Հայ եւ թուրք կինոգործիչները որոշել են համագործակցել
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ եւ հրավերով այս օրերին Հայաստանում են գտնվում տասը թուրք երիտասարդ կինոգործիչներ` հայ-թուրքական երկրորդ սեմինարին մասնակցելու նպատակով: Այսօր մասնակիցները հանդիպեցին նաեւ լրագրողների հետ:
Սեմինարի գլխավոր խնդիրը հայ եւ թուրք ռեժիսորների եւ պրոդյուսերների համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների ուսումնասիրումն է: Սեմինարը նպատակ ունի «կինոյի լեզվով» աջակցել հայ եւ թուրք կինոգործիչների համագործակցությանը, խթանել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքացիական եւ մշակութային երկխոսությունը:
«Անադոլու Քյուլթուր» ասոցիացիայի ծրագրերի համակարգող Չիգդեմ Մաթերի խոսքերով կինոն իրոք մեծ միավորող ուժ ունի եւ նույնիսկ կարճամետրաժ ֆիլմը կարող է կարեւոր դեր ունենալ այդ հարցում: «Մենք նույն տարածաշրջանից ենք եւ սահմանների կարիք չունենք: Մեզ բաժանող միակ սահմանը Արփա գետն է: Մենք ցանկանում ենք, որ Մետաքսի ճանապարհի կամուրջը վերականգնվի եւ մենք կարողանանք անցնել գետի մյուս կողմը»,- նշեց Չ. Մաթերը:
Մաթերի խոսքերով «Անադոլու Քյուլթուրը» ցանկանում է իր լուման ներդնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Ասոցիացիան ստեղծվել է 2002թ. եւ նվիրված է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությանը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը եւ «Անադոլու Քյուլթուրը» համագործակցում են 2006թ-ից:
Կինոռեժիսոր Էզել Ակայի կարծիքով կինոն մեծ դեր ունի տարբեր մշակույթների ծանոթացման գործում: Ըստ նրա` եթե հաջողվի ստեղծել հայ-թուրքական համատեղ ֆիլմ, այն լայն տարածում կունենա Թուրքիայում: Սակայն Ակայը գտնում է, որ Հայաստանում այն նույնքան տարածում չի ստանա, կմնա միայն ինտելեկտուալ շրջանակներում, քանի որ Հայաստանում կինոսրահներ քիչ կան:
Ինչպես տեղեկացրեց «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, բոլորովին վերջերս Երեւանում իրանցի հայտնի կինոռեժիսոր Աբբաս Քյառոսթամիի անցկացրած սեմինար-պարապմունքի շրջանակներում մի թուրք երիտասարդ կինոռեժիսոր նկարահանել է 10 րոպե տեւողությամբ ֆիլմ: Սա, փաստորեն, առաջին հայ-թուրքական համատեղ աշխատանքն է:
Թուրք մասնակիցները տեղեկացրին, որ հայ-թուրքական համատեղ ֆիլմի համար հրաշալի գաղափար կա` էկրանավորել Ֆեթիյե Չեթինի «Մեծ մայրը» ստեղծագործությունը: Սակայն գաղափարը դեռեւս տեսական քննարկումների փուլում է եւ դանդաղ է իրականանում:
Սեմինարի մասնակիցները վաղը կմեկնեն Ծաղկաձոր` այնտեղ շարունակելու համատեղ քննարկումներն ու կինոդիտումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել