Նախագահի այցը Սյունիքի մարզ ավարտվեց
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սյունիք գյուղում գործող «Արմեն-Սարմեն» անասնաբուծական ֆերմա, ծանոթացել ֆերմայի հզորություններին, գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ մասնակցել է նոր կթարանի բացմանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
«Արմեն-Սարմեն» ընկերությունը ներկայումս զբաղված է սեփական կերարտադրություն կազմակերպման, կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության հիմնման, մեղվաբուծության զարգացման աշխատանքներով, իսկ առաջիկայում նախատեսում են ստեղծել նաեւ մսի վերամշակման արտադրամաս:
Այնուհետեւ Հանրապետության նախագահն ուղեւորվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ` Տաթեւ ՀԷԿ: Այստեղ վերջին տարիներին ՏԱՍԻՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ներդրվել են նոր ժամակակակից սարքավորումներ, ինչի շնորհիվ էապես բարձրացել է կայանի հուսալիությունը:
Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Գորիսի «Ս. Գրիգոր Տաթեւացի» եկեղեցի, ապա քաղաքի «Վիենի պուրակ»-ում մասնակցել է ֆրանսիական պարտիզանական շարժման ղեկավարներից մեկի` Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Նախագահ Սարգսյանը Սյունիքի մարզ այցն ավարտել է Սիսիանի «Վի Էյջ Սթոուն» քարերի մշակման գործարան այցելությամբ: Ձեռնարկությունը հիմնվել է 2000 թ., գործունեությունը բնական քարերի արդյունահանումն ու մշակումն է: Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, տեխնոլոգիական սխեման հնարավորություն է տալիս կազմակերպել անթափոն արտադրություն: Ձեռնարկության ղեկավարությունը նախատեսում է այս տարի հիմնել նաեւ քարերի ձեւավոր մշակման արտադրամաս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել