HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Իշխանության մերկանալուն սպասելիս

Մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի հիմնական նպատակն էր ճշտել, թե հասարակական վստահության ինչպիսի պոտենցիալ ունի Հայ ազգային կոնգրեսը։ Հանրահավաքի մասնակիցների թիվը վերջնականապես վավերացրեց Կոնգրեսի հեգեմոն դիրքը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում եւ որպես քաղաքական օրակարգի հիմնական ձեւավորող սուբյեկտի կարգավիճակը։

Դա գլխավորապես հաջողվեց հանրահավաքի կազմակերպման ուղղությամբ ՀԱԿ-ի ծավալած տեղեկատվական արշավի արդյունքում։ Հանրահավաքի մասին բոլոր իրազեկումներն ուղեկցվում էին վճռական գործողությունների մասին հավաստիացումներով։ Պատահական չէր ընտրված կարգախոսներից մեկը՝ «Արտահերթ ընտրությունների անցկացում»։ Այն մարդկանց մոտ ընկալվել էր որպես մեկ տարի առաջ սկսած գործողությունները շարունակելու եւ տրամաբանական ավարտին հասցնելու պահպանված կեցվածք, ինչը եւ երաշխավորեց հանրահավաքի մարդաշատությունը. հասարակության մի ստվար հատված ՀԱԿ-ից սպասում էր վճռական, կտրուկ գործողությունների վերսկսում եւ հանրահավաքը համարում էր որպես դրա մեկնարկ։ Թերեւս ՀԱԿ-ի մինչհանրահավաքային քարոզչական արշավի ազդեցության տակ էր նաեւ իշխանությունը։ Վերջինս սպասում էր, որ 2008-ի մարտի մեկի դեպքերի շուրջ հասարակական ընդվզում բորբոքելով՝ ՀԱԿ-ն անցնելու էր վերջին սկզբունքային ճակատամարտին։ Այս սպասում-մտավախությունը իշխանությանը ստիպել էր գործի դնել «կանխարգելիչ» վարչական, ուժային ողջ համակարգը։ Նախօրեին ասուլիսի ընթացքում ոստիկանապետի խիստ նյարդային վիճակը, գրեթե սպառնալիքի հասնող նախազգուշացումները ցույց տվեցին, որ մասնավորապես իրավապահ համակարգում նախախուճապային տրամադրություններ են տիրում։ Ի սկզբանե ոստիկանությունը տրամադրված էր փաստացի ձախողելու հանրահավաքը՝ մարդկանց արգելելով բարձրանալ Մատենադարանին անմիջականորեն հարող հրապարակներ։ Սակայն, ինչպես նախորդ հանրահավաքներին, այնպես էլ այս անգամ, հոծ բազմությունը ոստիկանությանը ստիպեց գնալ զիջումների՝ ավելի լուրջ հակասություններից, բախումներից խուսափելու համար։ Ինչպես այդ, այնպես էլ հանրահավաքից հետո կայացած երթը ուղեկցելու ոստիկանության որոշումները ստեղծված իրավիճակում, թերեւս, ամենապրագմատիկ լուծումներն էին։ Սակայն ՀԱԿ-ի լիդերի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցույց տվեց, որ այս հանրահավաքը կոչված էր առաջին հերթին Հայաստանի քաղաքական դաշտում նոր իրավիճակ առաջացնելուն։ Եվ դա անակնկալ էր ոչ միայն հանրահավաքի հազարավոր մասնակիցների, այլեւ իշխանության համար։ Տեր-Պետրոսյանն իր ելույթով վերջնականապես հստակեցրեց, որ ՀԱԿ-ն ընտրում է երկարատեւ պայքարի մարտավարությունը, ինչն առաջին հերթին ենթադրում է հրաժարում արագ իշխանափոխության հասնելու մտադրություններից եւ որդեգրում հերթական ընտրությունների միջոցով գլխավոր նպատակին հասնելու մարտավարություն. «Վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները... Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխքին է։ Մեր խորագույն համոզմամբ՝ քաղաքականության մեջ վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկում է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը»։ Տեր-Պետրոսյանի համար, սակայն, այնքան էլ հեշտ չէ համաժողովրդական շարժման ողջ մարտավարությունն այսպիսի կտրուկ շրջադարձով փոխելու մասին որոշում կայացնել։ Այն կարող է երկու լրջագույն խնդիր առաջացնել։ Նախ՝ հիասթափության նոր ալիք կարող է սկսվել «արագ իշխանափոխության» գծի կողմնակիցների մոտ թե հասարակական շերտերում, թե անմիջապես Կոնգրեսի ներսում։ Երկրորդ՝ այդ որոշումը հարցականի տակ է դնելու Կոնգրեսի գոյության իմաստը, որը գրեթե բոլորի կողմից որակվել էր որպես կարճաժամկետ խնդիրների իրականացման նախագիծ։ Նաեւ այս տեսանկյունից հանրահավաքի մարդաշատությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր Տեր-Պետրոսյանին. այդ հանգամանքն օգտագործելով` նա կփորձի համոզել ՀԱԿ-ում ընդգրկված քաղաքական ուժերին, որ նման զանգվածները գնում են ոչ թե ընդդիմության առանձին ուժերի, այլ հենց ՀԱԿ-ի ետեւից, հետեւաբար այն այլընտրանք չունի՝ որպես գործունեության ամենաարդյունավետ միջոց եւ ֆորմատ։ Ահա թե ինչու է Տեր-Պետրոսյանն իր ելույթում հատուկ կանգ առնում այս խնդրի վրա։ «Կարծիքներ են հնչում այն մասին, որ եթե Կոնգրեսը մի փոքր էլ դանդաղի, նրա տեղը կզբաղեցնեն արմատականները։ Նման մտավախության հիմքեր առայժմ չկան. չորս ամիս է՝ Կոնգրեսը դադարեցրել է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Ու՞ր էին այդ արմատականները. թող նրանք լրացնեին քաղաքական այդ վակուումը։ Ու՞ր էին մեզ անվճռականության մեջ մեղադրողները. թող իրենք դիմեին վճռական գործողությունների,- ասում է Տեր-Պետրոսյանը եւ իբրեւ երկրորդ փաստարկ՝ ավելացնում,- Համաժողովրդական շարժումը կամ Հայ ազգային կոնգրեսը, անգամ օբյեկտիվ պատճառներով, մարելու կամ թուլանալու տարբերակ չունի, քանի որ իշխանություններն իրենց ձախող ու անճարակ գործողություններով մշտապես սնուցում, իսկ հասարակությունը նորանոր լիցքեր է հաղորդում նրան»։ Ո՞րն է, սակայն, նման շրջադարձի պատճառը։ Դրա համար առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ։ Օբյեկտիվ հիմնական գործոններից մեկն այն է, որ ՀԱԿ-ը վերջնականապես հույսը կտրեց արտաքին օժանդակությունից։ Նախ՝ ԵԽԽՎ վերջին՝ 1943 բանաձեւի ընդունումը ակնհայտ դարձրեց, որ Եվրոպան չի ուզում առայժմ տարածաշրջանում խախտել ստատուս քվոն։ Երկրորդ՝ վերջին շրջանում ՀԱԿ-ի համակարգողների հետ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի դեսպանների ինտենսիվ շփումները, բանակցությունները ցույց տվեցին, որ վերջիններս փորձում են ստիպել ընդդիմությանը որոշակի զիջումների գնալ իշխանություններին։ Դրա ուղղակի հետեւանքը եղավ այն, որ ՀԱԿ-ը փաստացի հրաժարվեց իշխանությունների հետ երկխոսություն սկսելու իր հիմնական երկու նախապայմաններից մեկից՝ երկխոսությունը միայն արտահերթ համապետական ընտրությունների անցկացման շուրջ կազմակերպելուց։ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ փետրվարի կեսերին Մոսկվա կատարած այցը նույնպես, թերեւս, անարդյունք էր անցել։ Մյուս օբյեկտիվ պատճառն առաջացած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է։ Հրաժարվելով ճգնաժամային այս իրադրությունում հակաիշխանական գործողություններն ակտիվացնելուց եւ դրա առաջացրած սոցիալական հետեւանքներն օգտագործելու հնարավորությունից՝ ընդդիմությունը, փաստորեն, հրաժարվեց երկիրն էլ ավելի պայթյունավտանգ դարձնելու արկածախնդրության համար պատասխանատվություն ստանձնելուց։ Սա, իհարկե, հանրությանը մատուցվեց որպես մեծագույն զոհողություն, որը բխում է ոչ թե նեղ շրջանակային կամ կուսակցական, այլ համապետական եւ համազգային շահերից։ Իրականում, սակայն, սրանք ընդամենը շղարշ էին, որոնք ստվերում են ՀԱԿ-ի որդեգրած նոր մարտավարության իմաստը, որոնք էլ հանդիսանում են նախկին քաղաքական կուրսից հրաժարվելու սուբյեկտիվ դրդապատճառները։ Դրված երկարաժամկետ պլանների համատեքստում ընդդիմությունը չի հրաժարվում պատեհ առիթն օգտագործելու շանսից եւ այս առումով հույսը դրել է համաշխարհային ճգնաժամին դիմակայելու՝ իշխանության անկարողության վրա։ «Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը։ Ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք-իրենց քանդելու են։ Եվ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու։ Հեռու չէ այն պահը, երբ իշխանությունների, առանց այդ էլ գոյություն չունեցող, վարկանիշը հավասարվելու է զրոյի,- ասում է Տեր-Պետրոսյանը եւ որպես հետեւանք՝ կանխատեսում,- չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել։ Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել-չընդունելու հարցը, բնականաբար, ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի»։ Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ի տարբերություն իր նախորդ բոլոր ելույթների՝ այս անգամ Տեր-Պետրոսյանը ոչ մի բառ չասաց Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին։ Չի բացառվում, որ այդպիսով նա ընդդիմության անունից քարտ բլանշ է փորձում տալ իշխանությանը՝ գործելու այն սցենարով, որը նախանշվել է հայկական կողմի համար Մոսկվայում եւ Հելսինկիում։ Պատահական չի ընտրվել նաեւ հաջորդ հանրահավաքի անցկացման օրը՝ մայիսի 1-ը։ Եթե կատարվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի չափազանց մռայլ կանխատեսումները, ապա չի բացառվում, որ արդեն ապրիլի կեսերին հասարակությունը շոշափելիորեն կզգա տնտեսական ճգնաժամի հետեւանքները։ Մյուս կողմից` չպետք է մոռանալ, որ ռուսական գազի եւ դրանից բխող նաեւ մյուս էներգակիրների սակագների բարձրացման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հետեւանքները շարքային սպառող քաղաքացին շոշափելիորեն կզգա հենց մայիսից սկսած։ Դա նոր լիցք կհաղորդի ՀԱԿ-ին ու կավելացնի վերջինիս համակիրների թիվը։ Ընդդիմությանն այլ բան չի մնա անելու, քան ջերմացնել այդ պոտենցիալ կրիտիկական զանգվածը։ Եթե դրան էլ ավելացնենք այն փաստը, որ ՀԱԿ-ը այդ ընթացքում քաղաքական պրոցեսները կփորձի հունավորել դեպի երկրում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու հարթություն, ապա նրա աստիճանական հզորացումը կարելի է երաշխավորված համարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter