
Առաջիկա օրերին Երևանի քաղաքապետարանում կկազմակերպվի կրպակների ապամոնտաժման խնդրի քննարկում
Ապամոնտաժման սպառնալիքի տակ հայտնված շուրջ 3000 կրապակատերերի բողոքի ակցիան նոր թափ է հավաքում՝ ի դեմս դրան միացող նորանոր խմբերի: Այսօր՝ առավոտյան, ժամը 9:00-ից Երևանի քաղաքապետարանի մոտ էր հավաքվել ոչ միայն Փափազյան, այլև Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի ու Երևանի այլ վարչական շրջանների շուրջ 100 կրպակատեր: Նրանց հետ էին նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Դեռևս օգոստոսի 2-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես դիմել էր Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով առժամանակ ձեռնպահ մնալ կրպակների հարկադիր ապամոնտաժման աշխատանքներից ու քաղաքապետարանում շահագրգիռ անձանց ու կրպակատերերերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել խնդրի քննարկում:
Պատգամավորը առաջարկել էր այդ քննարկման ընթացքում ուսումնասիրել վարձակալության պայմանագրերը թարմացնելու (որոշների ժամկետներն ավարտվել են, և համապատասխան վարչական շրջանները, առանց հիմնավորումներ ներկայացնելու, ամիսներ շարունակ հրաժարվում են ժամկետները երկարացնելուց), ոչ լիարժեք հիմքերով պայմանագրերը իրավական առումով պատշաճ տեսքի բերելու և բոլորի համար 2015թ. դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետ սահմանելու («Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա վարձակալության պայմանագրի ժամկետների կանոնակարգման մասին» Երևանի քաղաքապետի 22 նոյեմբերի 2006թ. թիվ 2005-Ա որոշումը, որի 2.1.կետով անորոշ ժամկետով վերակնքված պայմանագրերի գործողության հնարավոր առավելագույն ժամկետ է ամրագրված 2015թ. դեկտեմբերի 31-ը) տարբերակները:
Այսօր «Ժառանգության» պատգամավորները փորձեցին քաղաքապետարանից պարզել պատգամավորի գրության պատասխանը: Անահիտ Բախշյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին քաղաքապետարանում անպայման կնշանակվի հիշյալ քննարկումը:
«Ժառանգության» պատգամավորները մասնակցեցին Երևանի ավագանու՝ ժամը 12:00-ին գումարված արտահերթ նիստին, որի վերջում Անահիտ Բախշյանը ավագանուն առաջարկեց քննարկել հարցը:
Երևանի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց հարցը նախնական կարճ քննարկել իր սենյակում, որտեղ տեղեկացրեց, որ ի պատասխան «Ժառանգության» պաշտոնական առաջարկի՝ պատշաճ կարգով գրություն կուղարկվի առաջիկա երկու օրերին քաղաքապետարանում հարցը քննարկելու մասին՝ մինչ այդ երկու կողմից համաձայնեցնելով մասնակիցների ու քննարկման ձևաչափը:
Կարճատև հանդիպման ավարտին պատգամավորները Երևանի քաղաքապետին հորդորեցին մինչև քննարկումը և լուծումներ գտնելը ձեռնպահ մնալ հարկադիր ապամոնտաժման գործողություններից:
«Ժառանգության» պատգամավորները բողոքող կրպակատերերին տեղեկացրին հանդիպման մասին և հորդորեցին նախապատրաստվել քննարկմանն ու իրենց կազմից ընտրել ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն նրանց շահերը:
Չբավարարվելով Երևանի քաղաքապետարանի մոտ իրենց շուրջ 4-ժամյա բողոքի ակցիայով՝ կրպակատերերը որոշեցին կառավարությանը նույնպես լսելի դարձնել իրենց ձայնը, ինչպես նաև ստանալ օգոստոսի 2-ին «Ժառանգության» պատգամավորների հետ միասին նրանց հանձնած բողոք-դիմումի պատասխանը:
Պատգամավորներ Սաֆարյանին և Բախշյանին ընդունեց կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ դիմումը ուղարկվել է Երևանի քաղաքապետարան՝ քննության առնելու և արդյունքների մասին թե դիմողներին, թե կառավարության աշխատակազմին տեղյակ պահելու ակնկալիքով:
Խնդրի նկատմամբ կառավարության կողմից վերահսկողություն իրականացնելու մասին
Պատգամավորները և կառավարության վարչության պետը կրպակատերերին իրազեկեցին, որ կառավարությունը վերահսկում է խնդիրը: Կրպակատերերին տրամադրվեց գրության պատճեն:
«Ժառանգության» պատգամավորները տեղեկացրին, որ կաշխատեն սպասվող քննարկմանն ապահովել այլ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությունը, և կրպակատերերին առաջարկեցին լինել մշտական կապի մեջ:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի նամակների բաժնում դեռևս մուտք չի եղել քաղաքապետարանի պատասխանը՝ խնդրո առնչությամբ հարցի քննարկման օր առաջարկելու մասին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել