
Արցախցի երիտասարդներ. Մադրիդյան սկզբունքները ստորագրելը հավասարազոր է Արցախի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրմանը
Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները գնալով ակտիվանում են, մանավանդ Կազանյան հանդիպումից հետո: «Հետքի» հետ զրույցում հիմնախնդրի մասին իրենց կարծիքներն են հայտնել արցախցի երիտասարդները:
Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանն այն կարծիքին է, որ ոչ մի կերպ չի կարելի «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը կամ էլ դրա հիման վրա ստեղծված որևէ փաստաթուղթ ստորագրել: Ըստ նրա` դա կնշանակի կապիտուլյացիայի ակտ ստորագրել, որը կլինի պատմության մեջ այն հազվագյուտ դեպքը, երբ հաղթող կողմն իր կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է ստորագրում:
«Մեզ համար թվացյալ շահավետ կետերը Մադրիդյան սկզբունքներում, որտեղ խոսվում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին, միայն խաբկանք է: Ադրբեջանին տարածքները վերադարձնելուց և փախստականների վերադարձից հետո Ղարաբաղի ինքնորոշման համար որևէ հանրաքվեի մասին խոսելն արդեն ավելորդ կլինի: Բացի դրանից՝ ազատագրված տարածքները զիջելով՝ Ադրբեջանը կկարողնա Արցախը մեկ օրում գրավել` կազմակերպելով մի փոքր պրովոկացիա»,- ասում է Տիգրանը:
Պատերազմի վերսկսումը Տիգրանը բացառում է` ասելով, որ եթե Ադրբեջանը համոզված լիներ իր հաղթանակում, ապա վաղուց այն կսկսեր: Իլհամ Ալիևին ձեռնտու է ստատուս քվոյի կարգավիճակը, ինչով Ալիևն արդարացնում է Ադրբեջանում կենտրոնացված պետություն ստեղծելը:
Խոսելով հայկական դիվանագիտության մասին` զրուցակիցս ասում է, որ շատ բացթողումներ կան: «Առաջին հերթին խոսվում է ադրբեջանական փախստականների մասին, բայց համարյա չի խոսվում հայ փախստականների մասին: Այս պարագայում Ադրբեջանը շատ հմտորեն իր փախստականներին դարձրել է քաղաքական ուժ` հակամարտության գործընթացում օգտագործելով որպես ազդակ»,- ասում է Տիգրանը:
Նա հավելում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում փախստականները կենտրոնացված չեն, և նրանց որպես քաղաքական ուժ օգտագործել հնարավոր չէ:
Երկրորդ բացթողումն, ըստ ապագա քաղաքագետի, այն է, որ հայկական կողմը չի բարձրացնում Ադրբեջանի օկուպացրած, Արցախին պատկանող տարածքների հարցը:
Ղարաբաղի բանակցային կողմ չլինելը, Տիգրանի հավաստմամբ, չի խանգարի որևէ էական փաստաթղթի ստորագրումից հետո անգամ այն իրականացնել առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության: Միայն տվյալ տարածքում ապրող ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան, ինչն էլ միջազգայնորեն ամրագրված է:
«Հարկ եղած դեպքում, եթե Աստված մի արասցե, Արցախին ոչ ձեռնտու փաստաթուղթ ստորագրվի, մենք մանևրելու հնարավորություն կունենանք` չընդունելով այդ փաստաթուղթը: Իսկ եթե ուզում են իրոք արդյունքի հասնել, ապա բանակցային սեղանին պիտի տեղ տրվի նաև Արցախին, քանի որ 1994թ. զինադադարը կնքելու ժամանակ Ադրբեջանը կարծես թե դեմ չէր բանակցել ղարաբաղյան կողմի հետ»,- մանրամասնում է Տիգրանը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտությունից արցախցի երիտասարդների տեղեկացվածության մակարդակի մասին` Տիգրանը նշեց, որ աճն ակնհայտ է, չնայած այն պատշաճ մակարդակի չի հասել: Ստեղծված մի շարք հասարակական կազմակերպություններ փորձում են երիտասարդներին ներգրավել այդ գործընթացում: Նա համոզված է, որ հարկ եղած դեպքում Արցախի ողջ ժողովուրդը ոչ միայն փողոց դուրս կգա, այլև զենքը ձեռքին կգնա` պաշտպանելու իր հողը:
Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Նարինե Ներսիսյանն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է կտրականապես հրաժարվի այդ և նմանատիպ ցանկացած այլ փաստաթուղթ ստորագրելուց:
«Արցախը հաղթող կողմ է, իսկ հաղթողներին չեն պարտադրում: Մենք որևէ միջնորդ երկրների խորհուրդների կարիք չունենք: Բանակցային գործընթացում Արցախը պետք է հանդես գա որպես լիիրավ կողմ»,- համոզված է Նարինեն:
Ըստ նրա` հիմնախնդրի լուծումը խաղաղ ճանապարհով չի լինի, քանի որ Արցախն ամբողջությամբ դեռ ազատագրված չէ:
Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ապագա քաղաքագետ Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը փոքր քայլերով առաջ է գնում, և միջնորդ կողմերի հիմնական ռազմավարությունն այն է, որ յուրաքանչյուր մանր քայլ վերջում հանգեցնի մի խոշոր քայլի, որից հնարավոր չի լինի հետ դառնալ:
«Եթե գորտին մտցնեք եռման ջրի մեջ, նա իսկույն դուրս կցատկի: Իսկ եթե նրան մտցնեք սառը ջրի մեջ և այդ սառը ջուրը աստիճանաբար տաքացնեք, ապա գորտը դուրս չի ցատկի, և եռման աստճանի հասած ջրում նա պարզապես կսատկի: Նույնն էլ Ղարաբաղի հարցն է. երբ արդեն հասնենք վերջնական կետին, հետդարձի ճանապարհ էլ չի լինի: Դրա համար չեմ կարծում, որ պետք է սպասենք վերջին քայլին, որը չենք էլ նկատելու, այլ մոտակա պահին մեր վճռորոշ ձայնը բարձրացնենք: Այնպես պետք է անենք, որ առանց մեր կարծիքի, որևէ որոշում չկայացվի»,- ասում է Արտակը:
Ինչ վերաբերում է գործընթացի լուծման ուղղությամբ կատարված փոքր քայլերի շահավետությանը, ապա զրուցակիցս ասում է, որ ինքը` որպես հայկական կողմի ներկայացուցիչ, համարում է, որ իր օգտին չէ, և անընդունելի է գործընթացի նման զարգացումը:
«Ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը, ուղղակի թե անուղղակի, հասկացրել է, որ պատրաստ է տարածքներ զիջել, ինչի դիմաց կստանանք ընդամենը ինքնորոշման իրավունք, այն էլ խիստ կասկածելի է»,- բացատրում է Արտակը:
Արցախցի քաղաքական գործիչները հիմնախնդրին պասիվ են արձագանքում: Արտակն ասում է, որ այս պարագայում Ղարաբաղը չեզոքացված է, քաղաքական գործիչներն էլ` պասիվ: Չնայած այն օբյեկտիվ պատճառին, որ Արցախը բանակցային կողմ չէ՝ այնուամենայնիվ, Ղարաբաղը կարող է անուղղակի մեսիջներով բանակցությունների վրա որոշակի ազդեցություն ունենալ:
Արցախի պետհամալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Հարութ Հարությունյանը պատմում է, որ համացանցում շատ է շփվել ադրբեջանցի երիտասարդների հետ և այնպիսի տպավորություն է ստացել, որ ադրբեջանցիների երևակայության մեջ գոյություն ունի այն համոզմունքը, որ Արցախը իրենցն է: Այդ իսկ պատճառով միջնորդ երկրներն ու կառույցները ինչքան էլ ջանք թափեն, չեն կարողնա հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Հարութը համոզված է, որ տարիներ շարունակ ադրբեջանցու աչքն այս հողի վրա է ու միշտ էլ կլինի:
«Ամենամեծ սխալը Ղարաբաղին բանակցային գործընթացից հանելն է եղել: Եթե Ղարաբաղն ուզում են ճանաչել որպես ազատ պետություն, ապա Ղարաբաղին պիտի նորից տեղ տրվի բանակցային սեղանի շուրջ, որովհետև մեր խնդիրները մենք ավելի լավ կիմանանք, քան մնացածները: Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծվի, քանի որ Ադրբեջանը կամաց-կամաց մոտենում է իր ուզածին»,- համոզված է Հարութը:
Նա ավելացնում է, որ ոչ մի զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել