
Այսօր Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ավարտվել է իր և Հայ ազգային կոնգրեսի մեղրամիսը: Դավիթ Հակոբյանի բարկությունը հարուցել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ցուցակը քաղաքապետի ընտրություններին, որտեղ ինքը 22-րդ տեղում է: «Ցուցակը կազմելուց հետո այն չի քննարկվել ո'չ կուսակցությունների խորհրդում, ո'չ էլ ՀԱԿ-ի համագումարով հաստատվել է, ամբողջ 18 կուսակցությունների ճակատագիրը տնօրինել է նեղ ՀՀՇ-ական խունտան»,- հայտարարեց նա:
Դավիթ Հակոբյանի ասելով` հարցն այն չէ, որ ինքը 22-րդ տեղում է, հարցը քաղաքական արատի, քաղաքական բարքերի անկման մեջ է: «Ցուցակը պետք է ձևավորել ոչ թե պրոտեկցիայով և կաշառքով, այլ ուղեղներով, այսինքն` ով է ավելի նպատակահարմար` լինելու առաջնային ֆրոնտում, ինչն է բխում ազգային շահերից»,-պարզաբանեց Դավիթ Հակոբյանը:
Այդուհանդերձ, Դավիթ Հակոբյանը դեռ չի պատրաստվում լքել ՀԱԿ-ի շարքերը և ուզում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դատախազության և նախագահի ուշադրությունը հրավիրել ՀԱԿ-ի ցուցակի` «կոռուպոցիոն սկզբունքով» կազմավորված լինելու և լիազոր մարմնում քննարկված չլինելու վրա: «Երբ այդ գործընթացներն ավարտվեն, մենք քաղաքական մարտադաշտից ճողոպրելու դեռ ժամանակ կունենանք»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանը, սակայն, կոնկրետ ցուցմունքներ չունի կաշառքի մասին, այլ` զուտ կասկածներ: «Ես ասում եմ՝ որոնք են ցուցակի ձևավորման չափանիշները, ինչպիսի արժանիքներ են վերագրված այն 20 մարդուն, որոնք կարող էին ընկնել ինձանից առաջ, եթե նրանք ինձ դնում են աութսայդերի կարգավիճակի մեջ , դրանով իսկ վարում են որոշակի քաղաքականություն ինձ նսեմացնելու, ինձ չեզոքացնելու և այլն, բայց հարցը այստեղ ազգային բարոյական արժեքների մասին, է, այսինքն քաղաքական գործիչը նման բարոյական դաշտում պետք է գործի, թե ոչ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանը հավելեց նաև, որ եթե ընդդիմադիր ճամբարում ներքին քաղաքական կոալիցիայի մեջ ճգնաժամ է սկսվել, «այդ ճգնաժամը մենք չպետք է կոծկենք ու խոնարհվենք այդ ցուցակի ոջիլների առաջ, քանի որ գիշեր-ցերեկ արյուն-քրտիքն ենք թափում գիտելիքներ ձեռք բերելու ,ազգի գաղափարական միտքը փարթամացնելու համար, բայց մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, այդ մարդկանց ուղարկում են գործադիր իշխանություն, հարց է ծագում՝ լռել դրա վրա և մինչև երբ լռել»,- հարց է բարձրացնում մարքսիստ առաջնորդը:
Դավիթ Հակոբյանը համոզված է, որ ցուցակում իրենից առաջ գտնվող 21 մարդիկ արժանիքների, չափորոշիչների և բոլոր քաղաքական գործիչներին գնահատելու ատրիբուտների առումով իրեն հավասարազորը չկա:
«Խոսքը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ոչ թե գաղափարական առաջնորդ է, այլ կազմակերպչական առաջնորդ. իշխանությունը վերցնում է Տրոցկին, գաղափարախոսական հրետանին Լենինն է, տարբերությունները մեծ են, լավ տարբերեք իրարից»,-հայտարարեց Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանն ասում է, որ ժամակին ինքը ընդգրկվեց ՀԱԿ-ի կազմում «հանուն ըննդիմադիր ժողովրդական զանգվածների, ընդդիմության միասնությունը ազգի միասնության խորհրդանիշն է` անկախ գաղափարական տարաձայնություններից, դա կապ չունի մեր կոալիցիայի ներքին ճգնաժամի հետ, որն անպարկեշտ քաղաքականության արդյունք է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել