HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հուշագիր ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների միջեւ

Այսօր Ստեփանակերտում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հանդիսավոր պայմաններում ստորագրել են Համաձայնագիր-Հուշագիր, որի դրույթների հիման վրա այսուհետեւ երկու հայկական հանրապետությունների դատախազությունները պետք է համագործակցեն հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման եւ քննության ուղղությամբ: ԼՂՀ Դատախազության մամուլի ծառայության գնահատմամբ՝ Համաձայնագրի մի յուրահատկությունն այն է, որ բացի փոխադարձ իրավական օգնություններից, ՀՀ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստանձնում ԼՂՀ Գլխավոր դատախազությանը այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ աջակցություններ ստանալու հարցում, ինչը ԼՂՀ միջազգային չճանաչվածության պարագայում առանձնակի նշանակություն ունի: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կարեւորելով համաձայնագրի նշանակությունը, նշել է, որ առ այսօր ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությունը կայացել է այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք գոյություն ունեն միջազգային չափանիշներով համընդունված փաստաթղթերում: Այս նկատառմամբ ՀՀ գլխավոր դատախազը արժեւորել է համաձայնագիրը՝ շեշտելով, որ դա ոչ միայն երկու երկրների դատախազությունների, այլեւ ՀՀ եւ ԼՂՀ իրավապահ ոլորտի համալիր փոխգործակցությունը կարգավորող փաստաթուղթ է: Իր հերթին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի ստորագրմամբ համագործակցության նոր փուլ է բացվում, որի կարիքը ԼՂՀ դատախազությունն առավելապես ունի: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Գլխավոր դատախազին համաձայնագրի ստեղծման գաղափարին ընդառաջելու եւ գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Համաձայնագրի ստորագրումից հետո Աղվան Հովսեփյանը ՀՀդատախազության պատվավոր աշխատողի կրծքանշան է հանձնել ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին եւ նրա տեղակալ Վալերի Մեսրոպյանին: Ինչպես նշել է ՀՀ գլխավոր դատախազը, մինչ այդ Հայաստանից դուրս ընդամենը 3 հոգի են արժանացել այդ կրծքանշանին: ԼՂՀ գլխավոր դատախազը, «գնահատելով Աղվան Հովսեփյանի անուրանալի ծառայություններն Արցախին, հատկապես իրավապահ ոլորտում», նրան է հանձնել Ղարաբաղի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» հանրահայտ կոթողի արծաթաձույլ մանրակերտը: Այնուհետու ՀՀ գլխավոր դատախազը արցախցի իր գործընկերներին համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքները, պարզաբանել դրանց կիրառական նշանակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter