HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Տերպետրոսյանական ծուղակներ, կամ Կառավարությունը՝ քավության նոխազ

«Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»,- մարտի 1-ին հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այս ենթադրություն-կանխատեսումը մարտի 3-ի «սեւ երեքշաբթիից» հետո երկու հարցադրում առաջացրեց։ Առաջին՝ արդյո՞ք դա համագործակցության ակնարկ կամ առաջարկ չէր՝ ուղղված իշխանությանը։ Այդ գաղափարը շրջանառության մեջ դնելով՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել համաժողովրդական շարժման ղեկավարը։ Երկրորդ՝ որքանո՞վ է իրատեսական գործող կառավարության հրաժարականը կամ ընդդիմության հետ «փրկության» կառավարություն ձեւավորելու հնարավորությունը։ Այս հայտարարությանն անմիջապես` մարտի 2-ին, հետեւեց ՀՀԿ մամլո քարտուղար, Աժ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի պատասխանը. «Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի, որը ժամանակին խուսափեց քաղաքական պատասխանատվությունից, Սերժ Սարգսյանը ու նրա թիմը քաղաքական պատասխանատվությունից չեն խուսափի, որովհետեւ պատասխանատվությունը մեզ համար քաղաքական կատեգորիա է»։ Ինչ վերաբերում է միասնական կառավարության ձեւավորմանը, ապա, ըստ Շարմազանովի, «քաղաքականության մեջ որեւէ բան բացառել չի կարելի, բայց այս պահին ՀՀԿ օրակարգում նման հարց չկա»։ Այս հայտարարությունները Շարմազանովն անում էր մարտի 2-ին, այսինքն` «սեւ երեքշաբթիից» մեկ օր առաջ, երբ մարտի 1-ի «հանգցնող» հանրահավաքից հետո ամեն ինչ թվում էր չափից ավելի կանխատեսելի ու վերահսկելի։ Սակայն Կենտրոնական բանկի կողմից դրամի կուրսը «բաց թողնելուց» հետո ընդամենը մի քանի ժամը բավական եղավ` համոզվելու համար, որ կառավարության ինքնավստահությունը եւ իրավիճակը վերահսկելու մասին հավաստիացումներն ընդամենը ֆիկցիա են, եւ որ բացարձակապես անիրական չէ ճգնաժամի խորացման ազդեցությամբ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հրաժարականի հնարավորությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականի պահանջը դրվում էր դեռ մինչեւ մարտի 3-ը, ավելի ճիշտ` մինչեւ ԲՀԿ վերջին համագումարը։ Այդ պահանջները, սակայն, գալիս էին իշխող կոալիցիայի ներսից։ ԲՀԿ-ի եւ որոշակիորեն նաեւ ՀՅԴ-ի կողմից այդ նպատակով արվող ակնարկները, տեղեկատվական-քարոզչական ճնշումները նախագահի նկատմամբ բացառապես քաղաքական նշանակություն ունեին։ Կառավարության կազմի փոփոխությունը այս ուժերը դիտարկում էին որպես պորտֆելներն առկա քաղաքական ուժերի հարաբերակցությանը համապատասխանեցնելու միջոց։ Թեեւ ԲՀԿ-ն այդ ակնարկները պայմանավորում էր Կառավարության կողմից վարվող սխալ հարկաբյուջետային քաղաքականությամբ, սակայն տնտեսական ճգնաժամի էֆեկտը երբեք կոալիցիոն ուժերի համար որպես Կառավարությանը անվստահություն հայտնելու պատճառ չի ընկալվել։ Հետեւաբար, Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար օբյեկտիվ քաղաքական պահանջարկ չկա։ Իշխանությունը ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու ելքը փնտրում է ոչ թե Կառավարության կազմը փոխելու մեջ, այլ արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման։ Կառավարության հրաժարականի հարցը փաստացի կարող է քաղաքական օրակարգ մտնել միայն այն բանից հետո, երբ ակնհայտ կլինի, որ գործադիրն ի վիճակի չէ կառավարելու այդ գործընթացը, եւ երբ սոցիալական բունտի ակնհայտ նախադրյալներ ստեղծված կլինեն։ Այսինքն՝ իշխանությունը միայն ամենավերջին պահին կդիմի Կառավարությանն անվստահություն հայտնելու քայլին։ Ընդ որում, դա կարվի ոչ թե երկրում իրավիճակը շտկելու համար ավելի պրոֆեսիոնալ ու ուժեղ կառավարություն ստեղծելու նպատակով, քանի որ կադրային ավելի հզոր ռեսուրսներ այսօրվա իշխանությունն ուղղակի չունի, այլ ընդամենը` հասարակության մեջ խտացող բողոքի «գոլորշին» բաց թողնելու եւ զանգվածներին որոշակիորեն հանգստացնելու։ Տիգրան Սարգսյանի գլխավորած Կառավարությունը կօգտագործվի որպես քավության նոխազ։ Այլ հարց է՝ իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի՞ դրանից հետո ընդդիմությանը «փրկության» կառավարություն ձեւավորելու առաջարկ անելու համար։ Եթե դա տեղի ունենա, ապա կարելի կլինի փաստել, որ իշխանությունը ոչ միայն ստեղծված իրավիճակը փրկելու նպատակով իսկապես գնում է համազգային ուժերի համախմբման ճանապարհով, այլեւ ձեռնամուխ է եղել ներհասարակական եւ ներքաղաքական բեւեռացվածությունը չեզոքացնելու հրատապ խնդրի լուծմանը։ Սակայն այս պահին դրա համար որեւէ իրական նախադրյալ գոյություն չունի: Եվ ահա թե ինչու։ Իշխանությունը նման քաղաքական կամք դրսեւորելու որեւէ ռեսուրս չունի եւ՛ սուբյեկտիվ, եւ՛ օբյեկտիվ պատճառներով։ Սուբյեկտիվ պատճառը կապված է իշխանությունների վարքագծի ու կարծրատիպերի հետ։ Ընդդիմությանը «համազգային» կառավարություն ձեւավորելու առաջարկ անելու մասին մտածելն անգամ համարվում է սեփական թուլության, պարտության ճանաչում։ Եթե արմատական ընդդիմությունը, ավելի ճիշտ` վերջինիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ գնահատելով ստեղծված՝ իրենց համար աննպաստ ներքին եւ արտաքին քաղաքական գործոնները, հմտորեն օգտագործում է նահանջի, ժամանակավոր պասիվացման մարտավարությունը, ապա իշխանության «ուղեղներն» առաջնորդվում են միմիայն հաղթողի հոգեբանությամբ։ Այս սուբյեկտիվ գործոնն այդքան կարեւոր չէր լինի, եթե չուղեկցվեր շատ ավելի լուրջ դեր խաղացող օբյեկտիվ իրողություններով։ «Փրկության» կառավարություն ձեւավորելը ենթադրում է իշխանության վարչա-հրամայական լծակների մի մասի փոխանցում ընդդիմությանը։ Իշխանությունը երբեք չի կարող վստահ լինել, որ այդ լծակները չեն սկսի ծառայել որպես ընդդիմության հզորացման գործիք։ Առավել եւս՝ ներկայիս նոմենկլատուրայի պայմաններում, որը սոցիալական առումով լինելով համեմատաբար անպաշտպան, մեկ տարուց ավելի գտնվելով քաղաքական անորոշության մեջ` կարող է աստիճանաբար հակվել դեպի ներկայիս ընդդիմադիր հատվածը եւ ինքնաբերաբար ծառայել վերջինիս լիակատար իշխանության ձեռքբերմանը։ Այդ գործընթացը քաղաքական դաշտում կարող է ուղեկցվել ավանդական առնետավազքով։ Իշխանությունը, որը պետական-վարչական ապարատի նկատմամբ վերահսկողությունը պահպանում է միայն «ուժեղ խաղացողի» ու արտաքին ուժային կենտրոնների կողմից վստահության արժանացածի տպավորություն թողնելով, կարող է կանգնել այդ կարեւորագույն ռեսուրսը կորցնելու շատ իրական վտանգի առաջ։ Այսպիսի սցենարը բացարձակապես ֆանտաստիկ չպետք է համարել, եթե հիշենք, թե ինչպես ՀՀՇ-ին հաջողվեց ժամանակին իշխանությունը սահուն կերպով վերցնել կոմունիստներից։ Կրկին համազգային նշանակության խնդիրները համատեղ ուժերով լուծելու գաղափարի ներքո համաձայնության գալով Խորհրդային Հայաստանի կոմունիստական իշխանության հետ՝ 1990 թ. կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ծանրակշիռ տեղ գրավելով Խորհրդարանում` կարճ ժամանակում ՀՀՇ-ին հաջողվեց վերցնել իշխանական բոլոր լծակները։ Չի բացառվում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին փորձում է կիրառել այդ քաղաքական մարտավարությունը՝ որպես միջոց օգտագործելով տնտեսական աննախադեպ ճգնաժամը համատեղ հաղթահարելու նույնպիսի համազգային նշանակություն ունեցող գաղափարը։ Սա ակնհայտ ծուղակ է ներկայիս իշխանության համար, որին վերջինս, ամենայն հավանականությամբ, երբեք չի գնա։ Սակայն, դրանից բացի, կա եւս մեկ օբյեկտիվ պատճառ։ Եթե անգամ Տեր-Պետրոսյանի առաջարկությունն ընդունենք «հալած յուղի» տեղ եւ զերծ որեւէ հետին ու հեռահար նպատակներից, ապա «փրկության» կառավարության ձեւավորումը նշանակում է ինչ-ինչ խնդիրների ու անելիքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերում։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հստակ նշեց այն սխալները, որոնք թույլ է տալիս իշխանությունը եւ որոնք խոչընդոտում են արդյունավետ պայքարել տնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների դեմ։ Դրանցից կարելի է առանձնացնել առանցքայինները. «Ներմուծման բնագավառում մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանության հանդուրժումը, հարկային բեռի բարդումը մանր ու միջին ձեռնարկատերերի վրա, խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտ բերելու անկարողությունը» եւ այլն։ Դա նշանակում է, որ վիճակը հաղթահարելու համար որպես միասնական կառավարությանը մաս կազմելու նախապայման` ընդդիմությունը իշխանությունից պահանջելու է անկեղծություն ու քաղաքական կամքի ցուցաբերում հենց այս սխալներն ուղղելու հարցում։ Ակնհայտ է, որ իշխանությունը չի կարող համաձայնել նման պայմանների, որովհետեւ դա նշանակելու է հարվածել այն օլիգարխիկ շրջանակների շահերին, որոնք իրենց ուսերին են պահում ամբողջ իշխանական բուրգը։ Այսինքն` նրանց շահերին դեմ գնալով՝ իշխանությունը թուլացնելու է սեփական դիրքերը, կորցնելու է նրանց ֆինանսական աջակցությունը, զրկվելու է եկամտի «արյունատար անոթներից»։ Սա այլ կերպ, քան ինքնասպասնություն չի կարելի համարել, որին, բնականաբար, իշխանությունը երբեք չի գնա։ Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ «փրկության» կառավարություն ձեւավորելու Տեր-Պետրոսյանի առաջարկ-ակնարկը ծուղակ է նաեւ այս տեսանկյունից։ Իհարկե, երբեք չի կարելի բացառել, որ իշխանությունը կարող է ընկնել այդ ծուղակի մեջ։ Սակայն դա կլինի գիտակցված քայլ, որը կարվի միայն այն դեպքում, երբ իշխանությունը, չկարողանալով դիմակայել խորացող ճգնաժամին, որոշի նահանջել նվազագույն կորուստներով, իշխանությունը թողնել ընդդիմությանը եւ սահուն կերպով, հանգիստ հեռանալ։ Այլ հարց է՝ այս խիստ աննպաստ իրավիճակում ընդդիմությունը կցանկանա՞ ամբողջությամբ ստանձնել իշխանությունը, որքանո՞վ է դա նրան հիմա անհրաժեշտ։ Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ելույթից այնպիսի տպավորություն կարելի էր ստանալ, որ դրան Հայ ազգային կոնգրեսը դեռեւս պատրաստ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter