HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Շրջադարձ՝ պատային դրության ելքով

Ինչու՞ Տեր-Պետրոսյանը մտավ խաղի մեջ

«Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգացումների եւ մանավանդ տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիալական ցնցումների ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության»,- այս տարվա մարտիմեկյան հանրահավաքի իր ելույթում ասում էր Տեր-Պետրոսյանը։

Այս հայտարարությունից ընդամենը 15 օր հետո ՀԱԿ-ը հայտարարում է այն մասին, որ Տեր-Պետրոսյանը որոշել է Երեւանի ավագանու ընտրություններին գլխավորել ՀԱԿ-ի ցուցակը։ Հաջորդ օրը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է. «Սա նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդն է»։ Այդպիսով, ՀԱԿ-ը քաղաքաապետի՝ զուտ վարչական լծակներ ենթադրող պաշտոնի համար մղվող պայքարին քաղաքական բովանդակություն հաղորդեց՝ փաստելով, որ Տեր-Պետրոսյանի այս որոշումը բացարձակապես հակասում էր նրա նախկին, ծրագրային բոլոր հրապարակային հայտարարություններին ու մոտեցումներին։ Կարելի՞ է, արդյոք, մտածել, թե Տեր-Պետրոսյանն իսկապես որոշել է «խելագարությանը հավասարազոր» քայլ կատարել։ Երբ համադրում ենք որոշակի իրողություններ, ապա պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանի այս որոշումը մի կողմից պարտադրված քայլ էր, մյուս կողմից՝ որոշակի հաշվարկների արդյունք։ Ցուցակը գլխավորելու որոշումը Տեր-Պետրոսյանը միանգամից չկայացրեց։ Սկզբից ընդհանրապես չէր քննարկվում ընտրություններին նրա մասնակցության հարցը։ Իսկ Կոնգրեսի ներսում ընթացող բանակցությունների որոշակի փուլում հայտարարվեց, թե առաջին նախագահը համաձայնել է հանուն ՀԱԿ-ի հաղթանակի՝ տեղ զբաղեցնել ցուցակի անգամ ամենավերջին հորիզոնականում։ Դա հստակ ցույց էր տալիս, որ Տեր-Պետրոսյանը քաղաքապետ դառնալու որեւէ ցանկություն չունի, իսկ ցուցակի վերջին հորիզոնականում հանգրվանելը պարզապես սիմվոլիկ բնույթ էր կրելու՝ բարձրացնելու ՀԱԿ-ի նկատմամբ ընտրազանգվածի հետաքրքրությունը։ Ըստ էության, ցուցակը գլխավորելու սենսացիոն որոշումը նա կայացրեց միայն այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը ոչ միայն չի կարողանում կոնսենսուսի հասնել հարմար որեւէ «քաղաքապետացուի» հարցում, այլեւ քննարկվում է նույնիսկ ընտրություններին չմասնակցելու տարբերակը։ Տեր-Պետրոսյանը, իբրեւ հմուտ եւ հեռատես քաղաքական գործիչ, չէր կարող չնկատել դրա կործանարար հետեւանքները։ Հատկապես մարտիմեկյան իր «պասիվացնող» ելույթի ֆոնին ՀԱԿ-ում նման խնդիրների առաջացումը նշանակում էր, որ մինչ այդ միասնականություն դրսեւորող ընդդիմությունը ներքին ճաքեր է տալիս։ Մի կողմից գլուխ են բարձրացնում նեղ խմբակային շահերը, մյուս կողմից` պատասխանատվություն վերցնելուց խուսափելու դրսեւորումները, որոնք վկայում էին ներքին անվստահության առկայության մասին։ Եվ միակ գործոնը, որը կարող էր հարթել ՀԱԿ-ում առաջացող հակասությունները, վերադարձնել նախկին նպատակամղվածությունն ու ինքնավստահությունը, կրկին սանձերը ձեռքում հավաքելու միակ լիդերի՝ Տեր-Պետրոսյանի վճռականությունը պետք է լիներ։ Այսինքն` ՀԱԿ ցուցակը գլխավորելու Տեր-Պետրոսյանի քայլը առաջին հերթին բխում էր իր իսկ ստեղծած ընդդիմադիր բեւեռի փլուզումը թույլ չտալու անհրաժեշտությունից։ Դա առավել քան աննպատակահարմար է հատկապես հիմա, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է ընդդիմության ներուժն ուղղորդել դեպի երկարաժամկետ պայքարի հարթություն։ Մյուս կողմից, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվեր այլընտրանքային թեկնածու առաջադրել առանց Տեր-Պետրոսյանի միջամտության, կրկին չէր հաջողվելու խուսափել ընտրություններից հետո ընդդիմության փլուզման հեռանկարից։ Խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանի ֆոնին ցանկացած այլ թեկնածու չէր կարողանալու ինքնադրսեւորվել այնպես, որ իր խարիզմայով, մասսայական ազդեցությամբ, աշխարհըմբռնմամբ կանխորոշեր ՀԱԿ-ի անվերապահ հաղթանակն ընտրություններում կամ գոնե իշխանության համար այնպիսի անհարմարություններ առաջացներ, որ վերջինս ստիպված լիներ դիմելու ծայրահեղ, հակաօրինական քայլերի, դրանով իսկ ընդդիմությանն ակտիվացման նոր խթան հաղորդեր։ Հենց այսպիսի հեռանկարով էր առաջնորդվել իշխանությունը՝ մեծ վստահությամբ քաղաքապետի աթոռի համար թեկնածու առաջադրելով Գագիկ Բեգլարյանի նման հասարակական ոչ միարժեք ընկալում ունեցող գործչին։ ՀԱԿ-ը ոչ վաղ անցյալում մեկ անգամ արդեն բախվել էր նման խնդրի։ Անցյալ տարի Երեւանի Կենտրոն համայնքի ընտրություններում ՀԱԿ-ը պարտություն կրեց՝ պաշտպանելով Արարատ Զուրաբյանի թեկնածությունը։ Այս մտավախությունն էր, որ Ստեփան Դեմիրճյանին թույլ չէր տալիս համաձայնել ցուցակը գլխավորելու առաջարկին։ Պարտությունը նրան վերջնականապես կվերածեր քաղաքական որեւէ ռեսուրս չունեցող, իր դարն ապրած գործչի եւ զգալիորեն կվտանգեր ՀԺԿ-ի հեղինակությունը։ Իսկ ընդհանրապես՝ աննկատ, առանց աղմուկի պարտություն կրելը կարող էր փոշիացնել ՀԱԿ-ի հեղինակությունը։ Նման պայմաններում վերջինս ունակ չէր կարող լինել մտնելու երկարատեւ, հոգնեցուցիչ պայքարի հորձանուտ։ Բացի դրանից` կար եւս մեկ պատճառ։ Երեւանը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր էլեկտորատով, որը կազմում է հասարակության ամենաակտիվ, քաղաքականացված մասը: Հենց այս շերտի ակտիվության շնորհիվ էր, որ ընդդիմությանը միշտ հաջողվում էր անգամ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների պայմաններում միշտ բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել։ Եվ այս ընտրազանգվածը երբեք չէր հասկանա ՀԱԿ-ին, եթե նա անտարբերություն ցուցաբերեր քաղաքապետի ընտրությունների նկատմամբ։ Այդ ընտրաձայները փոշիացնելու վտանգ կար, որը չէր կարելի թույլ տալ, քանի որ այն շատ կարեւոր քաղաքական կապիտալ է ընդդիմության համար հետագա գործընթացների պլանավորման տեսակետից։ Հենց այս էլեկտորատի վրա հենվելով` Տեր-Պետրոսյանը կարող է իշխանություններին դրդել ծայրահեղ միջոցների, հետո բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ նոր ճակատ բացել իշխանությունների դեմ։

Չոր առճակատման վտանգն իրական է

Չնայած այս իրողություններին, պետք է նշել, որ նման որոշում կայացնելով` Տեր-Պետրոսյանը չափազանց մեծ ռիսկի է դիմել։ Ըստ էության, նա խաղասեղանին է դրել իր ու ՀԱԿ-ի հետագա պլանների հաջողությունը, իր անհատական հեղինակությունը։ Պարտություն կրելու դեպքում կորուստները կարող են անվերադարձ լինել։ Նման ընթացք թույլ չտալու համար Տեր-Պետրոսյանին երկու ելք է մնում. կամ հաղթանակ տանել` ինչ գնով էլ լինի, կամ, որ ավելի հավանական է, պարտության ամբողջ պատասխանատվությունը բարդել իշխանության վրա, հասարակական կարծիքն ուղղորդել նրա դեմ՝ ապավինելով հենց իշխանության թույլ տված մարտավարական սխալներին ու բացթողումներին։ Քաղաքապետի պաշտոնը ձեռք բերելու դեպքում ընդդիմությունը մայրաքաղաքում անարգել փողոցային, հանրահավաքային գործողություններ ծավալելու հիանալի հնարավորություն կստանա։ Հանրահավաք կամ երթ անցկացնելու համար քաղաքապետարանից մերժում ստանալու խնդիր չի լինելու։ Բացի դրանից` ստեղծվելու է աննախադեպ ու իրավա-քաղաքական իմաստով անորոշ իրավիճակ։ Լեգիտիմ ընտրված Երեւանի քաղաքապետը հակադրվելու է կասկածելի լեգիտիմյան պաշար ունեցող նախագահին եւ խորհրդարանին։ Ընդդիմության հաղթանակը հանրապետության մայրաքաղաքը դուրս է դնելու իշխանության վերահսկողությունից, ինչը կառավարման ճգնաժամ առաջացնելու առաջին լուրջ քայլը կլիներ։ Տեր-Պետրոսյանն, իհարկե, հաշվարկել է, որ «մարտի 1-ի» միջով անցած իշխանությունը երբեք նման իրավիճակի ստեղծման հետ չի հաշտվի եւ ամեն ինչ կանի դա թույլ չտալու համար։ Տեր-Պետրոսյանի առաջնահերթ խնդիրը, փաստորեն, իշխանությանն այդպիսի վիճակի մեջ դնելն է, երբ վերջինս ստիպված կլինի գնալ որոշակի զիջումների, կատարել ընդդիմության պահանջները՝ ընդհուպ միասնական կառավարություն ձեւավորելը։ Հենց դրանց մասին էր մարտիմեկյան ելույթում խոսում Տեր-Պետրոսյանը, եւ քաղաքապետի ընտրությունները նա փորձում է ծառայեցնել հենց այդ նպատակներին։ Այս իմաստով Տեր-Պետրոսյանի որոշումը «խելագարությանը հավասարազոր» քայլ չես համարի։

Սակայն այն հանգամանքը, որ իշխանական կոալիցիոն ուժերը Տեր-Պետրոսյանի այդ որոշումից հետո չփոխեցին իրենց մարտավարությունը, ընտրություններին գնացին առանձին ցուցակներով, ցույց է տալիս, որ իշխանությունը նախընտրել է գնալ կոշտ առճակատման ճանապարհով։

Այլ կերպ ասած՝ վերցրել է Տեր-Պետրոսյանի նետած ձեռնոցը։ Գոնե քաղաքապետի ընտրությունների մեկնարկին մենք գործ ունենք հասարակական նոր բեւեռացման տանող խիստ վտանգավոր իրավիճակի հետ։

Ընդդիմության պառակտու՞մ, թե դիրքային պայքար

Ինչպիսին կլինեն զարգացումները` մեծապես կախված կլինի խաղում ներգրավված մյուս ուժերի պահվածքից։ Այս իմաստով ՀԱԿ-ի համար չափազանց կարեւոր է լինելու, թե ինչ դիրք կբռնի «Ժառանգություն» կուսակցությունը, որն այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել եւ մասամբ նաեւ ՀԱԿ-ի մեղքով դուրս մնաց Երեւանի ավագանու ընտրական մարաթոնից։ ՀԱԿ-ը, ավելի ճիշտ` վերջինիս ղեկավար Տեր-Պետրոսյանը, որեւէ սկզբունքային զիջման չգնացին «Ժառանգությանը»՝ նրա հետ միասնական ցուցակ կազմելու համար։ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց, որպեսզի նման կոմպրոմիս չկայանա՝ փորձելով ստիպել խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգությանը» անվերապահորեն ընդունել իր որոշումները ՀԱԿ-ում ներգրավված մյուս կիսակենդան, մանր ու միջին կուսակցություններին հավասար։ ՀԱԿ-ը ոչ միայն նման իրավիճակ ստեղծեց, այլեւ իսկական քարոզչական-հոգեբանական արշավ սկսեց «Ժառանգության» դեմ՝ իր պայմաններին վերջինիս չհամաձայնելը հավասարեցնելով իշխանության պատվերը կատարելու հետ։ Սա «Ժառանգությանը» դրդեց ավելի զգուշավոր կեցվածք դրսեւորել։ Վերջինիս համար խաղասեղանին էր դրված սեփական ինքնուրույնության, անկախ քաղաքական ուժի հեղինակության հարցը, եւ «Ժառանգությունն» ավելին չէր անում, քան ՀԱԿ-ին ստիպելը, որպեսզի հաշվի առնի այդ իրողությունը։ Սակայն բախվելով ՀԱԿ-ի խիստ սկզբունքային կեցվածքին՝ «Ժառանգությունը» ստիպված էր իր համար անհարմար դրությունից դուրս գալու ելքեր փնտրել։ Բանն այն է, որ ՀԱԿ-ը փորձում էր «Ժառանգությանը» «բռնացնել» այն բանում, թե հենց վերջինս էր մինչեւ Տեր-Պետրոսյանի՝ ցուցակը գլխավորելու մասին հայտարարելը պնդում, որպեսզի երկու ընդդիմադիր ուժերը ընտրություններին միասին մասնակցեն։ «Ժառանգությունը» առաջին հերթին իր այս հայտարարության տակից դուրս գալու խնդիր ուներ։ Նա պետք է ապացուցեր, որ համագործակցությունը չհաջողվեց ոչ թե այն պատճառով, որ իրենք հրաժարվեցին իրենց նախկին առաջարկից, այլ որովհետեւ չէին կարող համաձայնել ՀԱԿ-ի պահանջներին կամ պայմաններին։ Դրանով էր պայմանավորված, որ մինչեւ վերջին պահը այս կուսակցության ներկայացուցիչները պատասխան էին ակնկալում ՀԱԿ-ից իրենց ներկայացրած երկրորդ, ըստ էության անիրականանալի առաջարկի վերաբերյալ։

Սա իր մեջ պարունակում էր ընդդիմադիր դաշտի պառակտման վտանգ: Սակայն «Ժառանգությունը», հրաժարվելով քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց, ընտրողներին կոչ արեց իրենց ձայնը տալ ընդդիմությանը: Փաստացի տեղի ունեցավ դիրքային պայքար, եւ դաշտում խաղացող երկու ուժերն էլ ճշտեցին իրենց սկզբունքային դիրքերը։ Ընդդիմադիր դաշտում ստեղծվեց գրեթե նույն պատկերը, որ ձեւավորվել էր 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Խնդիրն այն է, որ երկու ուժերն էլ փորձում են հանդես գալ որպես անկախ, հավասարազոր խաղացողներ։ Թեեւ «Ժառանգությունն» այլեւս չի կարող ուղղակի մասնակցել քաղաքապետի ընտրություններին, սակայն նրա դերը մնալու է չափազանց կարեւոր առաջին հերթին հենց ՀԱԿ-ի համար։

Լինելով խորհրդարանական ուժ՝ «Ժառանգությունը» քվոտաներ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, տարածքային ընտրական հանձնաժողովներում եւ այդպիսով ունի ներսից ընտրական գործընթացը վերահսկելու լուրջ լծակներ, որոնք շատ անհրաժեշտ են ՀԱԿ-ին։ Կարելի է ենթադրել, որ վերջինս կփորձի չայրել կամուրջները «Ժառանգության» հետ՝ հենց նրա այդ լծակներն օգտագործելու նպատակով։ Մանավանդ, որ «ժառանգությունն» ինքն է նման առաջարկով հանդես եկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter