
Ամերիկահայ Ջորջ-Գեւորգ Ասատուրյանը այսօր առավոտյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակում էր, օգնում էր կազմակերպության հերթական նվիրատվությունը` 10 համակարգիչ, տեղավորել մեքենայում Էջմիածնի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց հասցնելու համար:
Ջորջ-Գեւորգ Ասատուրյանը 75 տարեկան է: Նա Մալաթիայի կրթական ասոցիացիայի նախագահն է: Ասոցիացիան հիմնվել է ԱՄՆ-ում, որի անդամները Մալաթիայից գաղթած հայերն են եղել: Իրագործել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր ԱՄՆ-ում, իսկ 1980-ականներից սկսել են գործունեություն ծավալել Հայաստանում:
«Հայաստան» հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի բաժնի պետ Վարդան Փարթամյանը ասում է, որ նախկինում ասոցիացիան բժշկական տեխնիկա, կրթական նյութեր է տրամադրել հիմնադրամին Հայաստանում իրացնելու համար. «Այժմ էլ 200 համակարգիչ են հատկացրել եւ հիմնադրամի միջոցով տեղափոխվելու է սահմանամերձ գյուղերի դպրոցներ եւ այլ կենտրոններ»:

Ջորջ Ասատուրյանը Ապագա գյուղի հետ կապ է հաստատել Ջեզո Թաշի միջոցով: Վերջինիս նախնիները գաղթել են Սասունից: Պապի եղբայրը գաղթից հետո հաստատվել է Ապագա գյուղում, իսկ Թաշի ընտանիքը Ստամբուլում: 1990-ականներին կապը վերականգնվել է: Գալով գյուղ` Ջեզոն որոշեց օգնել գյուղի դպրոցին, հիմնավերանորոգեց այն, իսկ Ջորջն էլ խոստացավ համակարգիչներով ապահովել. «Ամենեն շիտակ բանը կրթությունն է»,-գտնում է սփյուռքահայը: Նա շարունակում է իր հոր սկսած գործը. «Ես այս գործը կուզիմ անել մը անոնց հիշելու համար, անոնք էլ դրամ չունեին, բայց հավաքեցին գործի համար: Իմ խորհովս գյուղերուն պիտի օգնինք, Երեւանը շատ լավ է, առաջ կերթա, բայց ամենակարեւորը գյուղն է, մեր գործը գյուղերուն պիտի ըլլա»:
Գյուղում Ջորջին սպասում էին անհամբեր, երեխաները, ուսուցիչները, դպրոցի տնօրենը հավաքվել էին բակում: Մեծ ջանասիրությամբ աշակերտները համակարգիչները տեղափոխեցին դասասենյակ: Դպրոցի աշակերտներից Գեւորգը կիսվում է իր ուրախությունը. «Առաջ ինձ հերթ չէր հասնում, այժմ հուսով եմ բոլորս էլ կկարողանանք դասերի ժամանակ ուսումնական նպատակներով օգտագործել»:
Գյուղի դպրոցի տնօրեն Վոլոդյա Գրիգորյանը ասում է, որ ընդամենը երկու համակարգիչ ունեին, իսկ դպրոցն ունի 239 աշակերտ. «Հուսով ենք երեխաները նոր բարձունքների կհասնեն»:
«Մեծ օգնություն է մեր գյուղի դպրոցին, քանի որ մենք ունենք կոմպակտ դիսկեր, որոնք ստացել ենք Կրթության նախարարությունից, բայց չէինք կարողանում կիրառել: Այժմ մենք մեր դասերը կարող ենք բարձր մակարդակով անցկացնել»,-ասում է դպրոցի փոխտնօրեն Մելիք Գեւորգյանը եւ հավելում, որ դպրոցի ուժերով շուտով ինտերնետ էլ կունենան:
Դպրոցի մյուս փոխտնօրեն Ժենյա Գդոյանն էլ է գոհ. «Համակարգչային դասերը ստիպված անցկացնում էինք Էջմիածին քաղաքում, շաբաթը մեկ դաս 9-րդ եւ 10-րդ դասարանի երեխաներին տանում էինք հաշվողական կենտրոն, շատ դժվար էր երեխաներին հեռացնել համակարգիչներից, այժմ շատ ուրախ եմ, որ այսօր դպրոցում կունենանք մեր հատուկ դասարանը»:
Համակարգիչները տեղավորելուց հետո, դպրոցում հյուրասիրություն կազմակերպվեց եւ դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց բարերարին: Էջմիածնից Ջորջ Ասատուրյանը վերադարձավ Երեւան եւ հյուրընկալեց հաշմանդամ երեխաների «Ֆիլատելֆիա»հասարակական կազմակերպություն: Բարերարը կազմակերպությանը կից գործող համակարգչային ռեսուրս կենտրոնին նվիրեց 5 համակարգիչ:
«Ջորջ Ասատրյանի հետ ծանոթացել ենք մեր դասատուներից մեկի միջոցով, արդեն 3 տարի է, ինչ համագործակցում է մեզ հետ: Նա մեծ ներդրում ունի կազմակերպության զարգացման գործում, ամենամեծ արդյունքն էլ համագործակցության համակարգիչների տրամադրումն է»,-ասում է կազմակերպության նախագահ Հովիկ Իսրայելյանը:
Կազմակերպության նախագահը Ջորջին ցույց տվեց անցած տարի նվիրաբերած 5 ֆոտոխցիկների միջոցով հաշմանդամ երեխաների լուսանկարչական աշխատանքները:
Ջորջ Ասատրյանը ասում է, որ եթե ծրագիրը բարեհաջող ընթացք ունենա, կլինի շարունակական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել