«7-ի գործ»-ը` լակմուսի թուղթ
«Երբ մենք այցելում ենք քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում ենք «7-ի գործ»-ի կողմերի հետ, նրանց ճնշող մեծամասնությունը իրեն մեղավոր չի համարում, այլ համարում է, որ սա քաղաքական պրոցես է»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա ասում է, թե մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ նրանք քրեական հանցագործներ են. «Քանի որ մարդը պարտավոր չէ ապացուցել, որ ինքը անմեղ է, ուրեմն եկեք գնանք դատարան եւ տեսնենք, թե ինչպես են ապացուցելու»:
«7-ի գործն» արդեն դատարանում է, բայց մինչ այն դատարան ուղարկելը` ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խորհուրդ էր տվել այդպիսի տեսքով գործը դատարան չուղարկել, իսկ Արմեն Հարությունյանն առաջարկում է սպասել դատին. «Ես գործին չեմ ծանոթացել, եկեք սպասենք դատին եզրակացություններ անելու համար»:
Արմեն Հարությունյանը նշում է, թե գործը յուրօրինակ «լակմուսի թուղթ» է, քանի որ երկու կողմերն էլ մարտի 1-ի գործով ամբողջ ուժերը կենտրոնացրել են այդ գործի վրա. «Սա կենտրոնական գործ է դառնում, առաջանում է կազմակերպիչների խնդիրը, այսինքն` այս գործով ամեն ինչ ի հայտ է գալու, ես չեմ պատրաստվում հույս դնել, թե դատավորը ինչ է անելու, ես ցանկանում եմ համակարգված փաստարկների հիման վրա կարծիք հայտնել»:
Օմբուդսմենը ասուլիսի ժամանակ զերծ մնաց բոլոր տեսակի եզրակացություններ կատարելուց, քանի որ, ըստ նրա, օմբուդսմենի կանխավ կարծիքը կարող է դիտարկվել դատարանի անկախության նկատմամբ ոտնձգություն, նաեւ` զուգահեռ պրոցես տանելու փորձ: Իսկ լրագրողները խնդրեցին օմբուդսմենին տրամաբանել, թե հնարավոր է 9 օրում 42 հատոր գործ ուսումնասիրել, ինչը դատավորները արեցին այս գործի մասով. «Կարող է տաղանդավոր մարդ է եւ կարող է 9 օրվա մեջ ծանոթանալ մի բանի հետ, ինչը ես 90 օրում անել չեմ կարող»:
Ա. Հարությունյանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանը շատ հեռու է այն վիճակից, որը կոչվում է իրավական պետություն. «Եթե միշտ պրոբլեմ ունի այն լրագրողը, որը իշխանամետ չի կամ այն բիզնեսմենը, որը իշխանամետ չի, սա ցույց է տալիս, որ մենք հեռու ենք իրավական պետություն կոչվելուց»:
Ըստ Օմբուդսմենի` դատավորները այնքան են ուզում ապացուցել անձի մեղավորությունը, որ չեն էլ հասկանում, թե ինչքան են անցնում սահմանը. «Ինչպես է հնարավոր հայտարարել, թե այսինչ անունով քաղաքացու գրանցված սեփականության նկատմամբ կալանք դրեք, որովհետեւ դրա փաստացի սեփականատերը Մյասնիկ Մալխասյանն է, սա ինչ ապացուցողական բազա է, չեմ հասկանում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել