HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերի Ղազարյանը` "Հայաստան" հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Արցախում էին գտնվում "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը, որոնք հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի հետ: Հանդիպման հիմնական թեման Ստեփանակերտում հիմնադրամի գրասենյակի բացումն էր: Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, գրասենյակը կղեկավարի Վալերի Ղազարյանը: Վալերի Ղազարյանը մասնագիտությամբ շինարար է: Նախկինում եղել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ: Այնուհետեւ աշխատել է քաղաքաշինության նախարարության տարբեր բաժիններում, իսկ մինչեւ վերջերս շինարարությամբ է զբաղվել` ղեկավարելով "Ալֆա Լիդեր" շինարարական ընկերությունը: Վալերի Ղազարյանը Հետքի հետ զրույցում նշեց, որ գրասենյակի համար սենյակներ են տրամադրվել, եւ որոշ կազմակերպչական հարցեր մոտակա օրերին կլուծվեն, իսկ գրասենյակը կբացվի մեկ ամսվա ընթացքում: Այն հարցին, թե նախնական փուլում գրասենյակը քանի աշխատող է ունենալու, Վ. Ղազարյանը տեղեկացրեց, որ իրենից բացի կաշխատեն քարտուղարն ու վարորդը: Գրասենյակի ղեկավարի առաջիկա անելիքներն ուղղված կլինեն հիմնադրամի կատարած եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ուսումնասիրությանը: Տեղեկացնենք, որ ներկայումս հիմնադրամի ծրագրերից ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Մարտունու շրջանի Սպիտակաշեն եւ Ստեփանակերտի թիվ 11 դպրոցների շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ Բերդաշենի ջրատարի կառուցումը: Աշխատանքներ են նախատեսվում նաեւ Հադրութի եւ Մարտակերտի մեքենատրակտորային կայանների վերազինման ուղղությամբ: Ինչպես Ստեփանակերտում նշեցին հիմնադրամի ղեկավարները, Ղարաբաղում գործող կառույցը կնպաստի շինարարության աշխատանքների եւ որակի վերահսկման ամրապնդմանը, ինչպես նաեւ միջոցների խնայողությանը եւ ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter