HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրդողանի դավոսյան բանավեճից Հայաստանը ոչինչ չի շահի

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ-Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի դավոսյան բանավեճի արձագանքներին Թուրքիայում և արաբական աշխարհում հետևել են Արևելագիտության ինստիտուտի աշխատակից, թուրքագետ Արտակ Շաքարյանը և Ցեղասպանության ինստիտուտի փոխտնօրեն, արաբագետ Սուրեն Մանուկյանը: Այսօր «Հայելի» ակումբում հարցի շուրջ փորձագետները իրենց վերլուծություններն էին անում: Երկու բանախոսների կարծիքով` Էրդողանի դավոսյան բանավեճը Հայաստանին էական ոչինչ չի տալու: Իսրայելը չի ճանաչի ցեղասպանությունը, տարածաշրջանում չեն լինի կտրուկ փոփոխություններ, Հայկական հարցի վրա այս միջադեպը չի անդրադառնա. «Շատ ավելի հին են ավանդույթները թուրք-իսրայելական հարաբերությունների, բացի դրանից` երբեք չպետք է կապել Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրք-իսրայելական հարաբերությունների հետ, ինչ-որ չափով դա կա, բայց Իսրայելում դա սեփական Հոլոքոստի հետ համեմատության եզրեր չունի»,- համոզված է Սուրեն Մանուկյանը: Թուրքագետի վկայությամբ` Էրդողանին Թուրքիայում, ինչպես նաև արաբական երկրներում ընդունել են որպես հերոսի: Երեկ նույնիսկ Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը ցուց է տվել, որ Գազայի նորածինների անունները դնում են կամ Ռեջեբ-Թայիփ, կամ նրա կնոջ` Էմինեի անունով: Նրան համարում են բոլոր իսլամիստների և մահմեդականների առաջնորդը. «Ինքը արեց այն, ինչը չէին անում արաբական աշխարհի առաջնորդները: Նույնիսկ ընդդիմությունն է գովեստով խոսել Էրդողանի այս արաքի մասին»,-ասաց Արտակ Շաքարյանը: Սուրեն Մանուկյանի հավաստիացմամբ` արաբական Փողոցի (հասարակության) և արաբական կառավարության մոտեցումները մի փոքր տարբեր էին: Արաբական փողոցը ոգևորությամբ է ընդունել Էրդողանի քայլը, իսկ կառավարություններն ավելի սառը վերաբերմունք են դրսևորել: «Էրդողանն արեց այն, ինչ պետք է արաբական փողոցին, և ոչ այն, ինչ պետք էր արաբական կառավարությանը: Արաբական կառավարությունները միանշանակ չեն վերաբերվում Համասի իշխանության նկատմամբ»: Արևելագետի խոսքերով` Էրդողանը հանդես եկավ որպես միասնական առաջնորդ, սկսվեց նշմարվել մի միասնական լիդերի կերպար: Շաքարյանը նույնպես համաձայնեց, որ Թուրքիան իր ձեռքը վերցրեց առաջնորդությունը: Ըստ որոշ վերլուծաբանների` Իրանն էր դարձել Մերձավոր Արևելքի մահմեդական աշխարհի առաջնորդը, հակաիսրայելական ճակատի առջնորդը, և Թուրքիան այս քայլով Իրանի ձեռքից վերցրեց նախաձեռնությունը: Չնայած, ըստ բանախոսների, կան նաև որոշ մեկնաբանություններ Շ. Պերեսի հետ լեզվակռվի` սցենարի տեսք ունենալու վերաբերյալ: Ա. Շաքարյանի կարծիքով` Էրդողանի այս քայլը կարող էր նաև ներքաղաքական ակցիայի մաս լինել, քանի որ Թուրքիայում մարտի 29-ին ՏԻՄ ընտրություններն են: «Այսօր Էրդողանի ղեկավարած կուսակցությունը հավաքում է 45-46 տոկոս, այս քայլից հետո սպասվում է 5-10 տոկոսի աճ: Հաշվի առնելով այն, որ Թուրքիայում այսօր իսլամիզմը աճ է ապրում, և պետք է նրանց գրավել դեպի ուժեղ առաջնորդը, միանշանակ ներքին քաղաքականության համար էական է»,- կարծում է բանախոսը: Ս. Մանուկյանը ևս հիշեցրեց փետրվարի 10-ին Իսրայելում տեղի ունենալիք ընտրությունները, որտեղ Պերեսը բացահայտ կերպով պաշտպանելու է ձախերին, և այս քայլով նա հանդես է գալիս պետության պաշտպանի դերում: «Սա նախընտրական սցենարի մի քայլ էր նաև Շ. Պերեսի կողմից, որը բեմականացում էր հիշեցնում»,- ասաց արաբագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter