
«Մենք խնդիր ունենք մարդու իրավունքների պաշտպանության հետ, սակայն հենց նոր ինչ-որ կապիտան մոտեցավ մեզ եւ արգելեց այստեղ կանգնել, նրանք ապացուցեցին, որ սա բռնապետական պետություն է եւ ամեն կերպ խանգարում են մարդուն իրացնել իր իրավունքները»,-ասում է նկարիչ Սամվել Վանոյանը:
Նա այսօր մասնակցում էր «Արտ-լաբորատորիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը Հյուսիսային պողոտայում. «Մենք նպատակ ունենք 500 գիրք բաժանել անցորդներին, որտեղ կոմիքսների միջոցով ներկայացրել ենք կլոր սեղան, որի մասնակիցները խոսում են մարդու իրավունքների մասին»:
Ակցիան կազմակերպվեց մարտի 1-ին, որովհետեւ «այդ օրը Հայաստանում 10 մարդ զոհվեց, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է»:
Ս. Վանոյանը միանալու է այսօրվա երթին, որովհետեւ «անձամբ ես դեմ եմ համակարգին, պետք է սահմանադրական բարեփոխումների գնանք եւ սուպերպրեզիդենտական հանրապետությանը վերջ տանք»:
Հարություն Հարությունյանը 70-ն անց թոշակառու է, նա գիրք ստացավ եւ անկեղծացավ. «Սա կյանք չէ, սովետական կարգերն ենք փնովում, բայց հարյուր անգամ ավելի լավ էր: Մենք անկախ չենք, խեղդվում ենք, չեն թողնում ոչ քայլես, ոչ շնչես»:
«Երեկվա ոստիկանապետի հայտարարությունը, թե մենք պետք է խիստ վարվենք էս անգամ, ժողովրդին լրիվ գրգռեց ու բոլորն այսօր դուրս կգան»,-ասում է Ժորա Ադիբեկյանը: Նա էլ գիրք ստացավ եւ շտապում էր դեպի Մատենադարան` մասնակցելու հանրահավաքին եւ երթին:
Նոր ընտրությունների ակնկալիք ունի նախաձեռնությանը միացած Ծովինար Գեւորգյանը. «Նախաձեռնությունը տեղին է, եւ իշխանություններն էլ ուրիշ ելք չունեն, քան նոր ընտրությունները: Այս հակասությունը ժողովրդի եւ իշխանությունների միջեւ կարող է լուծվել միայն նոր ընտրությունների միջոցով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել