HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Տիգրան Սարգսյանի քաղաքական ֆենոմենը

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արմատական ընդդիմությանը կրկին համագործակցության առաջարկ արեց: «Մենք ուզում ենք համագործակցել ընդդիմության հետ և առաջարկել ենք շատ լուրջ համագործակցության գործիք, այն է` հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիթորինգի իրականացում»,- հայտարարեց նա:

Նման առաջարկ նա արել էր նաև անցյալ տարվա կեսերին, սակայն ոչ այն ժամանակ, և ոչ էլ հիմա ընդդիմությունը որևէ կերպ դրանց չարձագանքեց: Արդյոք Տիգրան Սարգսյանն այդքան անլուրջ է ընկալվում ընդդիմադիր շրջանակներում: Անցյալ տարի հուլիսին, երբ վարչապետը և ընդդիմության լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեցին «Ժառանգություն» կուսակցության համագումարի շրջանակներում, վերջինս բարեկամաբար մի քանի «խրատներ» տվեց Տիգրան Սարգսյանին:

Դա ընդգծեց ընդդիմության լոյալ վերաբերմունքը վարչապետի նկատմամբ: Թեև դա ավելի շատ անձնավորված, քան քաղաքական վերաբերմունք էր, սակայն այդպիսով ընդդիմության լիդերը ցույց տվեց այն հնարավոր խողովակը, որով իշխանությունը կարող է ընդդիմության հետ երկխոսության կամուրջներ ստեղծելու հույսեր ունենալ:

Դրա համար նպաստավոր երկու հիմնական գործոն կա: Առաջինը իշխանության վերնախավում գտնվողների ֆոնին Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ իմիջը, լայն աշխարհըմբռնումը և ամենակարևորը՝ լիբերալ տնտեսա-քաղաքական կողմնորոշումն են, որոնք գաղափարական լուրջ ընդհանրություններ են ստեղծում ընդդիմության լոկոմոտիվ ուժի` տեր-պետրոսյանական կամ ՀՀՇ-ական շրջանակների հետ: Երկրորդ` Սարգսյանի ապաքաղաքականացվածությունը, տեխնոկրատ լինելու հանգամանքը բախումների ավելի քիչ դաշտ է ստեղծում:

Սակայն, այս գործոններով հանդերձ, ընդդիմությունը Տիգրան Սարգսյանին ընկալում է որպես իշխանության մեջ «ժանիքներից զրկված միայնակ գայլի», ով չունենալով քաղաքական բավարար փորձառություն` պրոցեսների վրա ներգործելու լծակներ, չի կարողանում ազդել քաղաքական հիմնական որոշումների կայացման վրա և, կամա թե ակամա, ոչ միայն դառնում է դրանց կատարողը, այլ անմիջականորեն իր վրա է վերցնում դրանց հետևանքների պատասխանատվությունը:

Դրա արդյունքում Տիգրան Սարգսյանի գործողությունները և հայտարարությունները սկսում են պոպուլիզմի տպավորություն թողնել` աստիճանաբար փոշիացնելով նրա հեղինակությունը: Դա թույլ չի տալիս ընդդիմությանը հավատալու, որ վարչապետը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, ի վիճակի է համարձակ քայլեր կատարելու քաղաքական կամք դրսևորել: Ամենավերջին օրինակը` կապված դատական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթները կառավարության կողմից ԱԺ ներկայացնելու փաստի հետ, հենց Տիգրան Սարգսյանի նկատմամբ անվստահության մեծացման լուրջ նախադրյալներ է ստեղծում: Խնդիրն այն է, որ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանի դահլիճից ամբաստանյալին հեռացնելու և դատաքննությունը նրանց բացակայությամբ շարունակելու իրավասություն սահմանող այդ փաթեթը, որն անմիջապես ընկալվեց որպես «Յոթի գործի» տակից դուրս գալու ջղաձիգ քայլ և քննադատաբար մեկնաբանվեց ինչպես ՄԻՊ Արմեն Հարությունյանի, մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, խորհրդարան մտավ հապճեպորեն` առանց հանրային քննարկման միջոցով փորձաքննության ենթարկվելու: Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ, վարչապետի պաշտոնում նշանակվելուց գրեթե անմիջապես հետո, ապրիլին նոր ձևավորված կառավարության հենց առաջին նիստի ընթացքում Տիգրան Սարգսյանը հայտարարում էր. «Մեր կողմից ընդունվող որոշումները պետք է դառնան հանրության քննարկման առարկա: Այս սկզբունքը ենթադրում է, որ հասարակության անդամները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու առաջին` նախագծերի մշակման գործընթացին, երկրորդ` նախագծերի քննարկման գործընթացին, երրորդ` ընդունված նախագծերի վերաբերյալ մենք պետք է ունենանք փոխադարձ կապ հասարակության հետ: ...Այն երեք սկզբունքները, որ ես մատնանշեցի, պետք է կիրառվեն ոչ միայն կառավարության, այլ նաև նախարարությունների կողմից»: Խոսքի և գործի այս ակնհայտ հակադրությունը չի կարող ընդդիմության մոտ լուրջ հարցականներ չառաջացնել առ այն, թե ընդհանրապես վարչապետը կարողանում է ազդել գոնե այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնց վերաբերյալ նախկինում սկզբունքային դիրքորոշում է հայտնել:

Ընդդիմությանը համագործակցության կոչ անող վարչապետն այդ փաթեթը խորհրդարան ներկայացնելիս չէր կարող հաշվի չառնել այն փաստը, որ քաղաքական մոտիվներով ազատազրկվածների հարցը նույն այդ ընդդիմության համար ամենասկզբունքային հարցն է և նախապայման է համարվում իշխանության հետ երկխոսություն սկսելու համար:

Նման խնդիրներն անմիջապես հասկանալի են դարձնում համագործակցության կոչ անելու` Տիգրան Սարգսյանի և իշխանության իրական շարժառիթները: Առաջին հերթին խնդիրը հենց Սարգսյանի կամ ավելի ճիշտ նրա քաղաքական կարիերայի մեջ է:

Ներկայիս վարչապետը լավ հասկանում է, որ առկա քաղաքական իրադրության պայմաններում իշխանության ամենաթույլ օղակն ինքն է, որովհետև չի ներկայացնում իշխող կոալիցիոն ուժերից և ոչ մեկը և փաստացի շատ նպաստավոր քավության նոխազ է նրանցից յուրաքանչյուրի համար: Իրենց անթաքույց դժգոհությունը վաչապետի գլխավորած կառավարությունից ներկայումս արդեն իսկ հայտնում են «Բարգավաճ Հայաստան»-ը և որոշ չափով` ՀՅԴ-ն:

Պարզ է, որ իշխանության ներսում ուժերի բալանսի ցանկացած փոփոխության դեպքում առաջին հարվածը հասնելու է հենց նրան: Այս ամենի ֆոնին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները և դրանով պայմանավորված ներիշխանական նկատելի լարվածությունը ստիպում են Տիգրան Սարգսյանին միջոցներ ձեռնարկել` հնարավորինս ապահովագրելու իրեն:

Սակայն, դրա համար չունենալով քաղաքական բավարար ռեսուրս, նա ստիպված է ապավինել այնպիսի գործոնների, որոնք կմեծացնեն նրա պահանջարկն իշխանության համար: Այս տեսակետից քաղաքական հարաբերական չեզոքության պահպանումը, ընդդիմության հետ երկխոսության և անհրաժեշտության դեպքում փոխզիջումների հասնելու ունակությունը հիանալի գործիք են դառնում նրա համար:

Բայց եթե միայն սա լիներ իրական շարժառիթը, ապա ընդդիմությանն ուղղված` հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիթորինգ իրականացնելու առաջարկությունը պետք է որ Սարգսյանի միայն անձնական նախաձեռնությունը լիներ` ի հեճուկս իշխանության կողմից որդեգրված քաղաքական կուրսի:

Սակայն վարչապետի այդ առաջարկության նկատմամբ կոալիցիայի և նախագահի կողմից դրսևորած լոյալությունը հուշում է, որ դա ընդհանուր քաղաքական որոշման արդյունք է կամ, համենայնդեպս, համընկնում է իշխանության տրամադրվածության հետ:

Սարգսյանին ընդդիմության հետ հարաբերվելու որոշակի ազատություն տալով` իշխանությունը զուտ քարոզչական նկատառումներով պարզապես ուզում է ավելորդ անգամ հաստատել երկխոսության պատրաստ լինելու իր կեցվածքը: Սակայն այդ առաջարկությունն անելու համար կարող է լինել ևս մեկ պատճառ: Դրանով իշխանությունը կարող է փորձել պարզել, թե ինչ տրամադրություններ են տիրում ընդդիմադիր դաշտում, հատկապես ԵԽ-ի հետ կապված վերջինիս հույսերի ձախողումից հետո:

Եթե ՀԱԿ-ից այդ առաջարկության արձագանքը լիներ համեմատաբար մեղմ, ապա հասկանալի կլիներ, որ անկախ մարտի 1-ին հանրահավաք անցկացնելուց` ընդդիմությունը տակտիկական անորոշության մեջ է և գոնե մոտակա ժամանակահատվածում որևէ իրական վտանգ չի ներկայացնում: Սակայն ՀԱԿ-ն ընդգծված անտարբերություն է ցուցաբերում Տիգրան Սարգսյանի առաջարկի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter