«7-ի գործով» պաշտպանները պահանջում են
Մինչ օրս 7-ի գործով տեղի ունեցած (տեղի չունեցած) դատական նիստերը մեզ հիմք են տալիս հանդես գալ սույն հայտարարությամբ` հրապարակային եւ արդարացի դատաքննություն ապահովելու ակնկալիքով:
19.12.2008թ. դատական նիստի ժամանակ դատավոր Մ. Մարտիրոսյանը որոշում կայացրեց լրատվամիջոցներին թուլատրել ամբողջ դատական նիստերի ընթացքում տեսանկարահանում կատարել դատական նիստերի դահլիճում: Սակայն հետագա դատական նիստերի ժամանակ հակառակ իր իսկ որոշման դատարանը արգելեց տեսանկարահանում կատարել, հայտարարվեց, որ տեսանկարահանումը կարող են կատարել հատուկ առանձնացված սենյակում: Դատարանը փաստացի զրկեց ԶԼՄ-ներին ինքնուրույն կատարել նկարահանումներ դատարանի դահլիճից, այլ պետք է միայն բավարարվեն մոնիտորների կողմից մատուցված անորակ ձայնից եւ պատկերից:
Հայտարարում ենք, որ լրատվամիջոցներին դատական նիստերի դահլիճից տեսանկարահանում կատարել արգելելը չի բխում արդարացի դատաքննության սկզբունքից` մասնավորապես խախտելով մեր պաշտպանյալների հրապարակային դատական քննության իրավունքը:
Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 16-ի, դատական նիստերը դռնբաց են եւ ցանկացած անձ իրավունք ունի ներկա գտնվել նիստերի դալիճում: Սակայն, սկսած երկրորդ դատական նիստից, դահլիճը զբաղեցրել էին անձինք, որոնք սույն գործի քննության հետ կապված, որեւէ առնչություն չունեին, ավելին` ինչպես նշում էին մեր պաշտպանյալների հարազատները, հանդիսանում էին ոստիկանության աշխատակիցներ, ովքեր, ի տարբերություն մեր պաշտպանյալների հարազատների, դահլիճ են մուտք գործում առանց ստուգման եւ առանց ցուցակագրման: Ավելին, այդ անձինք իրենց արտահայտություններով փորձել են նիստերի դահլիճում ստեղծել կոնֆլիկտային վիճակ: Նշված իրադրությունը ճիշտ գնահատելով եւ փորձելով խուսափել սադրանքներից, մեր պաշտպանյալների հարազատները դադարել են դահլիճ մուտք գործել` մտավախություն ունենալով, որ սադրանքների հետեւանքով կարող են դահլիճում ստեղծել իրավիճակ, որը դատարանին հիմք կտա դռնփակ դատական քննություն իրականացնելու համար:
Հաջորդ մտահոգիչ փաստը վերաբերվում է դատական կարգադրիչների կողմից պաշտպաններին ստուգելուն: Մանրակրկիտ ստուգվում են մեր պայուսակները, գրպանները, պարզվում է նաեւ, որ պաշտպանները իրավունք չունեն մեկ տուփ սիգարետից ավել սիգարետ ունենալ գրպանում, իսկ մեղադրողները դատարան մուտք են գործում շենքի մեկ այլ մուտքից եւ չեն ենթարկվում որեւէ զննման:
Արգելվում է տեսակցությունը մեր պաշտպանյալների հետ դատարանի շենքում, իսկ ուղեկցող դասակի հրամանատարը որպես այդ հրահանգի հեղինակ նշեց նախագահող դատավորին: Խախտվում է օրենքով մեզ վերապահված անարգել, կոնֆիդենցիալ մեր պաշտպանյալների հետ տեսակցելու իրավունքը:
13.01.09թ. նիստի ժամանակ ըստ մեղադրողի չավարտված հայտարարության պարզվեց, որ պաշտպանները չունեն դատավարական այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են ինքնաբացարկի և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ ներկայացնելը, իսկ պաշտպանների իրավունքների իրականացումը մեղադրողների մոտ տարակուսանք և զայրույթ են առաջացնում: Այսպես` մեղադրողը իր հայտարարության մեջ նշեց, որ պաշտպանական տակտիկան կառուցված է նիստերը տապալելու սկզբունքի վրա եւ ամեն ինչ արվում է պաշտպանների կողմից, որպեսզի հասարակությունը չիմանա, թե ինչ է իրականում կատարվել Երեւանում մարտի 1-ին և 2-ին, եւ այդ պատճառով մենք միջնորդություն ենք ներկայացրել` քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել:
Մեղադրողի հայտարարությունից ստացվում է, որ պաշտպանների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքները իրացնելը նպատակ է հետապնդում դատաքննությունը ձգձգելուն: Սակայն փաստը այն է, որ դատարանն է մշտապես ձգձգում դատաքննության ընթացքը, պատճառաբանելով, թե մեր պաշտպանյալները դատարանում ոտքի չեն կանգնում: Այնինչ` դատարանը իրավասու է ոտքի չկանգնելու համար կիրառել այլ միջոցներ` նախազգուշացում, տուգանք եւ շարունակել դատական նիստերը: Ոտքի չկանգնելն անհնարին չի դարձնում դատական նիստի շարունակելը:
23.12.2008թ-ին, 27.12.2008թ-ին, 09.01.2009թ-ին, 13.01.2009թ-ին, 16.01.2009թ-ին կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են :
Մենք, 7 քաղբանտարկյալների պաշտպաններս, պահանջում ենք
- Ապահովել մեր պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը, ապահովել տեսանկարահանող լրատվամիջոցների ներկայացուցիչների անխափան եւ չմիջնորդավորված աշխատանքը դատական նիստերի դահլիճում:
- Ապահովել հրապարակային դատական քննությունը, ապահովել մեր պաշտպանյալների հարազատների, ընկերների եւ սատարող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ` ապահովելով դահլիճում կարգ ու կանոն:
- Պաշտպանական կողմի եւ մեղադրողների համար հաստատել հավասար պայմաններ:
“7-ի գործով” քաղբանտարկյալների պաշտպաններ
Լիպարիտ Սիմոնյան
Մելանյա Առուստամյան
Վարդուհի Էլբակյան
Հովիկ Արսենյան
Ստեփան Ոսկանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել