Վարչապետն ընդունել է ՀԲ-ի պատվիրակությանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի, Եվրոպայի եւ Միջին Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, ՀԲ տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոն, Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը եւ գրասենյակի համապատասխան աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցությանը, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով բանկի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, ինչպես նաեւ հեղինակավոր ֆինանսական այլ կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանն ու ընթացիկ բանակցություններին վերաբերող հարցեր։
Վարչապետը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ Հայաստանի հաջող գործակցությունը, նաեւ` անցյալ տարի բանկի ղեկավարության հետ վաշինգտոնյան հանդիպումներն ու պայմանավորվածությունները կարդարացնեն մեր ժողովրդի սպասումները` հետագա արդյունավետ համագործակցության առումով։ Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանն իր կատարողական բարձր ցուցանիշով մշտապես ներկայացվել է որպես բարեփոխումների օրինակելի երկիր։ Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր երկրին հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել։
ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ի հակաճգնաժամային ծրագրի ռազմավարությունը համարելով բավականաչափ հստակ եւ հասկանալի, եւս մեկ անգամ ընդգծել է, որ շեշտադրումներն առավելապես արվելու են ենթակառուցվածքներում ծախսերի ավելացման վրա, մասնավորապես` ոռոգման, էներգետիկայի, ճանապարհաշինության, ՓՄՁ-ի վարկային միջոցների ավելացման, մի շարք նախատեսված բարեփոխումների ուղղությամբ։
Երկուստեք նշվել է, որ ստեղծված իրավիճակն արագացված գործընթացներ է ենթադրում, ինչը նաեւ կանխարգելիչ բնույթ կկրի` հնարավորություն տալով հետագայում եւս տնտեսության մեջ հնարավոր ցնցումներից խուսափել։
ՀՀ կառավարության ղեկավարը ՀԲ-ին տեղեկացրել է, որ Հայաստանը հաջող բանակցություններ է վարում այլ ֆինանսական կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հետ եւ նախատեսում է ՓՄՁ-ի վարկավորման նպատակով նրանցից ակնկալվող գումարի չափն ավելի մեծացնել` ի հաշիվ ՀԲ-ից այդ նպատակով ակնկալվող գումարի, նկատի առնելով, որ ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, ի տարբերություն վերոնշյալ ֆինանսական կազմակերպությունների, ոլորտային առումով ավելի լայն ընդգրկում ունեն։ Դա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարբեր ոլորտներում նախատեսվող միջոցառումների ֆինանսավորմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել