HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան.«Բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն»

prsyuniqՍերժ Սարգսյանը մարտի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ: Նախագահի մամուլի գրասենյակ տեղեկացնում է, որ Կապան քաղաքի Եռաբլուր պանթեոնում Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին: Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարզի լեռնահանքային համալիրի խնդիրները: «Այսօր այցելությունս սկսել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից, տեղում տեսանք, որ կոմբինատն ամբողջովին ոչ միայն աշխատում է, այլ նաեւ զարգացման ծրագիր է իրականացնում: Ամենայն խորությամբ ծանոթ եմ նաեւ Ագարակի ու Կապանի կոմբինատների ներկա իրավիճակին: Իմ գնահատականը միանշանակ է` Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի, եւ չեմ կասկածում, որ դժվարին որոշումներ են կայացվել: Եզրակացությունս միանշանակ է` բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարեւոր սոցիալական խնդիր են լուծում, այլեւ վաղվա շահույթներն են վաստակում: Ես խորապես համոզված եմ, եթե Քաջարանի կոմբինատը 90-ական թթ, 2000թ. սկզբներին դժվարություններով չաշխատեր, վերջին հինգ-վեց տարիների հսկայական շահույթները չէր ունենա: Ձեռնարկությունները պետք է աշխատեն, եւ այս առումով, եթե ՀՀ Կառավարությունից որեւէ լրացուցիչ ակնկալիք կա, մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել: Ընդհանրապես ճգնաժամի հետ կապված, վերջին ամիսների ընթացքում մենք մեկ խնդիր չէ, որ լուծել ենք, եւ այսուհետ եւս որեւէ  խոչընդոտի առջեւ կանգ չենք առնելու: Ճգնաժամի պատճառով պղնձի եւ մոլիբդենի գների աննախադեպ կտրուկ անկման հետեւանքով, երբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ մետաղների գները նվազեցին 3-3.5 անգամ, մեր հանրապետության ոչ միայն այս ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում, որովհետեւ բոլորին քաջ հայտնի է, որ արտահանման ծավալների մի զգալի մասը կապված է հենց այս կոմբինատների աշխատանքների հետ,  եւ բնականաբար,  ոչ միայն արտահանման, նաեւ հարկերի ու պետական այլ եկամուտների խնդիրներ են առաջանում: Կառավարությունը ճյուղի առաջատար ձեռնարկությունների հետ անընդհատ աշխատել է առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունների ստեղծման համար, եւ առանձին դեպքերում տարբերակված մոտեցումների ցուցաբերմամբ աջակցության ծրագրեր է իրականացնում: Մենք վստահ ենք, որ կառավության աջակցությունը, արձագանքները անմիջապես պետության կարգավորմանը ենթակա հարցերում պետք է լինեն օպերատիվ, եւ պետություն-մասնավոր այս համագործակցության պայմաններում մենք պետք է լուծենք Հանրապետության եւ մարզի խնդիրները: Իհարկե, մարզի, Հանրապետության ոչ բոլոր ձեռնարկություններում է հաջողվել գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային նույն կերպ առանց ցնցումների աշխատել ընդգծված անբարենպաստ պայմաններում: Բայց կարծում եմ, այսօր մենք կարողացել ենք հասնել մի իրավիճակի, երբ մեր առջեւ պետք է դնենք ոչ միայն այս երեք ձեռնարկությունների, այլեւ ընդհանրապես  մեր Հանրապետության շատ ձեռնարկությունների հստակ աշխատանքի խնդիրը: Առավել եւս, որ ազգային արժույթի վերջերս արձանագրված արժեզրկումը, եւ մետաղների միջազգային գների փոքր ինչ հուսադրող միտումները, կարծեք թե, որոշակի  դրական պայմաններ են ստեղծում: Մենք այդ համեմատաբար եւ հարաբերական բարենպաստ պայմաններից անպայման պետք է օգտվենք», ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը մարզային համապատասխան կառույցների առջեւ դրել է մեկ հստակ պահանջ եւ նշել, որ «որեւէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, եւ ոչ էլ որեւէ խոչընդոտ է լինելու դրանք  ճիշտ ժամկետին  մարդկանց հասցնելու: Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, եւ այս խնդիրներում որեւէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է որպես անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետեւաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարեւորագույն խնդիրն այսօր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter