HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վերաորակված մեղադրանքների վերաորակված հետեւանքները

Ապրիլի 1-ին «Յոթի գործով» կայացած դատական նիստը շրջադարձային էր երեք առումով։ Նախ՝ մեղադրյալների վրայից հանվեց 300 հոդվածով առաջադրված մեղադրանքի ողջ ծավալը, ապա գործը մասնատվեց, որովհետեւ, ըստ դատավորի կայացրած որոշման, բացի Ալեքսանդր Արզումանյանից եւ Սուրեն Սիրունյանից` մնացած 5 մեղադրյալների մասով գործերն ուղարկվեցին ընդհանուր իրավասության այլ դատարաններ։ Երրորդ՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում տասը զոհերի գործն առանձնացվեց «Յոթի գործից», ինչը նշանակում է, որ այդ մասով այլեւս պատասխանող գոյություն չունի։

Դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը բացատրեց գործի «բազմածավալությամբ», ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների կողմից դատական նիստերն անհարկի ձգձգելու» պատճառաբանմությամբ։ Պատասխանող կողմը, տվյալ դեպքում ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, դատարանի այս որոշումը բոլորովին այլ լույսի ներքո ներկայացրեց։ ՀԱԿ տարածած հայտարարության մեջ ասվում էր. «Միասնական գործի տարանջատումով, իշխանության յուրացման ծանրագույն ու հիմնական մեղադրանքի (300 հոդված) բացառումով, իր անհեթեթության մեջ «դարակազմիկ», ավելի քան 15 հազար էջ եւ 44 հատոր կազմող կեղծիքի այս բուրգը փլուզվեց։ Այդ փլուզմամբ կործանվեց Մարտի 1-ի մասին վարչախմբի պաշտոնական վարկածը։ Դրանով խոստովանեցին, որ ընդդիմությունը չի պլանավորել ու չի փորձել իրականացնել որեւէ հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում...»։ Սակայն արդյո՞ք կարելի է գործին նման ընթացք տալը միանշանակ դիտարկել որպես ընդդիմության հաղթանակ։ Դա հասկանալու համար պետք է պարզել՝ ո՞րն էր դատավորի նման որոշման պատճառը, եւ ի՞նչ հետեւանքներ այն կունենա «Յոթի գործի» համար։ Պատահական չէր, որ մեղադրող կողմը մեղադրանքը վերաորակելու մասին միջնորդությունը դատարան ներկայացրեց հենց ապրիլի 1-ին նշանակված դատական նիստում։ Դրան նախորդած երկու օրերի ընթացքում Իսպանիայի Վալենսիա քաղաքում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննություն էին բռնել Քրեական օրենսգրքում 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ որպես ՀՀ ստանձնած պարտավորության կատարման վկայություն։ Թե՛ մեղադրող կողմը, թե՛ դատարանը, փաստորեն, սպասում էին մոնիտորինգի հանձնաժողովի արձագանքին՝ կողմնորոշվելու համար՝ ինչպիսի ընթացք տալ գործին, ավելի ճիշտ` լուծելու ամենաառանցքային՝ ամբաստանյալներին ազատ արձակելու կամ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու խնդիրը, պարզելու «յոթին» անազատության մեջ պահելու քաղաքականության շարունակման հնարավորությունը։ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում դրական տեղաշարժ արձանագրելով՝ ԵԽ-ն, փաստորեն, վավերացրեց 225 եւ 300-րդ հոդվածներով «յոթի» գործողությունները վերաորակելու` իշխանության որդեգրած քաղաքականությունը։ Դա նշանակում էր, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին ժամանակ էր տվել ոչ թե լուծելու քաղաքական մոտիվներով ազատազրկված մարդկանց ազատ արձակելու, այլ քաղբանտարկյալ տերմինից ձերբազատվելու եւ նաեւ ԵԽ-ին այդ գլխացավանքից ազատելու խնդիրը։ Այսինքն՝ Հայաստան-ԵԽԽՎ խաղի իրական նպատակը գործի քրեականացումն էր, որպեսզի ԵԽ-ն այլեւս որեւէ հիմք չունենա Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու մասին իր վերաբերմունքը պնդել՝ հենվելով միակ փաստարկի՝ 225-րդ կամ 300-րդ հոդվածների՝ ընդհանրական մեկանաբանություններ տվող ձեւակերպումների վրա։ ՀՀ իշխանությունը փայլուն կերպով դա գլուխ բերեց հենց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անմիջական խորհրդատվությամբ։ Հետեւաբար, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության իրավունքների սահմանափակման հնարավոր նախաձեռնության ժամանակ ՀՀ իշխանությունները կարող են պնդել, որ ստանձնած պահանջները կատարվել են, եւ ՀՀ-ն ոչինչ չի արել առանց ԵԽ համապատասխան ենթակառույցների մասնակցության եւ օգնության։ Ահա այս իրողություններն էլ ազատեցին իշխանությունների ձեռքերը՝ մի կողմից շրջանցելու իրենց պրոբլեմները ԵԽ-ում, մյուս կողմից` լուծելու «յոթին» անպայման «փակելու» խնդիրը։ Իսկ դա պայմանավորված է ցանկացած գնով ընդդիմության ուժերը, կազմակերպչական պոտենցիալը ջլատված վիճակում պահելու մտադրությամբ, որպեսզի Երեւանի ավագանու, իսկ ավելի ուշ նաեւ 2011 թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը զրկված լինի իր հիմնական «հարվածային» ուժերից։ Այս կեցվածքի մասին իր վերջին ասուլիսի ընթացքում բաց տեքստով հայտարարեց իշխող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը. «Ընդդիմությունը նրանց անունից (բանտարկյալների-հեղ.) հայտարարում է, թե գալիս են քաղաքապետի ընտրությունների՝ վարչակարգ հեռացնելու, սահմանադրական կարգ վերականգնելու, իշխանափոխություն իրականացնելու եւ այլն։ Բաց թողնենք, որ այդ բանա՞կը համալրեն, որ նորից դե՞մ դուրս գան»։ Ինչ վեաբերում է գործը մասնատելուն, ապա դրա առաջնահերթ նպատակներից մեկն, իհարկե, գործն արագ հանգուցալուծման հասցնելն է։ Դա ավելի հեշտ իրագործելի է, երբ պրոցեսում ներգրավվում են մի քանի դատարաններ։ ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է քաղբանտարկյալների թեման եւ հատկապես «Յոթի գործ»-ը քաղաքական օրակարգից օր առաջ հանել։ Եվ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դրսեւորած կեցվածքը դրա լավագույն նախադրյալն էր։ Երկրորդ՝ երբ գործը միասնական էր, ընդդիմության համար ավելի հեշտ էր այն վերահսկելը եւ քաղաքական ակցիայի վերածելը։ Գործի կենտրոնացվածությունն ապահովում էր հասարակական չմարող հետաքրքրությունը դատաքննության նկատմամբ, ինչը դժվարացնում էր քննության ընթացքին ցանկալի ուղղություն հաղորդելը։ Ավելին, պրակտիկորեն դատական գործընթացը դոփում էր տեղում եւ վերածվել էր իսկական խեղկատակության՝ երկու կողմերի հավասարաչափ դերակատարությամբ։ Մինչդեռ առանձին դատավարութունները նախ ավելի կդժվարացնեն բուն նիստերի ընթացքում պաշտպանող կողմի միասնական գործողությունները, երկրորդ՝ էապես կմարի հասարակական հետաքրքրությունը, երրորդ՝ յոթ ամբաստանյալներին առանձին-առանձին «ջարդելն» ավելի դյուրին է դառնում, քան երբ նրանք միասին են։ Երրորդ՝ սա միջանկյալ լուծում էր գործը վիժեցնելու ճանապարհին, որովհետեւ ակնհայտ էր, որ մեղադրող կողմի ապացուցողական բազան չափազանց թույլ էր ու խոցելի։ Իշխանությունը, փաստորեն, մեղադրանքի վերաորակմամբ, գործը «կազմաքանդելու» միջոցով որդեգրել է դանդաղ, անցնցում նահանջի ճանապարհը, որպեսզի ընդդիմությանը հանկարծ հաղթող զգալու առիթ չտա, ինչն առաջին հերթին հարված կլիներ իշխանական բուրգի ամբողջականությանը։ Եվ չորրորդ, որ պակաս կարեւոր չէ։ Ամբաստանյալների վրայից Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածգ հանելը եւ 225-րդ հոդվածից սահմանված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքից «սպանություններով զուգորդված» արտահայտութունը հանելը, այսպես թե այնպես, հանգեցնելու էր տասը զոհերի գործն առանձնացնելուն։ «Յոթի» ներգրավմամբ գործի հետագա քննությունն անհնարին կլիներ նման մեղադրանքի առկայությամբ, քանի որ հիմնական մեխը այդ յոթ հոգուն 10 զոհերի համար պատասխանատու համարելն էր լինելու։ «Յոթի գործ»-ի միասնական դատաքննությունը ենթադրում էր նրանց գործողությունների փոխհամաձայնեցում, նպատակամղվածություն, ինչը բացարձակապես չի արտահայտվում եւ չի կարող արտահայտվել վերաորակված մեղադրանքներում։ Ի դեպ, գործի մասնատման այս գործընթացը միանգամից չկիրառվեց։

Այն մոտ մեկ ամիս առաջ անցավ համապատասխան «փորձաքննություն», երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ Շանթ Հարությունյանին մեկուսացրեց գործից` դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելով, ապա միանգամից հինգ ամբաստանյալներին 10 օրով արգելեց մտնել դատական դահլիճ, եւ երկու օր շարունակ գործը քննվում էր միայն Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ։ Այդ օրերին նկատելի էր ամբաստանյալներին օժանդակող հասարակական շարժման որոշակի պասիվությունը, ինչն էլ, թերեւս, դատարանի համար նպաստավոր ազդանշան էր եղել գործին հատկապես այսպիսի ընթացք տալու համար։

Այս ամենում միակ անհասկանալին տասը զոհերի գործի ապագան է։ Այն «Յոթի գործից» անջատելով՝ դատարանը փաստացի ընդունեց, որ այդ մարդիկ զոհերի հետ որեւէ առնչություն չունեն եւ չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։ Սա այն էր, ինչ պահանջում էին թե՛ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, թե՛ տուժողները։

Ըստ էության, տասը զոհերի հարցը, որը մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամենահրատապ ու առանցքային հարցն է, շարունակում է մնալ օդից կախված։ Ի՞նչ է լինելու այս գործի ճակատագիրը, դժվար է ասել։ Այն, տրամաբանորեն, պետք է սկսվի նոր էջից, հատկապես որ իշխանություններն իրենք ընդունում են, որ այդ տասը զոհերից առնվազն երեքը եղել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների մեղքով, որոնց, սակայն, ոչ մի կերպ հնարավոր չի լինում բացահայտել։ Այս գործը, փաստորեն, թեւակոխում է բոլորովին նոր՝ «սառեցման» փուլ՝ «չկա մեղադրվող, չկա նաեւ գործ» տրամաբանությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter