HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չկա

Հարցազրույց լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլիի հետ

Ադրբեջանն ունի՞ սեփական ռազմական դոկտրին։ Ո՞րն է նրա նշանակությունը։

Ադրբեջանի ռազմական դոկտրինն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից 2010 թվականին։ Ի տարբերություն 2006 թ. ընդունված Ազգային անվտանգության հայեցակարգի, այս փաստաթուղթն արտացոլում է բավական հավասարակշռված, բայց անորոշ ռազմավարություն։ 2008 թ. օգոստոսյան իրադարձություններից (Ռուսաստանի ռազմական ներխուժումը Վրաստան) հետո Միլլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինի նախագիծը պետք է կատարելագործվի, լինի բազմակողմանի եւ հավասարակշռված:

Եթե Ազգային անվտանգության դոկտրինում նշվում էր, որ Ադրբեջանի հանրապետության ռազմավարական նպատակը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրումն է  քաղաքականության, անվտանգության, տնտեսության եւ այլ տիրույթներում, եւ ընդգծվում էր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձգտումը, ապա Ռազմական դոկտրինում այդ գաղափարներն աղոտ են։

Ասենք, Ռազմական դոկտրինում արդեն արտացոլված չէ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը եվրատլանտյան տարածքում անկայունության, հակամարտությունների, մարտահրավերների եւ սպառնալիքների վերացման համար։

Ո՞վ է Ադրբեջանի ռազմական-ռազմավարական գործընկերը, եւ որքանո՞վ կարող է մեր երկիրը հույս դնել իր գործընկերոջ աջակցության վրա։

Ադրբեջանի իրական ռազմական-ռազմավարական գործընկերը Թուրքիան է։ Բայց այդ երկրի հետ Ադրբեջանը չունի ռազմական-ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ 2010 թ. օգոստոսի 16-ին երկու երկրների նախագահները Բաքվում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին համաձայնագիր։

Փաստաթուղթը ներառում է ռազմաքաղաքական հարցեր, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն, անվտանգության հարցեր, տնտեսական եւ հումանիտար հարցեր։ Սեփական անվտանգության երաշխիքը Ադրբեջանը տեսնում է եվրատլանտյան ինտեգրման, Թուրքիայի հետ համագործակցության մեջ։ Փաստաթուղթն Ադրբեջանին հիմք է տալիս ակնկալել ավելի ընդարձակ եւ օպերատիվ աջակցություն։ Այստեղ խոսվում է նաեւ սպառազինության ոլորտում օգնության մասին։

Ըստ ռազմական դոկտրրնի` Ադրբեջանի տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա ռազմաբազաներ։ Այս տեսանկյունից` Ադրբեջանում (հատկապես Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում) Թուրքիայի ներկայության հեռանկարները բավական իրական են։ Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ապա Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի առկայությունը բավական տրամաբանական է դիտվում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ադրբեջանը որքանո՞վ կարող է հույս դնել իր գործընկերոջ օգնության վրա, ապա Թուրքիայի հետ վերոհիշյալ համաձայնությունը, ըստ փորձագետների մեծամասնության, չի նախատեսում այդ երկրի կողմից ռազմական օժանդակություն։ Սակյան Թուրքիան շարունակում է սատարել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, աջակցում է բանակցային գործընթացին։

Միեւույն ժամանակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված փաստաթուղթը բարձրացնում է Թուրքիայի պատասխանատվությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանության հարցում։ Եթե նախկինում, համաձայն Կարսի պայմանագրի, Թուրքիան պատասխանատու էր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության անվտանգության համար, ապա այժմ այդ պատասխանատվությունը վերաբերում է Ադրբեջանի ողջ տարածքին։

Որքանո՞վ է ռազմական բլոկներին Ադրբեջանի մասնակցել-չմասնակցելը ազդում ռազմական ոլորտում երկրի քաղաքականության վրա։

Ադրբեջանի կողմից 1994 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ստորագրումը բազմաթիվ բարեփոխումների պատճառ դարձավ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ 1997 թվականին երկրի ռազմական բուհերն անցան ՆԱՏՕ-ի համակարգին, իսկ 2001 թվականին այդ բուհերի շրջանավարտները ստացան ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող դիպլոմներ։

2005 թվականին Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստորագրվեց «Անհատական գործընկերության օպերատիվ պլանը» (IPAP): Այս փաստաթղթի շրջանակում անցկացվեցին անձնակազմային-կառուցվածքային փոփոխություններ, որոնք, ցավոք, դեռ չեն ավարտվել։ Ներկայումս կողմերը համաձայնեցնում են IPAP-ի երրորդ փուլը։

Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կարող էր նպաստել ԱՀ Զինված ուժերի կատարելագործման աշխատանքների արագացմանը։ Ցավոք, Վրաստանում 2008 թ. օգոստոսյան իրադարձություններից հետո, ՆԱՏՕ-ի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը փոխվեց, դարձավ ավելի սառը։ 2011 թ. մայիսի 25-ին Ադրբեջանի միացումը Չմիացման շարժմանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների օգտին չէր։ Ինձ թվում է, թե այդ կառույցի կազմում Ադրբեջանի անցկացրած յուրաքանչյուր օրը վնաս է հասցնում մեր երկրի հնարավորություններին, ուժին եւ հեռանկարին։

Ի՞նչ միջազգային կազմակերպություններ եւ ըստ ի՞նչ համաձայնագրերի են իրականացնում վերահսկողություն Ադրբեջանի սպառազինության եւ ռազմական գործունեության նկատմամբ։ Ի՞նչ նպատակով է դա կատարվում։

Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության փաստաթղթերը հիմնականում նախատեսում են բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ներդրում։ Այժմ իրականացվում են «Գործընկերության օպերատիվ պլան պաշտպանական ինստիտուտների ձեւավորման նպատակով» փաստաթղթի մշակման աշխատանքները (PAP-DIB)։ Այդ փաստաթուղթը հաստատում է պաշտպանության ոլորտում ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերոհիշյալ «Անհատական գործընկերության օպերատիվ պլան» փաստաթուղթը եւս նախատեսում է բանակի նկատմամբ վերահսկողություն։

Բայց ներկա պահին ադրբեջանական բանակում որեւէ միջազգային կազմակերպության կողմից իրական վերահսկողություն չի իրականացվում։ Սեփական օժանդակությունը եւ օգնությունն են առաջարկում այնպիսի կառույցներ, ինչպես ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրոպայի ռազմական ընկերակցությունների կազմակերպությունը (EUROMIL), Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության Ժնեւի կենտրոնը (DCAF)։ Նրանք բոլորն էլ առաջարկում են օգնություն բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կազմակերպման գործում։ Բայց առայժմ Ադրբեջանն այդպիսի կոնկրետ օգնություն չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter