Իջեւանի քաղաքապետը կամավոր չի կատարում դատարանի որոշման պահանջը
Ինչպես ընթերցողներին տեղեկացրել էինք, նոյեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանը (Սեւանի նստավայր) մասնակիորեն բավարարել էր «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի հայցն ընդդեմ Իջևանի քաղաքապետի:
«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2008թ. մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրությունը եւ այն որոշումը, որով Իջեւան քաղաքի համայնքային բյուջեից 930.000 դրամ է հատկացվել նույն կազմակերպության դեմ «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով Երեւանի Քաղաքացիական դատարանում քննվող գործով փաստաբանական ծառայության մատուցման համար:
Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մերժել էր ավագանու որոշումները տրամադրել` «հնարավոր շահարկումներից խուսափելու» պատճառաբանությամբ եւ ասել, թե դրանք կտրամադրի դատական պրոցեսն ավարտվելուց հետո:
Դատարանը Իջեւանի քաղաքապետին պարտավորեցրել էր 5-օրյա ժամկետում, այսինքն`մինչեւ դեկտեմբերի 1-ը, «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել 2008թ. մայիսի 23-ի ավագանու նիստում ընդունված որոշումների պատճենները: Միաժամանակ` համայնքի բյուջեից հօգուտ հասարակական կազմակերպության բռնագանձել հայցի համար վճարված պետական տուրքը (8.000 դրամ):
Քանի որ Իջեւանի քաղաքապետը մինչ օրս կամավոր կերպով չի կատարել դատարանի որոշման պահանջները, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն դիմել է Վարչական դատարան` կատարողական թերթ ստանալու: Փետրվարի 5-ին Վարչական դատարանի Սեւանի նստավայրից ստացված կատարողական թերթի հիման վրա կազմակերպությունը կդիմի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի վերջինս Իջեւանի քաղաքապետին հարկադրի կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել