Ռ. Սահակյան. «Պետք է ազատվել պատվեր կատարող մորթապաշտ դատավորներից»

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը պատասխանում է ընթերցողների հարցերին
Անուշ - Փաստաբանների պալատի էթիկայի հանձնաժողովում 2008 թ. քանի փաստաբանի վարքագիծ է քննարկվել, եւ արդյունքում ինչպիսի որոշումներ են կայացվել: Նույն ժամանակահատվածում քանի փաստաբան է զրկվել փաստաբան աշխատելու իրավունքից:
Ռ. Սահակյան - Փաստաբանների պալատում գործում է կարգապահական հանձնաժողով, որը քննարկում է փաստաբանների դեմ ներկայացված բողոքները։ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը եւ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու հիմքով 2008 թ. կարգապահական վարույթ է հարուցվել 18 փաստաբանի նկատմամբ: Վարույթներ հարուցելու դիմումներ են ներկայացրել քաղաքացիները, փաստաբանները եւ դատավորները: Կան վարույթներ, որոնք քննարկելուց հետո հանձնաժողովը պարզել է, որ փաստաբանը խախտումներ թույլ չի տվել, եւ վարույթները կարճվել են: Սակայն առկա են նաեւ վարույթներ, որոնց քննարկման արդյունքում շատ էական խախտումներ են ի հայտ եկել, որոնց համար փաստաբաններից 12-ի նկատմամբ տույժ է կիրառվել` նկատողություն, եւ մեկ դեպքում` խիստ նկատողություն: Փաստաբաններից 4-ի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը դադարեցվել է անդամավճարի մեծ պարտքեր կուտակելու պատճառով:
Հրայր -1988 թվականի փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի փաստը միջազգային ատյաններ այդպես էլ չհասան, եւ որեւէ գնահատական չեղավ: Այդ գործի նյութերը նույնիսկ չեն հավաքվել մի տեղ, դատավարությունները Ռուսաստանում են անցկացվել, եւ բոլոր նյութերը մնացել են այնտեղ: Ինչու առայսօր պետությունը, (իմ կարծիքով` դա պետք է աներ Արտաքին գործերի նախարարությունը) չի ուզում այդ նյութերը ձեռք բերել եւ Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու հարցը միջազգային ատյաններում բարձրացնել:
Ռ. Սահակյան - Այո, սումգայիթյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը մասնատվել էր ըստ առանձին կատարողների և քննության ուղարկվել ԽՍՀՄ տարբեր մարզերի դատարաններ։ Ես մասնակցել եմ դրանցից մեկի դատավարությանը, որը տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքում 1988 թ. հոկտեմբերին։ Այդ գործի նյութերը ձեռագիր արտագրված վիճակում գտնվում են ինձ մոտ։ Գրեթե նույն ժամանակ Մոսկվայում ընթանում էր մեկ այլ դատավարություն, որին մասնակցում էին փաստաբաններ Ռուբեն Ռշտունին և Պոլինա Շապոշնիկովան։ Նրանք նույնպես ունեն քրեական գործի նյութերի պատճենները։ Հիշյալ երկու գործերի նյութերը դրվել են գրող Սամվել Շահմուրադյանի գրքի հիմքում։ Հիշյալ քրեական գործի վերաբերյալ դատավարություններ տեղի ունեցան նաև Ռուսաստանի այլ դատարաններում, և միանգամայն ճիշտ եք, որ այդ նյութերը չհավաքվեցին մեկտեղ։ Չեմ կարող ասել, թե ինչու։ Համաձայն եմ, որ թերևս Արտաքին գործերի նախարությունը պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ այդ նյութերը, փաստորեն, արտասահմանում են գտնվում։
Փաստաբան -1. Ձեր ընտրվելու ժամանակ դուք խոստացել եք Փաստաբանների պալատում կոնկրետ գործերով կազմակերպել քննարկումներ: Նման քանի քննարկում եք կազմակերպել: 2. Ձեր փաստաբանական գործունեության ընթացքում քանի անգամ եք արձանագրել, որ դատավորը կայացրել է ապօրինի վճիռ կամ դատավճիռ: Նման դեպքերում ինչ եք անում դուք: 3. Ճիշտ է, որ դուք ՀՅԴ անդամ եք:
Ռ. Սահակյան - Այո, խոստացել եմ։ Մինչ օրս նման չորս քննարկում ենք անցկացրել՝ փաստաբանության և դատաիրավական համակարգի մյուս սուբյեկտների մասնակցությամբ: Քննարկման ներկայացված թեմաները շատ առանցքային են եղել արդարադատության կայացման տեսակյունից, եւ որոշակի հարցերի վերաբերյալ միատեսակ դիրքորոշում է ձեւավորվել` կողմնորոշելով եւ' փասռտաբաներին, եւ' դատավորներին: Որոշ գործերով կատարված անօրինականությունների վերաբերյալ Պալատն իր դիրքորոշումն արտահայտել է մամուլի ասուլիսներով։ Քննարկումներ պարբերաբար կազմակերպվում են նաեւ Պալատին կից գործող ակումբում, որտեղ փաստաբանները քննարկում են եւ' կոնկրետ գործերով դատավորների կատարած անօրինականությունները, եւ' իրավական այն թնջուկները, որոնք ի հայտ են գալիս դատաքննության ընթացքում: Արդեն 24 տարի է, ինչ զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ։ Բնական է, վիճակագրություն չեմ վարել, թե, ըստ իս, քանի ապօրինի վճիռ է կայացվել։ Ներկայացրել եմ բողոքներ տարբեր ատյաններ՝ վերաքննիչ, վճռաբեկ (նախկինում գերագույն) դատարաններ, դիմել եմ լրատվամիջոցներին, անցկացրել եմ ասուլիսներ։ Հազվադեպ է եղել, որ «ներեմ» ու ոչինչ չձեռնարկեմ։ Իմ պատճառով մեկ դատավորի չնշանակեցին հաջորդ ժամկետի համար՝ իհարկե այլ պատճառաբանությամբ, բայց հանրահայտ դեպք է և նույնիսկ տեղ է գտել իրավաբան գիտնականներից մեկի գրքում։ ՀՅԴ անդամ չեմ, սակայն համակրում եմ Դաշնակցությանը։
Ռուզան - Կան դեպքեր, երբ փաստաբանները խաբում են իրենց պաշտպանյալներին: Նման բողոքներ ստացել է Պալատը քաղաքացիներից, եւ ինչ է լինում այդ բողոքների հետ:
Ռ. Սահակյան - Բողոքներ ստացվում են, եւ դրանց հիմքով Պալատի խորհուրդը կարգապահական գործ հարուցելու որոշում է կայացնում: Պալատի կարգապահական հանձնաժողովը նյութեր է նախապատրաստում եւ մանրակրկիտ ուսումնասիրում է բողոքում ներկայացված փաստարկները: Անօրինականության փաստը հաստատվելու դեպքում խորհուրդը կարգապահական տույժեր է կիրառում փաստաբանի նկատմամբ՝ նկատողություն կամ խիստ նկատողություն։ Դա տեղի է ունեցել իմ պաշտոնավարման բոլոր տարիների ընթացքում։ Իհարկե, Ամերիկայի եւ Եվրոպայի փաստաբանների կարծիքով` կարգապահական վարույթների թիվը քիչ է մեզ մոտ, սակայն դրա պատճառը մեր հասարակության ցածր իրավագիտակցությունն է: Նրանք շատ հաճախ չեն ընկալում փաստաբանի կատարած օրինախախտումները, բացի այդ` հետեւողական չեն նման դեպքերում դիմում - բողոքներ ներկայացնելու հարցում:
Լիանա -1. Ի՞նչ միջոցներ եք կիրառում Փաստաբանների պալատի գործունեության մասին փաստաբաններին եւ հանրությանը իրազեկելու ուղղությամբ: 2. Ձեր ընտրության ժամանակ փաստաբաններին խոստացաք հիմնել փաստաբանական դպրոց: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ: 3. Ազգային ժողովը բարեփոխումների անվան տակ պարբերաբար փոփոխություններ է կատարում դատավարական օրենսգրքերում, սակայն առժամանակ հետո պարզվում է, որ դրանք հետընթաց են ապահովել, ոչ թե առաջընթաց: Փաստաբանները մասնակցություն ունենու՞մ են օրենքների քննարկմանը, եթե այո, ապա ինչպե՞ս:
Ռ. Սահակյան - Մեկ տարուց ավելի է, ինչ հրատարակում ենք «Փաստաբան» ամսագիրը, որտեղ հրապարակվում են Փաստաբանների պալատի գործունեությանը վերաբերող նյութեր, ներկայացվում է այս կամ այն հարցի վերաբերյալ փաստաբանական կառույցի ղեկավար մարմնի դիրքորոշումը, կայացրած որոշումները, փաստաբանների ձեռքբերումները, դրական աշխատաոճը եւ տարաբնույթ այլ տեղեկատվություն, որը յուրաքանչյուր փաստաբանի, անկախ հեռավորությունից, պատկերացում կտա ղեկավար մարմնի գործունեության մասին։ Փաստաբանները Պալատի հետ մշտական կապի մեջ են նաեւ կայքի միջոցով։ Սակայն այս ուղղությամբ դեռեւս անելիքներ կան։ Ներկայումս տեղեկատվական ավելի կատարյալ համակարգ ստեղծելու աշխատանքներ ենք կատարում, որի շնորհիվ փաստաբանները օնլայն ռեժիմով շատ ավելի արդյունավետ կկարողանան օգտվել պալատի ռեսուրսներից։ Փաստաբանական դպրոցի հիմնումը մեր առաջնային նպատակներից է և հույս ունենք, որ այս տարի եվրոպական կառույցների աջակցությամբ դա կիրականանա։ Լիովին համամիտ եմ։ Այդ «բարեփոխումները» միայն խառնաշփոթ են ստեղծում առանց այդ էլ մեր բարդ համակարգում։ Հաճախ կատարվող փոփոխություններն անբավարար մասնագիտական մակարդակի վրա են, կատարվում են հապճեպ, պահի նպատակահարմարությունից ելնելով։ Փաստաբանները ներգրավվում են այդ աշխատանքներում, սակայն մոտեցումը պետք է փոխել։ Օրենսդրական փոփոխությունները պետք է մշակեն իրավաբան-գիտնականները, և ավարտուն նախագիծը միայն ներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերին։ Այդուհանդերձ, անցնող տարում փաստաբաններից մի քանիսը շատ ակտիվորեն մասնակցեցին օրենսդրության բարելավմանը: Նրանց դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց դատավարական օրենսգրքերի մի շարք դրույթներ, որոնք Ազգային ժողովի համար հիմք հանդիսացան բարելավելու օրենսդրությունը, փոփոխություններ նախատեսել անգամ դատական կառուցվածքում:
Աստղիկ - Ի՞նչ է Ձեզ համար փաստաբանի մասնագիտությունը: Ինչու՞ եք որոշել դառնալ փաստաբան:
Ռ. Սահակյան - Չէի ասի, թե երազել եմ փաստաբան դառնալ։ Իմ իրավաբանական գործունեության մեջ եկավ մի պահ, երբ որոշեցի անցնել փաստաբանական գործունեության և շատ գոհ եմ դրա համար։ Գտնում եմ, որ այս մասնագիտության դերը շատ ավելի է մեծանալու ոչ միայն դատաիրավական համակարգում, այլև կյանքի բոլոր ոլորտներում։
Եվա - Պարոն Սահակյան, չեք կարծում, որ եկել է ժամանակը ներպետական օրենսդրության մեջ պատժիչ սանկցիա սահմանվի այն դատավորների նկատմամբ, ում կայացրած անարդար որոշումների պատճառով ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ են կայացվում, և հետո վնասը փոխհատուցվում է հարկատուների գրպանից: Չեք կարծում, որ դա լրացուցիչ խթան կլինի դատավորների համար այդքան մեծ կախվածություն չունենալ գործադիրից:
Ռ. Սահակյան - Կցանկանայի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հնարավորինս շատ նման որոշումներ կայացներ։ Դա կզգաստացներ մեր պետությանը և կստիպեր կարգի բերելու մեր դատական համակարգը, դատարաններին անկախ գործելու հնարավորություն կտար։ Այսօր դատարաններում խայտառակ իրավիճակ է, պետք է ազատվել պատվեր կատարող մորթապաշտ դատավորներից։ Նրանցից շատերը մտածում են, որ եթե դատախազի ասածը չանեն, կպատժվեն։ Նրանց կողքին ունենք պարկեշտ դատավորներ, ովքեր երբեք պատվեր չեն կատարի։ Նրանք թվով քիչ են, բայց նրանց վրա պետք է հենվի համակարգը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել