HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մարտիմեկյան նոր բացահայտումներ

mart1«Մարտի 1-ին պետական մի շարք մարմինների օրինազանց գործողությունները շարունակում են առանցքային տեղ գրավել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնախմբի աշխատանքներում: Հանրության, Հայ Ազգային Կոնգրեսի, միջազգային կառույցների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջ քաշված հարցադրումները մինչ օրս չեն ստացել պատասխան, եւ դա խոսում է ոչ միայն այսօրվա իշխանության ընդհանուր որակի, այլեւ, ինչպես ցույց են տալիս փաստերը` իշխանական որոշ օղակների կողմից արված հանցագործությունները քողարկելու հետեւողական աշխատանքի մասին»,-այսօր Ուրբաթ ակումբում ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, Հասարակական հետաքննության խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց վերոնշյալ խմբի զեկույցը: Զեկույցը ուղեկցվում էր տեսաձայնագրությամբ: Ըստ զեկույցի եւ ցուցադրված տեսանյութի` ցերեկը, ժամը երկուսի սահմաններում Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հայտնվեց ներքին զորքերի պատկանելության տակ գտնվող զրահամեքենան: «Իշխանությունների որոշումը` խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել ծանր մարտական տեխնիկա, որին ամրացրած էր մարտական գնդացիր, ներպետական օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների խախտում է, որն իր արժանի իրավական գնահատականը պետք է ստանա»,-ասում է բանախոսը եւ հավելում, որ այդ քայլը նպատակ ուներ դրդելու ցուցարարներին անկանխատեսելի գործողությունների: Եւ միայն վերջիններիս կողմից ցուցաբերած խոհեմության, զսպվածության եւ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գործելու շնորհիվ հնարավոր դարձավ չտրվել սադրանքին եւ խուսափել այդ պահին իրավիճակի սրումից: Վլադիմիր Կարապետյանը նշում է, որ ժամը 14.00-ից հետո Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիները պաշտպանելով իրենց, իրենց հարազատների եւ այլ քաղաքացիների անձնական անձեռնմխելիությունը, առողջությունն ու կյանքը դիմել են ինքնապաշտպանության, որը ակտիվ իրավունք է, ոչ թե պասիվ: Երկորրդ պատկերը` զինված զինվորականների ներկայությամբ քաղաքացիական անձնավորության զինումն է ներկայացնում: Ինչպես հայտնի է` պատկան մարմինները, այս դեպքում Հատուկ քննչական ծառայությունը հունվարի կեսին արձագանքեց այս տեսանյութին, ընդ որում տեսաերիզի հրապարակումից շուրջ կես տարի անց: Այդ հայտարարությամբ ՀՔԾ քննիչ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության զինված ներկայացուցիչների ներգրավվածությունը` մարտի մեկի կեսօրից հետո: ՀՔԾ-ն նշել էր, որ տվյալ դեպքում պատկերված է ՊՆ վարորդը. «Մեզ նաեւ հաջողվեց պարզել, որ վարորդը ծառայել է սահմանամերձ շրջաններից մեկում գտնվող զորամասում»,-ասում է բանախոսը եւ հավելում, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեսօրից հետո Երեւանում կային պաշտպանության նախարարության պետհամարանիշներով ավելի քան հիսուն տարբեր մակնիշների ուղեւորատար եւ բեռնատար ավտոմեքենաներ` յուրաքանչյուրը իր ավագով (երրորդ տեսանյութ), վստահաբար կարելի է պնդել, որ մարտի մեկին կեսօրից հետո մի քանի տասնյակ ՊՆ զինված ներկայացուցիչներ ներգրավված են եղել իրավապահների գործողություններում: mart3«Այս փաստերը բավարար են վկայելու, որ Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներգրավված է եղել կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի դուրս եկած խաղաղ եւ անզեն ցուցարարների դեմ իրավապահների գործողություններում մարտի 1-ին, նույնիսկ մինչեւ արտակարգ դրության հայտարարումը: Սրա համար պատասխանատվություն են կրում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը եւ Երեւանի զորամասի պետ Յուրի Խաչատուրովը»,-մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հանրային հանձնաժողովը հանգում է այսպիսի եզրակացության: Հաջորդ տեսանյութերը պատկերում են մարտի 1-ի երեկոյան 20.00 սահմաններում Վանաձորից դեպի Երեւան ուղեւորվող (կադրերը տրամադրել է Reuters-ը) եւ մարտի լույս 2-ի գիշերը 1.30 սահմաններում Երեւան քաղաքի կենտրոնում մարտական ծանր զրահատեխնիկան: «Մոտակա մարզերը, որտեղից հնարավոր էր այդ ճանապարհով բերել БМП-1` Լոռիի կամ Տավուշի մարզերն են, ուր տեղակայված է Հայաստանի բանակային երրորդ կորպուսը: Ռազմական փորձագետների վկայությամբ, Երեւան հասնելու համար նման թրթուռավոր տեխնիկայի համար անհրաժեշտ է առնվազն ութ ժամ, հետեւաբար զրահամեքենաները դուրս են եկել սահմանամերձ շրջաններից մինչեւ արտակարգ դրության հայտարարումը: Փաստորեն, մարտի մեկին կեսօրից հետո արձակվել է մարտական ծանր զրահատեխնիկան շարժելու եւ Երեւան տեղափոխելու ապօրինի հրաման»,-զեկուցում է բանախոսը: Հանձնաժողովը առաջիկայում հրապարակելու է տեղեկանք արտակարգ դրության պայմաններում զինված ուժերն օգտագործելու վերաբերյալ, այնուհետեւ հարցը բողոքարկվելու է դատական կարգով: Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հանրային հանձնաժողովը կոչ է անում մարդու իրավունքի պաշտպանին Սահմանադրական դատարանում վիճարկել մարտի 1-ին բանակի եւ զինված ուժերի օգտագործման հրամանների սահմանադրականությունը. «Արտակարգ դրության պայմաններում, ըստ օրենքի, բանակի օգտագործում նախատեսված չէ եւ այս հարցը նույնպես պատկան մարմինների կողմից գնահատվելու կարիք ունի: Այսինքն, իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ բանակի օգտագործման փաստը վկայություն է սահմանադրության, օրենքների ամենակոպիտ խախտման մասին:Այլ կերպ ասած, ժառանգելով մարտունակ եւ վարժեցված բանակ այս իշխանությունները այն օգտագործեցին ոչ թե արտաքին մարտահրավերի դիմագրավման, այլ սեփական ժողովրդի դեմ` իշխանությունը բռնի ուժով պահելու համար»,-ներկայացնում է բանախոսը եւ հարցնում մարտի 1-ի գործի նախաքննության մարմնին. «Բանակային հանդերձանքով եւ զինված ստորաբաժանումների կրած բոլոր զենքերը ստուգվել են, արդյոք ստուգվել է, թե կրակել են արդյոք այդ զենքից, չէ որ մարտի 1-ի զոհերը կարող են լինել նաեւ այդ զենքերից արձակված կրակոցների հետեւանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter