
Սփյուռքահայ ներդրող. «Տանդ ապրելու համար պիտի պայքարես»
Պեդրոյի հողամասում առաջին ընկույզն է աճել: 2008թ. սփյուռքահայ Պեդրո Ծառուկյանը 112 հա հող գնեց սահմանամերձ Բագարան գյուղում: Հողամասի 4 հա-ն արդեն մշակված է, այս գարնանը Պեդրոն խնձորենու և ընկուզենու շիվեր է տնկել:
Հողամասը սահմանին է՝ Արարատի և Արևմտյան Հայաստանի մոտ: Պեդրոն ասում է, որ հենց տեսավ հողամասը, որոշեց գնել այն: «Ես էս հողը երբ տեսա, սիրահարվեցի: Մի քիչ առաջ որ գնանք, Բագարան, Երվանդաշատ գյուղերն են, Արաքս գետը ու Թուրքիան»,- ասում է նա:
Պեդրոն ծնվել և մինչև 9 տարեկան ապրել է Իրանում: Հետո ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: 33 տարեկանում Պեդրոն եկել է Հայաստան՝ մշտական բնակվելու: Նա նախկինում էլ էր պարբերաբար Հայաստան գալիս և գիտեր, որ Հայաստանում ամեն ինչի համար պետք է պայքարել, ու պատրաստ էր դրան:
Պեդրո Ծառուկյանի անունը համացանցում արծարծվեց այն ժամանակ, երբ նա, որպեսզի առանց կաշառքի ստանա ԱՄՆ-ից իր ուղարկած ավտոմեքենան և անձնական իրերը, ստիպված եղավ ընդհանուր առմամբ 20 այցելություն կատարել Հայաստանի մաքսային չորս տարբեր գործակալություն, բազմաթիվ բողոքներ գրել' ուղղված մաքսային գործակալներին, Հայաստանի միգրացիայի գործակալությանը և սփյուռքի նախարարությանը: Հետո նա Երևանում իր հարևանների հետ 8 ամիս շարունակ պայքարում էր, որ փակվի նույն շենքում գործող կարաոկեն, քանի որ դրա բարձր երաժշտությունը մարդկանց թույլ չէր տալիս քնել:
«Հիմա Պուշկինի փողոցում՝ մեր շենքի դիմաց, 12 հարկանի ապօրինի շինություն են սարքում: Հիմա դրա դեմ ենք պայքարում բոլոր հարևաններով: Տանդ ապրելու համար պիտի պայքարես: Ամեն ինչի համար պիտի պայքարես այստեղ»,- ասում է Պեդրոն:
Նա մենակ եկավ Հայաստան. ծնողները, քույրն ու եղբայրը մնացին ԱՄՆ-ում: Հայրը Պեդրոյին երբեմն հետ է կանչում ԱՄՆ, բայց Պեդրոն վերադառնալու միտք չունի: «Կամ քո մեջ կա այստեղ ապրելու պահանջը, կամ չկա: Իմ մեջ կա այդ պահանջը»,- ասում է նա:
Սկզբում Պեդրոն ուզում էր Հայաստանում հիգիենայի պարագաների գործարան հիմնել, բայց այդ պարագաների հումքը Հայաստանում չկա, և ստիպված էր լինելու ներկրել այլ երկրներից: Հետևաբար, մաքսայինի հետ շփումը շատ էր լինելու: Այդ պատճառով էլ հրաժարվեց այդ մտքից:
ԱՄՆ-ում ապրելիս նրա մեջ հողագործությամբ զբաղվելու ջիղ չկար. այն Հայաստանում է արտահայտվել: «Ամերիկայում այնքան մարդ է հողագործությամբ զբաղվում, այնքան զարգացած է հողագործությունը, որ ինձ համար հաճելի չէր լինի այնտեղ Ամերիկայի համար անել, բայց էստեղ՝ Հայաստանում, նորություններ կարող ես դնել հողագործության մեջ»,- ասում է Պեդրոն: Հողի հետ աշխատելը նրան նաև օգնում է ազատվել սթրեսից, հաճույք ու հանգստություն է պատճառում:
«Իմ նպատակը այն էր, որ զրոյից մի բան ստեղծեի Հայաստանում: Այն, ինչ կարող ես էստեղ արտադրել, ինչո՞ւ պիտի ներմուծես: Ամոթալի բան է, որ ուտելիքը, որը կարող ես էստեղ արտադրել, փոխարենը ներմուծում ես»,- ասում է նա:
Պեդրոյի խոսքերով՝ Հայաստանում խնդիր է այն, որ գյուղացիները վարձակալում են մեծ հողեր՝ նպատակ ունենալով ոչ թե մշակել դրանք, այլ գտնել հողը գնել ցանկացող որևէ սփյուռքահայի կամ օտարերկրացու, սեփականաշնորհել հողն ու հետո վաճառել: Նրա հողամասից մինչև սահման մեծ հողատարածքներ կան, որոնք չեն մշակվում. հողերը ոռոգելու խնդիր կա:
Պեդրոյից մեկ տարի պահանջվեց հողամասում ջրի խողովակներ անցկացնելու, պոմպակայան կառուցելու, տարածքը հոսանքով ապահովելու, այս բոլորի փաստաթղթերը պատրաստելու համար: Այժմ Պեդրոն հողամասը ոռոգելիս ջրի մեծ կորուստ է ունենում: Նա ծրագրում է ապագայում անցնել այգիները կաթիլային գլխիկների միջոցով ջրելու եղանակին. բարակ խողովակը ջրում է ծառի արմատը, ինչը տարածված է արտասահմանում:
Հողամասում հոսանքի լարերը անցկացնելուց մեկ շաբաթ անց լարերի կեսը գողացան՝ պատճառելով մոտ 500 դոլարի վնաս: Հարուցված քրեական գործը արդյունք չտվեց: Դրանից հետո Պեդրոն ստիպված հողամասում տնակ տեղադրեց, որտեղ գիշերը պահակ է մնում:
Պեդրոն գրեթե ամեն օր այցելում է հողամաս, հետևում աշխատանքին: Սովորաբար հողամասում ամեն օր 2-4 հոգի է աշխատում: Երբ աշխատանքը շատ է լինում, օրինակ՝ քարերը հավաքելիս, հողամասում աշխատում է 10-20 հոգի:
Պրն Գևորգը Պեդրոյի հողամասում աշխատում է արդեն 9 ամիս: Նա 25 տարի է, ապրում է Վանանդ գյուղում: Միաժամանակ մշակում է նաև իր ծիրանի այգին, բայց այն 3 տարի առաջ է տնկվել, և ժամանակ կանցնի, մինչև Գևորգը օգուտ կստանա իր բերքից. ընդհանրապես 6-7 տարի է պետք, որ ծիրանի այգին բերք տա:
Պեդրոն ծրագրում է գարնանը տնկել 2-3 հա խաղող, ավելացնել ընկուզենիների տարածքները: Երբ արդեն լիարժեք բերք լինի, նաև հակակարկտային կայան կբերի:
Նա նախատեսում է իր հողամասից եկամուտ ստանալ լավագույն դեպքում 4-5 տարի հետո: Իսկ հեռանկարում հնարավոր է նաև բերքի վերամշակմամբ զբաղվող գործարան հիմնի: Ասում է, որ հաշվարկել է Հայաստանում բիզնեսով զբաղվելու ռիսկերը:
«Առնվազն 4-5 տարի հուսով եմ՝ ինձ խանգարող չի լինելու: Հիմա ո՞վ պիտի գա ինձ խանգարի: Դանդաղ եմ առաջ գնում, միանգամից մեծ գումարներ չեմ դնում, որ միանգամից եթե վտանգներ, ռիսկեր լինեն, վնաս չստացվի: Դանդաղ ամեն տարի մի քիչ ավելացնելու եմ հողերը»,- ասում է նա:
Պեդրոն հույս ունի, որ 4-5 տարի հետո Հայաստանն օրինավոր երկիր կլինի, և ավելի մեծ բիզնեսներ ունեցողները կամ հարկային մարմինները իրեն չեն խանգարի:
«Պատրաստ եմ ամեն պայքարի: Ամեն ինչ օրինական եմ անում, կաշառք չեմ տալիս: Եթե դիմացինը կամ կառավարական մարմինը մի բան անօրինական անի, դատի կտամ, ամեն ձևով կպայքարեմ: Ինչքան ամեն մարդ օրենքով առաջ գնա, դատարանից պահանջի օրենք, դատարանները ստիպված կլինեն օրինական դառնալ»,- կարծում է Պեդրոն:
Նա ասում է, որ այժմ Հայաստանում ֆեոդալիզմ է, երկիրը բաժանված է մի քանի ֆեոդալի միջև. նրանք և իրենց շրջապատի մարդիկ անում են, ինչ ուզում են:
«Հայաստանը ունի այն մոդելը, որ կար, ասենք, Անգլիայում 300-400 տարի առաջ՝ ֆեոդալիզմ: Սա ապազգային մոտեցում է, էսպես երկիր չենք կարող պահել: Հնարավոր չէ՝ նոր սերունդը թույլատրի, որ էդպես շարունակվի: Էս համակարգը ընդհանրապես պիտի ջարդվի: Իհարկե կջարդվի, և բոլորը պատասխանատու պիտի լինեն իրենց գործի համար»,- ասում է Պեդրոն:
Նրան նաև դուր չի գալիս, որ Հայաստանում մարդիկ եսասեր են, անտարբեր իրար նկատմամբ: Նույնիսկ խանութում հերթ կանգնելու, մեքենա վարելիս դիմացինին զիջելու, փողոց անցնելիս կանոնները պահպանելու մշակույթ չկա:
Միաժամանակ Պեդրոն ասում է, որ չի փոշմանել, որ Հայաստանում է մշտական հաստատվել: «Իմ երկիրն է, մեր երկիրն է: Կապված ես քո երկրին: Գիտեի, որ դժվար է լինելու: Եթե այստեղ չկարողանամ գոյատևել, դա կնշանակի ձախողում»,- ասում է նախկին սփյուռքահայը:
Նա ծրագրում է ամբողջ կյանքը Հայաստանում ապրել: Նաև մտածում է ապագայում տուն կառուցել հողամասում, շաբաթվա կեսն այնտեղ անցկացնել ու աշխատել:
Մեկնաբանություններ (27)
Մեկնաբանել