
«Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխել, բայց ժամեր անց հիվանդին հայտնաբերել են փողոցում ընկած
Օգոստոսի 4-ին` ժամը 23-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի 56Ա շենքի բնակիչուհի Սվետլանա Դանախուլյանը հարեւանների կանչով ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկները Սվետլանային հիվանդանոց են տարել «բարձր ջերմություն» ախտորոշմամբ:
Հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նրան 5-րդ հարկից պառկած վիճակում են իջեցրել ներքեւ: Սակայն շենքի բնակիչները զարմացել են, երբ գիշերը ժամը 1-ին, ընդամենը ժամեր առաջ հիվանդանոց տեղափոխված հիվանդին հայտնաբերել են շենքի բակում՝ գետնին ընկած:
Գարեգին Նժդեհի 56Ա շենքի համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանը, ով ապրում է նույն շենքում եւ անձամբ է օգնել բժիշկներին` Սվետլանային պատգարակով իջեցնեն ներքեւ, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքն է գիշերվա ժամը 1-ին պատուհանից նկատել, որ մոտ 70 տարեկան հիվանդ կինը գետնին ընկած է:
Նա մի պահ աչքերին չի հավատացել, որ գետնին ընկած տարեց կինը ժամեր առաջ հիվանդանոց տարած իրենց շենքի բնակիչուհին է եւ զանհագարել է շտապօգնության ծառայություն, որպեսզի տեղեկանա, թե Սվետլանա Դանախուլյանին որ հիվանդանոցն են տարել: Նրան ասել են, որ կնոջը տեղավորել են «Էրեբունի» հիվանդանոցում:
Լ. Սարգսյանը, պատուհանից լուսավորելով գետնին ընկած կնոջը, համոզվել է, որ ընկածը Սվետլանան է: Նա զանգահարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որպեսզի հասկանա իրավիճակը, սակայն այնտեղից պատասխանել են, թե Սվետլանան իրեն լավ է զգացել եւ տաքսիով ուղարկել են տուն:
«Այդ պահին ես եմ զանգել հիվանդանոցի բժիշկներին ասել, որ անհարմար է, հիպոկրատի երդում են տվել, բայց հիվանդին բերել գցել են գետնին ու գնացել են: Ինձ էլի ասում են, որ շատ լավ էր իրեն զգում, տաքսիով ուղարկել ենք, բայց այդպես չէր, Սվետլանան կենտրոնացած չէր, վիճակը շատ վատ էր: Գիշերվա կես էր, վախեցա միայնակ իջնեմ ներքեւ, Սվետլանայի հարեւաններին եմ զանգահարել, միասին իջել ենք նրա մոտ: Նորից զանգահարեցինք շտապօգնություն, եկան տարան: Ինքը վատ վիճակի մեջ էր»,-պատմում է Սվետլանա Սարգսյանը:
Հարեւանները փորձել են հենց գիշարվա կեսին տեղեկացնել նախարարության աշխատակիցներին, թե ինչպես են բժիշկները վարվել հիվանդի հետ: Զանգահարել են նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել:
«Ահավոր բան էր: Կարո՞ղ է կատվի ձագ է, որ բերել շպրտել գնացել են: Մինչեւ հիմա ես բարկացած եմ, գոնե մեկ գիշեր պահեին, սիստեմա միացնեին նոր ուղարկեին տուն: Այդ խեղճ կինը բակի մեջտեղն ընկած էր, եթե մեքենա այդ կողմով անցներ, կընկներ տակը: Այդ օրը նա անտարբերության զոհ էր, տեր չունի, բժիշկները բերել շպրտել ու գնացել էին»,-ասում է Լարիսա Սարգսյանը:
Նշենք, որ Սվետլանա Դանախուլյանը հոգեկան շեղումներ ունի: Ապրում է միայնակ: Թեեւ հարազատներ ունի, սակայն նրանով հետաքրքրվողներ չկան:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ Հասմիկ Սայանը այլ կերպ ներկայացրեց իրավիճակը; Տեղեկանալով, որ Սվետլանայի հարեւանները դժգոհություն են հայտնել բժիշկների վերաբերմունքից` ասաց, թե ինքը հիասթափված է իր գործից ու մասնագիտությունից:
Հ. Սայանը պատմեց, թե դեպքի օրը ընդունարանի հերթապահ բժշկուհին զանգահարել է իրեն եւ հայտնել, որ բարձր ջերմության ախտորոշմամբ իրենց մոտ բերել են մի հիվանդի, սակայն այդ պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 37.1: Ընդունարանի բաժնի վարիչի ասելով՝ Սվետլանան հիվանդանոցում իրեն պահել է շատ ագրեսիվ, չի թողել չափեն արյան ճնշումը, սրտի աշխատանքը լսեն:
«Մի կերպ սոնոգրամա եւ ռենտգեն են արել, սակայն նյարդաբանը ասել է, որ լավ կլինի համակարգչային ստուգում անցնի, տարել են, որ այդ զննումն էլ անցնի, բայց հիվանդը չի պառկել, բժիշկներին ճանկռել է: Հետո հետ են տարել, սակայն պառկած տեղից վեր է կացել, սկսել է գոռգոռալ, թե մի տարեք, տանում եք սպանեք եւ սկսել է հայհոյել»,-ասում է Հ. Սայանը:
Վերջինիս խոսքերով, դրանից հետո բժիշկները նորից զանգահարել են իրեն, թե հիվանդը չի ենթարկվում եւ դեպի դուրս է գնում: Ցանկացել են շտապօգնության ավտոմեքենայով նրան տուն տանել, սակայն ոչ մի կերպ մեքենա չի նստել, եւ, Հ. Սայանի ասելով, ինքն է բժիշկներին ասել, որ տաքսիով տանեն տուն:
«Բուժաշխատողը հետն է եղել, բակում հիվանդը նույնիսկ հարվածել է բուժաշխատողին»,-ավելացնում է Հ. Սայանը:
Ընդունարանի բաժնի վարիչն ասում է, թե Սվետլանան կեղտոտ է եղել եւ իր իսկ կարգադրությամբ նրա ձեռքերը կապել նոր են լողացրել, քանի որ բուժաշխատողներին չի ենթարկվել: Հրավիրել են հոգեբույժ, որ նրան մի քիչ հանգստացնի: Այժմ նա «Էրեբունի» հիվանդանոցում է, ստանոմ է ոչ լիարժեք բուժում, քանի որ չի թողնում բժիշկներն իրեն մոտենան: Երբ Սվետլանայի վիճակը հանդարտվի դրանից հետո կորոշեն, թե որտեղ են նրան տեղափոխելու:
Հասմիկ Սայանն ասում է, երբ տաքսիով հիվանդին ուղարկել են տուն, եւ հարեւանները զանգահարել են հիվանդանոց, դրանից հետո բուժքույրն է շտապօգնության մեքենա ուղարկել Սվետլանայի հետեւից, որ երկրորդ անգամ նրան տեղափոխեն հիվանդանոց, մինչդեռ Սվետլանայի շենքի համատիրության նախագահն ասում է, որ շենքից են շտապօգնություն զանգահարել:
Այն, որ Սվետլանա Դանախուլյանը հոգեկան հիվանդ է, ոչ ոք չի ժխտում, սակայն ինչպե՞ս եղավ, որ հարեւանների բարձրացրած աղմուկից հետո հնարավոր եղավ մի քանի օր նրան պահել հիվանդանոցում, իսկ օգոստոսի 4-ին բժիշկներին դա անել չհաջողվեց, եւ հիվանդ ու ծեր կինը հայտնվեց փողոցում՝ գետնին ընկած:
Շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի նամակով դիմել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Նշենք, որ «Էրեբունի» հիվանդանոցը պատկանում է հենց նախարար Քուշկյանին:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել