Ակամայից բժիշկներ, կամ համաճարակը ոչ ոքու չի հուզում
Օր առաջին, օգոստոսի երեք
Երինջը ծանր շնչում էր: Քթանցքներից ու կիսաբաց աղոտ աչքերից հոսում էր: Եթե չլիներ ծանր շնչառությունը, կարելի էր կարծել, թե կովը սատկած է: Վաղ առավոտ էր: Գյուղացիներն անցնում էին բահերով՝ իրենց բոստանների համար ջուր կապելու, նայում էին ընկած կովին ու միաձայն խորհուրդ տալիս տիրոջը՝ հարբուխ է, մորթիր, քանի չի սատկել: Երինջի տիրոջ հողատարածքը մեր ձիանոցի հարևանությամբ է գտնվում: Ես ձիուն էի լողացնում ու ականջի պոչով լսում այդ խոսակցությունները: Կովին սարից էին իջեցրել երեկ: Գյուղից մի մարդ ամեն տարի հավաքում է գյուղի կովերին ու հորթերին ու մինչ ուշ աշուն սար է տանում նրանց: Նույն նախիրից արդեն 19-20 կով սատկել էր մի քանի օրում, սակայն համաճարակի մասին մեզանից՝ «քաղաքից եկած ու գյուղից ոչինչ չհասկացող ժողովրդից» բացի ոչ ոք չէր խոսում:
Մենք՝ «քաղաքի ժողովուրդս» աշխատում ենք չխառնվել գյուղացիների կյանքին, քանի որ իրենք միշտ ամեն ինչ «մեզանից լավ գիտեն»: Բայց երինջի անօգնական աչքերը և նրա տիրոջ՝ մսագործին կանչելու որոշումը ստիպեցին խախտել այդ չգրված կանոնը: Զանգահարեցի երկու անասնաբույժերի. մեկը մեր շների բժիշկն է, մյուսը՝ ձիերի: Նկարագրեցի ախտանիշները: Երկուսն էլ ասացին, որ շատ նման է պաստերելյոզին:
Պաստերելյոզը թռչուններին և կաթնասուններին բնորոշ ինֆեկցիոն հիվանդություն է, որն ամենից հաճախ վնասում է թոքերը՝ առաջացնելով թոքաբորբ: Կենդանու մահվան հավանականությունը 10-75% է և ավելին՝ կախված նրա առողջական վիճակից, հիվանդության փուլից, ստացած բուժումից: Մեր ձիերի բժշկի՝ Գագիկի առաջ քաշած մյուս վարկածը՝ սիբիրախտը (որի վերաբերյալ բժիշկը թեզ է պաշտպանել) այնքան սարսափելի էր հնչում, որ խնդրեցինք նրան անհապաղ Երևանից գալ Ուշի՝ կովին տեսնելու:
Իսկ մինչ իր գալը սկսեցինք կովին հակաբորբոքային սրսկել, գրեթե տիրոջ կամքին հակառակ: Նա մտավախություն ուներ, որ երինջն ավելի շուտ կսատկի, քան ինքը կհասցնի մորթել ու միսը հանձնել: Նախորդ կովերի մեծ մասի միսը տերերը հանձնել էին: Ընդ որում, միայն իմ իմացած երեք կովերի գլուխն ու դնչի տակ ուռած էր, ինչպես լինում է սիբիրախտի դեպքում: Գլխի մեջ ամբողջությամբ թարախ էր, բայց դա չխանգարեց տերերին վաճառել միսը, հիմնականում Էջմիածնում, մասամբ էլ` Երևանում: Այս երինջի տերը «հանձնվեց», երբ սպառնացի, թե բոլորին կպատմեմ, որ միսը վարակված է, ընդ որում դեռ անհայտ վարակով, որը շատ մեծ հավանականությամբ կարող է սիբիրախտ լինել:
Բժիշկը եկավ առաջին սրսկումից երկու ժամ անց: Կովը դեռ պառկած էր, աչքերն աղոտ էին, գլուխը չէր բարձրացնում, ջերմությունն էլ դեռ 40 աստիճան էր (ինչը կովի մոտ թոքաբորբային ջերմաստիճան է, ինչպես մարդու մոտ 37.2 աստիճանը), բայց արդեն պոչով թույլ քշում էր ճանճերին: Բժիշկն ասաց, որ շարունակենք ներարկել հակաբորբոքայինը, քանի որ, միևնույն է, և պաստերելյոզի և սիբիրախտի դեպքում նույն դեղերը պիտի սրսկվեն: Նա ասաց, որ նախ անպայման պետք է բացառել սիբիրախտը: Սիբիրախտի ախտորոշում Հայաստանում արվում է միայն մի լաբորատորիայում: Պետք է վարակված, բայց դեղորայք չստացած կովից վերցնել արյուն և երկու ժամվա ընթացքում հասցնել լաբորատորիա: Եթե կենդանին արդեն սատկել է, պետք է կտրել ականջի ծայրը և դարձյալ երկու ժամվա ընթացքում տանել լաբորատորիա: Բայց դա պետք է անի լաբորատորիայի մասնագետը, քանի որ եթե սիբիրախտ լինի ու անգամ մեկ կաթիլ արյուն կաթա արյուն վերցնելիս, դա արդեն կնպաստի վարակի տարածմանը: Ականջն էլ պետք է կտրելիս անմիջապես կտրած տեղը վառել: Դիահերձել կենդանուն, բնականաբար, արգելվում է: Սիբիրախտն ամենավատ բանն էր, որ կարող էր լիներ ու բոլորս մեծ հույս ունեինք, որ դա սիբիրախտ չէ: Բայց նույնիսկ պաստերելյոզի դեպքում վարակը տարածվում է մի կովից մյուսը և բուժում չստանալու կամ ուշ բուժումը սկսելու դեպքում կովերը սատկում են: Հիվանդությամբ հեշտությամբ վարակվում են թռչունները և տարածում վարակը: Ավելի դժվար, բայց, միևնույնն է, վարակվում են նաև ձիերը, շները և մարդիկ:
Մեր շներն ու ձիերն անմիջապես փակվեցին, դեղատուփը համալրվեց ախտահանող հեղուկներով ու ստերիլ ձեռնոցներով: Երինջին սրսկելուց հետո բոլոր պարագաններն անմիջապես այրվում էին:
Երկրորդ սրսկումից հետո երինջն արդեն փորձում էր ոտքերի վրա կանգնել ու սկսեց ջուր խմել: Սարում մի քանի կով էլ սատկեց: Ես ու մեր ձիերի մարզիչ Բորիսը որոշեցինք շրջել ողջ գյուղով ու զգուշացնել համաճարակի մասին: Սկսեցինք գյուղապետարանից: Գյուղապետին և աշխատակազմին բավականին զվարճացրեց համաճարակի մասին լսելը:
«Ախր էտ բոլոր կովերը հո նույն բանից չեն սատկել, բոլորինն էլ տարբեր պատճառներ են եղել», - ներողամտորեն ժպտաց գյուղապետը: Գյուղապետի կովը նույնպես սատկել էր մի քանի օր առաջ: «Իմի գլխին ու կողքին խփած էր, իմը հիվանդությունից չէր», - ասաց նա:
Իսկ հարցիս, թե ով էր խփել, անտարբեր թոթվեց ուսերը, թե ՝ «շատ իմանամ, կարող ա նախրչին կատաղած ա եղել, մի բանով տվել ա գլխին»:
Դա նրան թվաց նույնքան զվարճալի, որքան գյուղին և միջոցներ չձեռնարկելու դեպքում երկրին սպառնացող համաճարակը: Հետո էլ, կարծես ինչ-որ բան հիշելով, ասաց, որ չանհանգստանանք, արդեն «նախարարի մակարդակով սրա մասին գիտեն ու ինչ պետքն ա, կանեն: Արդեն անալիզ են վերցրել ու տարել լաբորատորիա: Պատասխանն էլ վաղը կգա ու ամեն ինչ պարզ կլինի: Հետո էլ երևի միջոցներ կձեռնարկեն, կգան, կբուժեն»: «Ո՞վ» հարցիս պատասխանեց՝ «պետությունը»:
Վերադառնալով երինջի մոտ՝ կրկին տեսա հավաքված գյուղացիներին, ովքեր հորթի տիրոջը համոզում էին մորթել նրան՝ հիշեցնելով, որ եթե ես կով տեսել եմ առաջին անգամ իրենց գյուղում, իրենք «հարյուր տարի է անասուն են պահում ու հաստատ կարող են ասել, որ սա հարբուխ է»:
«Դա մենակ գլխին ա ազդում, - ինձ հանգստացրեց նրանցից մեկը, - միսը հանգիստ կարելի ա ծախել»:
«Իսկ եթե դա չէ, եթե վարակ է, պատասխան տալու ես էն մարդկանց համար, ովքեր վարակվելու են քո պատճառով»,-ասացի:
Հարցս նրան մի փոքր սառեցրեց. պատասխան տալ ոչ ոք չի սիրում այստեղ: Նրանք հեռացան՝ փնթփնթալով, որ իմ պատճառով տերն այդքան փող կկորցնի ու ավելի լավ կլինի քիթս չխոթեմ մի տեղ, որտեղ ոչինչ չեմ հասկանում:
Օր երկրորդ, օգոստոսի չորս
Հաջորդ առավոտյան երինջն արդեն կանգնած արածում էր, սրսկելիս ստիպված էինք բռնել երկու հոգով: Դեռ երկու օր էլ պիտի սրսկեինք, բայց կովի կյանքին վտանգ այլևս չէր սպառնում: Իսկ մի տաս րոպե անց ես պարզ ու հստակ զգացի «կայծակնային արագություն» ու «հաջորդ առավոտյան արթնացավ հայտնի» արտահայտությունների ողջ իմաստը: «Քաղաքի անտեղյակ ժողովրդից» մենք միանգամից վերածվեցինք «ազգի հերոսների, ովքեր կփրկեն այս գյուղը»: Ցերեկը Բորիսի մոտ մարդկանց հերթ էր, ձիանոցը նմանվել էր գուշակի կամ ժողովրդական բուժակի բնակավայրի: Իրավիճակի գագաթնակետը մի տարեց կին էր, ով գյուղի խանութում «բռնացնելով» Բորիսին, ասաց. «Բժիշկ ջան, շատ եմ խնդրում, իմ կովին էլ նայի»:
Ցերեկը ևս երկու կով սարում սատկեց՝ հասցնելով սարում և գյուղ իջեցրած սատկածների թիվը քսանութի: Իսկ նոթատետրիս երկու երրորդը պակասեց, այնքան բաղադրատոմս բաժանեցի, թե ինչ դեղ պիտի գնեն, որ իրենց կովին էլ սրսկենք: Հետո իջանք գյուղամեջ՝ գյուղի տղամարդկանց «գոյության կենտրոն»: Այնտեղ ինչպես ամեն օր գյուղապետի գլխավորությամբ գյուղի այն տղամարդիկ, ովքեր «խոպանում» չէին, «սեկա» ու նարդի էին խաղում: Գյուղապետին հարցրեցի, արդյոք եկել է անալիզի պատասխանը: «Վայ, շատ համառն ես է»,- կիսադժգոհ ծիծաղեց նա,- «էկել ա, գրավոր բան չեն տվել, բանավոր են ասել, բայց բան չհասկացա: Սպասի զանգեմ Նվերին (կովերը սար տանողին), իմանամ»:
Նվերն ասաց, որ պատասխանը պաստերելյոզ է և գյուղի անասնաբույժերը խոստացել են երեկոյան գնալ սար ու սրսկել կովերին: Նարդի խաղացողները մի պահ թողեցին իրենց զբաղմունքը, հավաքվեցին շուրջս ու խնդրեցին կրկնել հիվանդության անվանումը և ասել դրա բուժումը: Փաստորեն անալիզների պատասխանները (գյուղապետը դարձյալ չգիտեր ինչ անալիզների) մի քանի ժամ առաջ էր եկել, բայց նրանցից ոչ մեկին չէր էլ հետաքրքրել հարցնել, թե ինչից էին սատկել կամ դեռ հիվանդ իրենց կովերը:
Գյուղամեջում նոթատետրիս թերթերը վերջնականապես սպառվեցին, սակայն երբ կես ժամ անց նորից անցնում էինք գյուղամեջով, որ գնանք սար, այնտեղ էլ իրավիճակը տեսնելու, մարդիկ դեռ նստած էին այնտեղ ու շտապ դեղ գնելու փոխարեն օրհնում էին «փրկիչներին» ու առաջ քաշում համաճարակի պատճառի վարկածներ՝ «դե ինքը (Նվերը) էդքան անասուն ա տանում սար, պիտի անասնաբույժ էլ պահի, որ ժամանակ առ ժամանակ գնա սար, անասունը ստուգի (նախորդ տարիներին դա ոչ ոքի չէր մտահոգում)», «կարող ա ջրից լինի, կամ խոտի մեջ լինի վարակը»: «Տո ինչ ջրից, - համոզված ասաց մեկը, - էտ սաղ վրացիներից ա, ոչխարը բերում են, թափում են հենց էտ սարը, էդտեղից տանում են Պարսկաստան: Հաստատ դրանք բերած կլինեն էտ վարակը»: Ի վերջո, կարծեմ հաղթեց թուրքերի դիվերսիային վերաբերող վարկածը:
Նախիրը Բյուրականի սարերից մեկում է: Աաջինը, ինչ տեսանք, տասնհինգ օրեկան հորթուկի դին էր՝ գցած արածող կովերից մի քսան-երեսուն մետրի վրա: Մյուս կողմում կովերի դիեր էին: Քիչ այն կողմ կովի գլուխ ու ոտքեր էին ընկած, որից կծմծում էին շները: «Էս մի քանի օրն էնքան են կերել, որ ուտելները չի գալիս», - ասաց հովիվ Շահենը: «Էնքանը» վարակված միսն էր, որն ուտում էին շները, որոնց հետ խաղում էին Շահենի փոքր երեխաները:
Նվերը սարում չէր, պիտի գար երեկոյան անասնաբույժերի հետ: Ժամն արդեն ութն էր: Սարում կար երկու հարյուր ութսուն գլխաքանակ, որից քսանութն արդեն սատկել էր: Երկու հարյուր հիսուներկու կովին ե՞րբ պիտի հասցնեն սրսկել՝ մեր արդեն ձեռք բերած փորձից հաշվի առնելով, որ կովը բաց տարածքում է, կփախչի, դեռ բռնել է պետք, պահել:
Շահենը մեզ պատմեց, որ համաճարակը սկսել է ուրբաթ, հուլիսի քսանիննին: Որ միայն Նվերի սեփական կովերից տասնյոթը սատկել են:
Սակայն իրականում կովերը սկսել էին սատկել ավելի շուտ: Մի 6-7 կով էր սատկել սարում, երբ ողջ գյուղը խոսում էր օձի կծածի մասին: Հովիվ Շահենը հաստատում է օձի կծածի վարկածը՝ հիմնվելով «մեծերի խոսքի վրա, որոնք ասին, սա հաստատ օձի կծած ա»: Օձին ոչ ոք չի տեսել: Մի քանի օր առաջ սարից իջեցրած ու գյուղում սատկած հորթի մասին ևս կանչած անասնաբույժն ասաց՝ օձի կծած է: Այդպես ասելու հիմք բոլորովին չուներ: Բոլոր սատկած կովերի գլուխը թարախակալած էր ու ուռած: Ըստ անասնաբույժի՝ օձը այտից էր կծել: Թե ուր են օձի երկու ատամների հետքերը ու թե ինչպես օձը կարողացավ այդքան լայն բացել բերանը, որ կարողանա կծել այտը, անասնաբույժը չկարողացավ բացատրել՝ նույնպես խորհուրդ տալով քթերս չխոթել մի բանի մեջ, որից չենք հասկանում: Գյուղում հեշտությամբ հավատացին օձի վարկածին, որը դարանակալել էր մի տեղ ու սառնասրտորեն իրար հետևից յոթ կով կծել:
Հովիվ Շահենը հանգիստ պատմում է, որ արդեն հասկանալով, որ սա համաճարակ է, սկսել են մորթել այն հիվանդ կովերին, որոնք «սատկելու վրա են եղել»: Կամ էլ տերերն են իջեցրել գյուղ ու այնտեղ մորթել: Միսն էլ հանձնել են Երևան ու Էջմիածին: Իսկ իմ վրդովված «ինչ գիտեիք, ինչ վարակ է, ի՞նչ իրավունք ունեք մարդկանց թունավորելու» - ն զարմացած պատասխանեց՝ «այ քուր ջան, այ որ նորմալ անասնաբույժ ունենայինք, որ գյուղացիներին զգուշացներ, թե մի տարեք էդ միսը ծախեք, մի իջացրեք գյուղ, վարակը մի տարածեք, բա գյուղացին կծախե՞ր»:
Հովիվ Շահենը շատ ժամանակ չուներ խոսելու: Պիտի բարձրանար վերևի արոտավայրը, Օքսիտետրացիկլին – 200 սրսկելու արդեն հիվանդներին: Անասնաբույժերն ասել էին Նվերին, որ գնի դեղերը, պատրաստ պահի, իրենք գան, սրսկեն: Սակայն Շահենն արդեն ինքն էր սկսել, մինչև բժիշկների գալը:
Անասնաբույժերից շուտ ժամանած Նվերը պատմեց, որ արդեն շաբաթ առավոտյան, հուլիսի երեսունին, դիմել է Կարբիի անասնաբույժին՝ Ռուբեն Իգիթյանին, ով սպասարկում է նաև Ուշին: Նա էլ ասել է, թե անալիզները վերցրեք, տարեք Աշտարակ: Այսինքն՝ անասնաբույժն առանց իմանալու, թե ինչն է պատճառը, մարդուն, ով ոչինչ չի հասկանում բժշկությունից, հանգիստ խորհուրդ է տվել հերձել դիակը և կտրել կտոր թոքից, լյարդից ու փայծախից անալիզի համար: Իսկ Աշտարակի համապատասխան հաստատությունը փակ է եղել և շաբաթ, և կիրակի, և երկուշաբթի (մեռելոց էր): Նվերն էլ սպասել է մինչև երեքշաբթի, իսկ կովերը շարունակել են մեծ քանակով սատկել, ու նորից տարել անալիզները Աշտարակ, այնտեղից էլ իրեն ուղարկել են Երևան: Այնտեղ էլ ասել են, որ պիտի երեք օր սպասի անալիզների պատասխանին: Նվերն էլ զանգահարել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալին՝ Գրիշա Բաղիյանին, ով էլ Աշտարակի բժիշկներին ուղարկել է սար: Նրանք էլ մի բան էլ վրդովվել են, թե ինչու ես զանգել նախարարություն, խելոք սպասեիր էլի անալիզների պատասխաններին:
Ժամը 9-ին նոր սար ժամանած Կարբիի անասնաբույժեր Ռուբենի և Սմբատի պնդմամբ՝ իրենք առաջին երեք օրն էլ եկել են այստեղ: «Իրոք եկել են, ասում է Նվերը, նայել, նայել ու գնացել են»:
Անասնաբույժ Սմբատը, ով հրաժարվեց ասել իր ազգանունը, սկսեց բղավել ու փախչել ինձանից, հենց լսեց «լրագրող» բառը, սկսեց չափել կովերի ջերմությունը: Պարզվեց, իրենք պատրաստվում են սրսկել միայն արդեն ցայտուն ախտանիշներ՝ քթանցքներից հոսք, աղոտ աչքեր ու քառասունից բարձր ջերմաստիճան ունեցողներին: Ջերմաչափը դրվում էր մի երկու րոպե, իսկ մի կովինը, որը ոչ մի կերպ չէր կանգնում տեղում, առհասարակ չչափեցին: Ժպտերես, կատակասեր ու անտարբեր բժիշկ Ռուբենն ասաց՝ կովի անունն ասեք, գրեմ` նորմալ էր: Հարցիս, թե բա մյուս կովերին չեն սրսկելու պրոֆիլակտիկ, ասաց, եթե ֆինանսավորեմ, կսրսկեն անպայման: Իսկ հարցիս, թե ինչու չեն սկսել բուժումն ավելի վաղ ու փրկել մնացած կովերին, զարմացած պատասխանեց, թե անալիզի պատասխաններն այսօր են եկել, այսօր էլ սկսել են:
Մեր զանգահարած երկու անասնաբույժերից մեկը վաղուց արդեն աշխատում է միայն շների ու կատուների, այլ ոչ կովերի հետ, իսկ մյուսը, թեև պաշտպանել է թեզը սիբիրախտի վերաբերյալ, վաղուց արդեն զբաղվում է միայն ձիերով: Սակայն նրանք երկուսն էլ հեռախոսով, լսելով ախտանիշները, ասացին, որ ամենայն հավանականությամբ պաստերելյոզ է: Ապա ինչու՞ անասնաբույժերը, ովքեր աշխատում են առավելապես կովերի, ոչխարների, այծերի ու խոզերի հետ, մեկ շաբաթից ավել ոչ գլխի էին ընկնում, թե ինչ կարող է լինել, ոչ միջոց էին ձեռնարկում, ոչ էլ գոնե կարանտին էին հայտարարում ու արգելում էին կովերին գյուղ իջեցնել, այլ հանգիստ կանգնած նայում էին, թե ինչպես են մորթում ու հանձնում միսը, որը կրում է անհայտ վարակ, որը կարող է լինել և սիբիրախտ, որը կարող է մահացու լինել մարդու համար, տարածվել անմիջապես ողջ հանրապետությունով: Ինչու՞ սարի այդ հատվածը լեցուն չէր անասնաբույժերով, փորձագետներով: Ինչու՞ ոչ մի անասնաբույժ չեկավ գյուղ:
Օր երրորդ և չորրորդ, օգոստոսի հինգ, վեց
Մեր բուռն գործունեության երրորդ ու չորրորդ օրերին ավելի նման էինք շրջիկ անասնաբույժերի, քան ձիերի հետ աշխատողների: Դեղատան աշխատողը շնորհակալություն էր հայտնում Բորիսին առևտուրը բարելավելու համար ու հավաստիացնում, որ պահեստը լի է նոր հակաբորբոքայիններով, թող բոլորին ուղարկի, գնեն: Արդեն մի քանի հիվանդ կովի սրսկել ենք ու փրկել, մյուսներին սրսկել ենք պրոֆիլակտիկ, մի քանիսին էլ իրենց տերերն են սրսկում: Գյուղացիները Բորիսին տեսնելիս բղավում են՝ «բարև բժիշկ»: Արդեն սկսել են հետաքրքրվել՝ արդյոք իրենց նյարդային բորբոքումներին էլ կօգնեն դեղերը, որ սրսկում ենք կովերին: Գյուղում ոչ ոք, միևնույնն է, չի գիտակցում համաճարակի ողջ լրջությունը: Ուշիում այդպես էլ ոչ մի անասնաբույժ չերևաց: Չէ, մի երկու անգամ հայտնվեցին «անասնաբույժեր», որոնք գյուղացիներին առաջարկում էին հրաշք բուժումներ «թանկ, բայց արդարացված» գներով: Սակայն ողջ գյուղն արդեն միայն մեզ է հավատում: Ոչ միայն համաճարակի հարցում: Այսօր մի կին խնդրեց ինձ՝ իր կարծիքով ապօրինի անջատած իր գազի խնդիրն էլ լուծել…
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել