«Ժառանգության» պատգամավորները Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ պատգամավոր Անահիտ Բախշյանը հանդիպեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորներ Արմեն Խուրշուդյանի և Գևորգ Մանուկյանի հետ: Վերջիններս 2008թ. դեկտեմբերի 23–ին մեկուսարանում իրենց նկատմամբ կիրառված բռնության փաստի կապակցությամբ կատարվող ծառայողական քննության վերաբերյալ հայտնեցին հետևյալը. Արմեն Խուրշուդյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել բռնություն, սակայն չի բողոքում, իսկ Գևորգ Մանուկյանը հայտնեց իր դժգոհությունը ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունից, ըստ որի նա հերքել է իր նկատմամբ տեղի ունեցած բռնության փաստը: Նա նշեց, որ իր հանդեպ ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, բայց ինքը կսպասի իր փաստաբանի վերադարձին և նրա հետ խորհրդակցելուց հետո կպատասխանի ծառայողական քննություն իրականացնող մարմնի հարցերին: Գևորգ Մանուկյանը հայտնեց նաև, որ շարունակում է հացադուլը և ունի առողջության հետ կապված խնդիրներ, մասնավորապես` շարունակական գլխացավ և աջ աչքի տեսողության խնդիր:
Մեկուսարան նախկին այցելուների կողմից նույնպես արձանագրվել են բռնության և անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Հետևաբար` բողոքելուց հրաժարվելու նման դրսևորումները վկայում են, որ կալանավորների հանդեպ ճնշումները և բռնություններն այլ ձևերով շարունակվում են ցայսօր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել