HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանին մերժել են ՀՀ քաղաքացիություն շնորհել

«Հայոց իրավունքները անարգողները արդեն իսկ ամենապատվավոր տեղն են զբաղեցնում հայոց պատմության աղբարկղում»,- ասում է Սամվել Հարությունյանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ և Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սամվել Հարությունյանը այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ արձանագրել են ևս մեկ ապօրինություն հայաստանյան իշխանությունների կողմից` ազգային նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ. հերթական անգամ նախագահը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը: Ժիրայր Սեֆիլյանը արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումով: Ներկայացնելով Սեֆիլյանի կենսագրությունը` Սամվել Հարությունյանը նշեց, որ 1990 թ.-ից Ժ. Սեֆիլյանը տեղափոխվել է Հայաստան, ակտիվ մասնակցել հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործին` Արցախյան պատերազմին, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ. եղել է ջոկատի, վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար, պաշտպանական շրջանի փոխհրամանատար: Դեռևս 1990թ.-ին մի խումբ դաշնակցական մարտիկների հետ դիմել է սկզբից Ղարաբաղի, հետո Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Ծառայել է հայոց բանակում` օգտվելով կեցության կարգավիճակից, որը Հայաստանի ՊՆ-ի միջնորդությամբ նորացվում էր մինչև 2002թ.-ի վերջերը: 2003թ.-ի սկզբին, երբ արդեն ՀՀ իշխանությունները ժամանակ առ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանից պահանջում էին թողնել ՀՀ տարածքը, Ժիրայր Սեֆիլյանը պաշտոնապես դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Մեկ տարի անց դիմումը մերժվել է: Օրենքի պահանջով` մեկ տարի անց` 2005թ.-ին կրկին դիմել է նույն խնդրանքով: 2006 թ. մեկ անգամ էլ մերժել են դիմումը, որից հետո նրան ձերբակալել են: Բանտից դուրս գալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է նույն պահանջով, որը, սակայն, նոյեմբերի 18-ին նույնպես մերժվել է` այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Այս վերաբերմունքը ոչ միայն ճչացող ապօրինություն է, անարդարություն, այլ բացահայտ կամայականություն հայ մարդու, առավել ևս ազգային նվիրյալի նկատմամբ: Այս վերաբերմունքը դատապարտել ու շարունակելու ենք դատապարտել»,- ասաց Սամվել Հարությունյանը: Մերժման հիմքերը ոչ մի անգամ չեն նշվել, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցման արդյունքում պարզվել է, որ մերժումը հիմնավորված է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով, համաձայն որի` «ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքների և ազատություններին, պատվին և բարի համբավին»: «Եթե Ժիրայր Սեֆիլյանը վնաս է հասցնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին և այլն, ինչ եք կարծում, որտեղ կլիներ նա հիմա»,- հարցնում է ՀԿՀ համակարգող խորհրդի անդամ Հայկ Նահապետյանը և պատասխանում` բանտում: «Իսկ «այլոց իրավունքներն ու ազատությունները» միգուցե հենց իրենց իրավունքներն ու ազատություններն են` ապօրինությունները, երկրի բարձիթողի վիճակը, միգուցե դրանց է սպառնում Ժ. Սեֆիլյանը,-շարունկում է Հայկ Նահապետյանը,- սա իշխանությունների և բուրգի գագաթին գտնվող, չարությամբ լցված անձի որոշում է, անգամ եթե Ժ. Սեֆիլյանի հետ անձնական խնդիրներ են եղել, ապա ՀՀ նախագահը բոլոր հայերի նախագահն է, կարող էր ավելի մեծահոգի լինել և շնորհել քաղաքացիությունը, և միգուցե այդ դեպքում հասարակական պառակտվածության և նմանատիպ հարցերը կարելի էր նման կերպ լուծել»: ՀԿՀ համակարգող խորհրդի անդամ Արարատ Ծատուրյանն էլ կարծում է, որ այս հարցը վերաբերում է ոչ միայն Ժ. Սեֆիլյանին, այլ ողջ հասարակությանը և հայությանը: «Ինձ համար տարօրինակ է, երբ ես լսում եմ, որ մի ինչ-որ սևամորթ սպորտսմեն պարզեցված կարգով ստանում է ՀՀ քաղաքացիություն, իսկ Ժ. Սեֆիլյանի նման հերոսը մերժվում է»,- զարմանում է Արարատ Ծատուրյանը և շարունակում, որ նույն Ժիրայր Սեֆիլյանին բազմաթիվ պարգեւներ, կոչումներ են շնորհել, իսկ քաղաքացիություն չեն շնորհում այն դեպքում, երբ օրենքի մյուս կետով նշվում է, որ ծանրակշիռ ներդրումներ ունենալու դեպքում քաղաքացիություն շնորհվում է առանց նախապայմանների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter