Ագարակի կոմբինատը փակվում է
Հետքի աղբյուրի հաղորդմամբ` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը փակվում է: Այդ մասին սեփականատերերը տեղյակ են պահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի Ագարակում սեփականատերերը կոմբինատի փակման մասին կտեղեկացնեն նաեւ աշխատողներին:
Հետքի աղբյուրի հաղորդմամբ` այս հարցի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել կառավարությունում, բայց կոմբինատի վերաբացման ժամկետների մասին խոսք չի եղել, քանի որ անհնար է կանխատեսել, թե որքան կտեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, եւ երբ կբարձրանան պղնձի գները միջազգային շուկայում:
Այս համատեքստում կասկածելի է դառնում Կապանի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատների աշխատելը: Առաջիկայում կտեղեկացնենք նաեւ այս կոմբինատների հետագա ճակատագրի մասին:
Հիշեցնենք, որ միջազգային շուկայում պղնձի գների անկման առաջին ազդեցությունը Հայաստանում զգացին Ագարակի կոմբինատում: Նոյեմբերի 5-ին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ բողոքի ցույց կազմակերպեցին, քանի որ ձեռնարկության տնօրինությունը պատրաստվում էր 1000 աշխատակիցներից 400-ին ուղարկել հարկադիր պարապուրդի և 30%-ով իջեցնել աշխատավարձերը:
Մի քանի օր տեւած գործադուլը դադարեցվեց, երբ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզ գործուղված Էնեգետիկայի եւ բնական պաշարների, Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները բանակցություններ վարեցին կոմբինատի սեփականատերերի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա երեք ամսվա ընթացքում կրճատումներ չանելու եւ աշխատավարձի չափը հնարավորինս պահպանելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել