
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը այսօր Դե ֆակտո ակումբում ասել է, թե Հայաստանի դիրքերի կարուստը ԵԽ-ում կարող է հանգեցնել հեղինակության կորստի նաև այլ միջազգային կազմակերպություններում, քանի որ «միջազգային բոլոր կառույցները կապված են միմյանց հետ, և դիրքերի կորուստը դրանցից մեկում կարող է նշանակել կորուստ նաև մյուսներում: Եթե հայկական պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում, ապա միջազգային ֆինանսական կառույցները, հնարավոր է, դադարեցնեն աջակցություն ցուցաբերել մեզ»:
Ա. Մարտիրոսյանը գտնում է, որ ԵԽ-ում անդամակցությունը Հայաստանի անվտանգության ամրապնդման խնդիրն է լուծում.«Քաղաքականապես մեկուսացված պետությունը չի կարող դիմակայել արտաքին մարտահրավերներին»։ Խմբակցության նախագահը գտնում է, որ պետք է իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն, եւ անհիմն է համարում, երբ քաղաքական գործիչները Հայաստանը համեմատում են Ռուսաստանի հետ. «Հայաստանն իր աղքատ բնական պաշարներով և Լեռնային Ղարաբաղի խնդրով չի կարող թույլ տալ իրեն անտեսել միջազգային կառույցների գնահատականները»:
Բանախոսը խորհուրդ է տալիս իշխանություններին դեպքերի նման զարգացումը կանխելու համար դուրս գալ սեփական շահերի շրջանակներից. «Իշխանությունները պետք է կարողանան վեր կանգնել իրենց նեղ անձնական շահերից ու կատարել քայլեր, որոնք որակական փոփոխություն կբերեն»:
Ըստ խմբակցության նախագահի` ԵԽԽՎ երկու բանաձևերն էլ մեծամասամբ կատարված չեն, այլ միայն որոշակիորեն կատարված է մարտի 1-ի դեպքերն անաչառ ուսումնասիրելուն ուղղված քայլը. «Ստեղծվել է Փաստահավաք խումբ, ինչը ապահովում է անաչառության նվազագույն շեմը»։
Սակայն, ըստ նրա, քաղբանտարկյալների հարցը եղել և մնում է. «10 անմեղ զոհերի սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ որևէ քայլ չի արվել, որևէ մեկը դրա համար չի ձերբակալվել, երբ հայտնի է, բազմակարծության և ազատ լրատվամիջոցներ ունենալու ուղղությամբ տեղաշարժ չկան, հետաձգվել է հաճախությունների տրամադրման մրցույթը մինչեւ 2010թ»։ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ ելքը ձերբակալվածներին ազատ արձակելն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել