Կայքերի դատարկ էջերը չեն համոզում, որ մարզպետարաններն աշխատում են
Մարզպետարանների կայքէջերը ստեղծվել են մոտ 4 տարի առաջ: Ստեղծվել են ու զարգացում չեն ունեցել: Ավելի ճիշտ` կայքը ստեղծելու ժամանակահատվածում որոշ բաժիններ լրացվել են մի քանի տողով, մյուս բաժինները ստեղծման օրից մինչ օրս կայք այցելողներին ներկայանում են սպիտակ էջերով:
Մարզպետարանների կայքերում (ստեղծված են 10 կայքէջեր` մեկ տիպական մոդելով, օրինակ` lori.region.am, kotayk.region.am եւ այլն) ամենաթարմացվողը «նորություններ» բաժինն է, որտեղ տեղադրված լուրերը հիմնականում վերաբերում են մարզպետարանում կամ մարզում տեղի ունեցող կրթական-մշակութային միջոցառումներին, հատկապես որոնց մասնակցել է մարզպետը: Մարզերից անտեղյակ կայք այցելողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ մարզերում բնակչությունը մշակութային ակտիվ կյանքով է ապրում:
Ըստ էության, կայքերն ունեն բավականին հաջողված կառուցվածք եւ մեծ հնարավորություններ (դրանք բոլորովին վերջերս են վերանայվել` համալրվելով նոր բաժիններով, մասնավորապես ավելացել է համայնքային բյուջե բաժինը), որը կարող է հանրությանը բավականաչափ լայն տեղեկություններ մատուցել համայնքապետարանների գործունեության մասին: Սակայն մարզպետարանները առանձնացված խորագրերի տակ, լավագույն դեպքում, ներկայացնում են իրենց գործառույթները, իրավասությունների շրջանակը, եւ ոչ մի տող` այդ գործառույթների շրջանակում իրականացրած աշխատանքների մասին:
Մասնավորապես, ամեն տարի մարզպետարանները վարչական ու ֆինանսական վերահսկողություն են իրականացնում մարզի համայնքապետարաններում` ուսումնասիրելով նրանց գործունեությունը տարբեր ոլորտներում` մշակութային, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ավագանու որոշումների օրինականության ստուգում եւ այլն: Դրանց վերաբերյալ մարզպետներից 6-ին ուղղված մեր մի գրավոր հարցումով խնդրել էինք տրամադրել, թե մարզպետարանը մարզի ո՞ր համայնքներում է վերահսկողություն իրականացրել 2007-08 թթ.-ին, ո՞ր ոլորտներն են ներառվել ուսումնասիրության շրջանակներում եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: Չորս մարզպետարաններից ստացված (Կոտայքի եւ Շիրակի մարզպետները չպատասխանեցին հարցմանը) մի քանի էջանոց գրությունից, որը նույնիսկ մեր հարցերի ամբողջական պատասխանը չէր, պարզվում է, որ աշխատանք, այնուամենայնիվ, կատարվել է: Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանները համայնքապետարանների վերաբերյալ որեւէ ակտ չէին կցել գրությանը` պատճառաբանելով դրանց ծավալուն լինելը: Կայքերում տեղադրված չէ նույնիսկ այդ ուսումնասիրությունն իրականացնելու վերաբերյալ մարզպետի կայացրած որոշումը, էլ չենք խոսում այն մասին, որ ոչ մի կայքում հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները տեղ չեն գտել:
Սյունիքի մարզպետարանից մեզ տեղեկացնում են, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են համայնքների ղեկավարներին, աշխատանքների կատարման ընթացքը վերցվել է հսկողության: Իսկ ի՞նչ է փոխվել դրանից հետո, չարժե՞ր, որ տեղեկացվեր այդ մասին:
Եթե մարզպետի ձեւավորած հանձնախումբը ստուգումներ է կատարում համայնքում, իսկ հետո այդ ստուգումների արդյունքների մասին ոչ մի հրապարակում չի կատարում, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ: Զարմանալի չէ՞, երբ նույն համայնքներում մարզպետարանը վարչական ու ֆինանսական ստուգումներ է կատարել եւ չի նկատել այն յուրացումներն ու խախտումները, որոնք նրանցից հետո բացահայտում են իրավապահ մարմինները: Մասնավորապես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Լոռու մարզի երեք` Հոբարձիի, Սարատովկայի եւ Նովոսելցովոյի համայնքապետերը յուրացրել են համայնքի բնակիչների անուններով որպես սոցիալական օգնություն դուրս գրված գումարները: Արդյոք մարզպետը պատասխանատվություն չի՞ կրում մարզի համայնքներում կատարվող յուրացումների ու չարաշահումների համար, հատկապես, երբ իր ձեւավորած հանձնախումբը տվյալ համայնքում ուսումնասիրությունը կատարել է այդ ժամանակամիջոցում:
Իհարկե, համայնքապետերի դեմ մարզի դատախազության հարուցած քրեական գործերի մասին ոչ մի խոսք չկա կայքի նորություններ բաժնում: Հասկանալի է, այս մեկն ուրախալի նորություն չէ, բայց այն պետք է ընդունել իբրեւ իրականություն, որն այդ մարզային կյանքի մի մասն է կազմում եւ իրավիճակի ավելի իրական արտացոլումն է, քան այն կեղծ շոուները, որոնք ներկայացվում են նույն էջում:
Մարզերին Կառավարության հատկացրած ֆինանսական միջոցների մասին տեղեկանում ենք միայն Կառավարությունից: Մարզպետարանների կայքերը չեն անդրադառնում նման «ոչ էական» հարցերին: Սակայն, արժե հիշել տարբեր տարիներին իրավապահների քննության թեմա դարձած գումարների, փոխհատուցումների, հացահատիկի եւ օգնության այլ տեսակների յուրացման փաստերը: Բնակչությունը, որին հասցեագրված են տարաբնույթ օգնությունները, շատ հաճախ այդ մասին տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ պաշտոնական լրատվամիջոցներն իբրեւ իրավապահ մարմինների լավ աշխատանք ազդարարում են այդ յուրացումները բացահայտելու մասին:
Մարզպետներն ամեն տարի իրենց աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Կառավարությանը, որը, սակայն, տեղ չի գտնում մարզպետարանների կայքերում (բացառությամբ Կոտայքի մարզպետի, որի 2008 թ. հաշվետվությունը տեղադրված է): Անցնող տարում մարզպետներից շատերն իրենց առաջին մամուլի ասուլիսը տվեցին Երեւան քաղաքում, սակայն այդ մասին նույնիսկ նորություններ բաժնում ոչ մի տող չկա, չնայած մարզպետարանի տեղեկատվության բաժինը պետք է ներկայացներ իր հրապարակումը կամ էլ հղում կատարեր այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են ասուլիսը:
Տարածքային կառավարման նախարարության www.mta.gov.am կայքէջը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի, Արարատի եւ Սյունիքի մարզպետարանները զգալի աշխատանք են կատարել այդ մարզերում Վերահսկիչ պալատի (ՎՊ) մատնանշած խախտումները վերացնելու ուղղությամբ: «ՎՊ-ի կողմից Սյունիքում, Գեղարքունիքում եւ Արարատում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն ոչ բոլոր տեղերից են այդ մասին տեղյակ պահել Վերահսկիչ պալատին»: Ավելորդ չենք համարում նշել, որ կատարված շտկումների մասին ամենից առաջ անհրաժեշտ է տեղեկացնել հանրությանը, որպեսզի մարդիկ համոզվեն, որ այդ ամենը շոու չէ, եւ իշխանությունները, հատկապես, մարզպետարանները մտահոգված են համայնքներում առկա անմխիթար (խուսափենք հանցավոր բառից) վիճակը շտկելով: Կայքերում անհրաժեշտ էր տեղադրել նաեւ տվյալ մարզին վերաբերող Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքները, այնուհետեւ այն աշխատանքները, որոնք իրականացվել են խախտումները վերացնելու համար:
Տարածքային կառավարման նախարարության կայքի երկու կարեւոր բաժինները` «ՏԻՄ» եւ «համայնքներ», ամենաանտեսվածն են: Դրանցում զետեղված տեղեկատվությունը (եթե այդպիսին կա) ընդամենը ծանուցողական նշանակություն ունի` ներկայացված է համայնքի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը եւ պատմական հուշարձանները: Տեղական ինքնակառավարման մարմիններ բաժնում հիմնականում նշված է համայնքապետի անունը, համայնքապետարանի հասցեն եւ հեռախոսը: Փոքրաթիվ են այն համայնքները, որտեղ ավագանին թվարկված է անվանապես, եւ այս բացառություններն էլ շատ քիչ կայքերում կհանդիպեք: Սա պատահական չէ, դա ավագանու ինստիտուտի նկատմամբ տեղական իշխանությունների վերաբերմունքի արտահայտությունն է, որն այդպես էլ չի փոխվում: Արարատի մազի կայքէջում փոխված չէ անգամ նախկին մարզպետի անունը, այն դեպքում, երբ նա մոտ մեկ տարի զբաղեցնում է հանրապետության գլխավոր ոստիկանապետի պաշտոնը:
Այդ իմաստով բացառություններ են նկատվում Շիրակի մարզպետարանի կայքէջում, որտեղ նոր ընտրված համայնքապետերն ավագանուն ներկայացրել են համառոտ կենսագրականով, տեղադրել են նաեւ ավագանու կայացրած առաջին որոշումները: Սա կարող է պատասխան լինել բոլոր այն մարզպետարանների աշխատակիցներին, որոնք մեր այդ պահանջին ի պատասխան հայտնում էին, որ կայքերի կառուցվածքն այդ հնարավորությունը չի տալիս:
Վերափոխված կայքերը ներկայումս հնարավորություն են տալիս տեղադրելու բոլոր համայնքների բյուջեները: «Համայնքային բյուջե» բաժնում նույնիսկ առանձնացված է բյուջեի ծախսեր եւ բյուջեի եկամուտներ բաժինը եւ պատրաստի սխեմայում պարզապես պետք է լրացնել թվերը: 2009 թ. բյուջեն կայքերից ոչ մեկում տեղադրված չէ, իսկ նախորդ տարիներինը` հազվադեպ կայքերում կհանդիպեք: Մուտքագրված տարբերակն, իհարկե, խիստ հաշվապահական է եւ սովորական ընթերցողին հասկանալի չէ: Այդպես էլ չի կիրառվում հանրության համար մատչելի բյուջետային տարբերակներ հրատարակելու պահանջը, որն ամրագրված է ՀՀ Կառավարության «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-12 թթ. միջոցառումների ծրագրով»:
Ակնհայտ է, որ մարզպետները դեռեւս չեն համակերպվում բաց աշխատաոճին, որի պատճառով էլ իրենց իսկ որոշումները կայքում ներկայացնում են ընտրողաբար` դրանք հիմնականում ներկայացված են վերնագրերով: Որոշ կայքերում, ի զարմանս մեզ, որոշումների վերնագրերն ակտիվացված են, սակայն տեքստը բացակայում է, կամ տեղադրված է միայն այն որոշման տեքստը, որը կհավաստի մարզպետի մարդասիրության ու գթասրտության մասին, օրինակ` մարզպետը 10 կամ 15 հազար դրամ օգնություն է հատկացրել որեւէ քաղաքացու: Բայց, օրինակ, Կոտայքի մարզպետի որոշումը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու պատճառների մասին` չկա:
Մարզպետարանների կայքերում մի հետաքրքիր խորագիր էլ կա, որն անվանվել է «մարդիկ»: Այս խորագրի տակ շատերը ներկայացրել են մարզի պաշտոնյաներին` մարզպետ, տեղակալներ, համայնքապետեր, մինչդեռ այդ ամենը պետք է տեղադրված լիներ դրա համար նախատեսված «մարզպետարան», եւ «ՏԻՄ» ու «համայնքներ» բաժիններում: Ընթերցողն այդ էջում ակնկալում է տեղեկություններ մարզի հայտնի, հեղինակավոր անձանց մասին` մշակութային, քաղաքական գործիչներ եւ այլն, որոնցով ընթերցողը կամբողջացներ իր պատկերացումները Հայաստանի այդ հատվածի վերաբերյալ:
Սոցիալական բաժնում սոցիալական ծառայությունների հասցեներն են, լավագույն դեպքում`դիմումների ձեւը, որն, ինչ խոսք, շատ անհրաժեշտ է: Սակայն մարզպետարաններն ունեն մարզային վիճակագրությունը ե՛ւ աղքատության, ե՛ւ գործազրկության մակարդակի մասին, քանի որ իրենք են հանրապետական մարմիններին ներկայացնում վիճակագրությունը: Սակայն ոչ մի խոսք չկա մարզի սոցիալական վիճակի, աղքատության ցուցանիշի, գործազուրկների թվաքանակի, գործազրկության պատճառների, առավել եւս այդ ամենը հաղթահարելու ծրագրերի մասին:
Եվս մի նկատառում. Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունում հաստատվեց նոր վարչատարածքային կառավարում, որից դուրս մղվեց գյուղապետ եւ գյուղապետարան հասկացությունը: ՏԻՄ-ում այդ հասկացությանը փոխարինեցին համայնքապետ եւ համայնքապետարան տերմինները: Սակայն կայքերը շարունակում են գործածել գյուղապետարան բառը` այն պահպանելով նաեւ բլանկների եւ համայնքապետարանների պատերին փակցված ցուցանակներին
Շուշանիկ Մակարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել