HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Շուշի Վերածնունդ»-ը քաղաքի զարգացման նոր նախագիծ է ներկայացրել

Օրերս Ղարաբաղում էր գտնվում «Շուշի Վերածնունդ» հիմնադրամի հագաբարձուների խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա հանդիպում է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել են նաեւ հիմնադրամի գործունեության շրջանակներում Արցախում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տարեվերջի մամուլի ասուլիսում իր դժգոհությունն էր արտահայտել «Շուշի վերածնունդ» հիմնադրամի ծրագրերի կատարման վերաբերյալ, հատկապես Շուշիի ջրամատակարարման աշխատանքների հետ կապված, որոնց իրականացման համար, կառավարությունը ստիպված է եղել 2008թ. պետբյուջեով բավական մեծ գումար հատկացնել, որպեսզի 2008-2009-ի ձմեռվա ամիսներին ջրամատակարարումն անխափան լինի: Ինչ ընթացքում են հիմնադրամի աշխատանքները, ինչու են դժգոհություններ առաջացել: Այս հարցերի շուրջ խոսեցինք հիմնադրամի Շուշիի ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանի հետ:

Նա անդրադառնալով ջրամատակարարման ծրագրին շեշտել է, որ այն հիմնադրամի կողմից 2008-ի հունվարին կազմակերպված Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջի ընթացքում ներկայացված ամենակարեւոր ծրագրերից մեկն էր, որը պետք է իրականացվեր, սակայն որոշ պատճառներով այն հետաձգվեց: Նախագծով Թադեւոսի աղբյուրից ջուրը պետք է հասնի ջրամբար, որտեղից էլ պետք է ապահովվի Շուշի քաղաքի խմելու ջրի մատակարարումը: Ա. Համբարձումյանի խոսքերով, կառավարությունը եղած ջրագիծը վերանորոգել է, իսկ հիմնադրամի կողմից պատրաստված նախագծով բոլորովին նոր ջրագիծ պետք է կառուցվի, ինչը, զրուցակցիս հավաստմամբ, կսկսվի այս տարվա գարնանը:

Խոսելով մյուս ծրագրերի մասին, Ա.Համբարձումյանը տեղեկացրեց, որ փոփոխություն է տեղի ունեցել «Կանաչ» դեղատուն ծրագրում, որի նպատակն էր հիմնադրել ժամանակակից դեղատուն` շուշեցիներին սուբսիդավորված գներով դեղորայքի տրամադրմամբ: Հիմա որոշվել է այդ նույն տեղում, որը գտնվում է թանգարանի տարածքում,  կառուցել Գյուրջյանի անվան թանգարան: Այստեղ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք իրականացվում են  «Վիվա Սելլ-ՄՏՍ» ընկերության համաֆինանսավորմամբ: Հիմնադրամի ներկայացուցչի հավաստմամբ, հիմնադրամը մասնակցություն կունենա նաեւ Շուշիի Ռեալական ուսումնարանի վերականգնմանը, որը նախաձեռնում է ԼՂՀ կառավարությունը:

Առայժմ չեն սկսվել հեռուստակամուրջի ընթացքում հայտարարված ծրագրերից մի քանիսը, այդ թվում` Ադամյան փողոցի վերակառուցման ծրագիրը, որը հնարավոր կլինի իրականացնել Շուշիի գլխավոր հատակագծի պատրաստ լինելուց հետո միայն: Հիմնադրամը սակայն շարունակում է Շուշիի զարգացման համար ծրագրերի մշակումը. նրանք նոր նախագիծ են ներկայացրել ԼՂՀ քաղաքաշինության նախարարության քննարկմանը, որը, ըստ Արթուր Համբարձումյանի, հնարավոր է հավանության արժանանա ինչպես կառավարության, այնպես էլ բարերարների կողմից: Խոսքը Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցմանն է վերաբերում, որը, հիմնադրամի պատասխանատուների կարծիքով, լուրջ խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter