեց, որի պատճառով վերջինս պահանջեց իրեն այլևս նման կերպ չկոչել և դիմել պրն Արզումանյանով:
Լիպարիտ Սիմոնյանն իր միջնորդությունում նաև նշեց, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Կորյուն Փիլոյանի կողմից անհիմն, քանի որ նրա` որպես գլխավոր մեղադրող լինելու մասին որևէ որոշում գործում չկա: Երկու ամիս պաշտպանական կողմը չի իմացել, թե ում պետք է դիմի և բողոքներ ներկայացնի: Դատավորը պարզաբանեց, որ դատախազը հանդես է գալիս որպես գլխավոր մեղադրող ավելի ուշ կցված հրամանի հիման վրա, որը, սակայն, դարձյալ գործում չի եղել:
«Պաշտպանական կողմը գործում պետք է ներգրավվի պատշաճ կերպով: Նախաքննության ընթացքում արդեն իսկ խախտվել է կողմերի հավասար մրցակցության սկզբունքը, և պաշտպանական կողմին չեն ներկայացվել նյութեր, որպեսզի վերջինս իրավունք ունենա իրականացնել իր պաշտպանական իրավունքը»,- հայտարարեց փաստաբան Ամալյա Առուստամյանը:
«Բոլոր փաստաթղթերը չեն, որ դատավարական են և պետք է լինեն դատավարական փաստաթղթերում: Կան փաստաթղթեր, որ մեղադրողի վարույթի փաստաթղթեր են: Իմ լիազորությունները սահմանվել են գլխավոր դատախազի հրամանով` նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնելու և դատարանում մեղադրանքը պաշտպանելու»,- մեկնաբանեց գլխավոր մեղադրողը:
«Ես ուզում եմ, որ Դուք ձեր հրահանգողներից ճշտեք, թե ինչպիսի՞ հրահանգ կատարեք, հետո գաք այստեղ հայտարարություն անելու»,- դատավորին դիմեց նախկին արտգործնախարար Արզումանյանը եւ առաջարկեց «հավաքել բոլոր միջնորդությունները, քննարկել դրանք «հրահանգողների» հետ, հետո գալ եւ հրապարակել արդյուքնենրը»:
«Երեկ հենց ԵԽԽՎ-ի վեհաժողովը հայտարարեց, որ սա քաղաքական հետապնդում է, և այս մարդիկ քաղբանտարկյալ են: Եթե եվրոպասեր ես, ընդունեք այդ բանաձեւը եւ անհապաղ մեզ ազատ արձակեք»,- գլխավոր մեղադրող Փիլոյանին ասաց Ալեքսանդր Արզումանյը:
Դատավոր Մարտիրոսյանը հայտարարեց երկժամյա ընդմիջում` խորհդակցական սենյակում միջնորդությունները քննարկելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել