HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գյուղապետը վիրավորվել է, որ գյուղապետարանի զույգ մահճակալները «դվուխսպալնի» են անվանել

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչները տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ էին հրապարակում գյուղի և գյուղապետի գործունեության վերաբերյալ՝ հրապարակայնորեն քննադատելով այն:

Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն էլ, մամուլի հրապարակումները որակելով որպես իր հասցեին արված վիրավորանք և զրպարտություն, սկսեց հերթով դատի տալ գյուղացիներին:

Գյուղապետի հերթական հայցը նույն գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի դեմ էր՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Պատասխանող կողմում երրորդ անձ էր ներգրավված «Ժամանակ» օրաթերթը:

Թերթի՝ «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածում Կամսար Թամարյանը մասնավորապես հետևյալ հայտարարություններ է արել գյուղապետի գործունեության վերաբերյալ. «Մեր գյուղը կործանվում ա: Մեր գյուղում նույնիսկ սովից մարդ է մահացել… Նա էս գյուղը ջնջել ա: Ոչ մեկը չեն կարում աշխատեն, քանի որ կաշառում է 5000-ով: Էս մարդիկ մտածում են, որ Վանոն նորից գյուղապետ աշխատի, իրանց նպաստը կկտրի: Մեր գյուղում մի հատ բնակիչ Արտյոմ կա, երրորդ երեխեն պտի ունենա, որի կինը ուղեղն էնքան չի աշխատում: Խաբել են գյուղապետարանում, Վանոյի երկու քույրերը, Մալխասյան Մհերը գրիլ են տվել, որ մարդդ աշխատում ա: Էն տղեն աշխատանք չունի: Դոմիկում ապրող ա, մերը ինվալիդ ա, վատ վիճակում ա, նպաստ չեն տալիս: Վանոյի քույրը, թոռը նպաստառու ա, քույրն աշխատում ա գյուղապետարանում, իրա քրոջ տղեն Մոսկվայում մեծ բիզնեսի մեջ ա: Պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ գյուղին նվեր տված ավտոբուսը Վանո Եղիազարյանը դրել ծախում էր, հետ ենք բերել: Երկու դվուխսպալնին գյուղապետն ինչ պտի անի, գյուղապետարանում դրած ա: Էդ ոնց եղավ, որ Վանոյի հորը հասավ 630 հազար դրամ օգնություն, Վանոյի քրոջ տղուն հասավ 1 մլն 100 հազար դրամ օգնություն, ու գյուղում սոված մարդիկ կան, կոպեկ չհասավ: Ասել են բեր՝ գերեզմանների ճամփեն շինի, ասել ա՝ բա ինձ պետք ա՞: Մեր գյուղը մեծատառով գյուղ ա: Միակ գյուղն ա, որ թուրքն էս գյուղը չի մտել: Էսօր մեր միջից թուրք ա ծնվել: Խնդրում ենք՝ մեր միջից հանել թուրքին»:

Նշված արտահայտությունները որակելով որպես վիրավորանք և զրպարտություն՝ գյուղապետը Կ. Թամարյանից ներողություն և հերքում էր պահանջում նույն լրատվամիջոցով և 3 մլն դրամ հատուցում (1 մլն դրամ` վիրավորանքի, 2 մլն դրամ` զրպարտության համար):

Այդ պահանջով գյուղապետը 2 անգամ հայց էր ներկայացրել դատարան, բայց երկու անգամ էլ հայցը մերժվել էր: Վ. Եղիազարյանը երրորդ անգամ էր դիմել դատարան՝ նույն պահանջով: Երրորդ անգամ նրա դիմումն ընդունվել էր դատավոր Վարդուհի Հովնանյանի վարույթ (ի դեպ, դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետ Վ. Եղիազարյանի հետ միասին դասավանդում է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում):

Վերջինս բավարարեց գյուղապետի հայցը՝ մասնակի. վճռեց պարտավորեցնել Կ. Թամարյանին նույն լրատվամիջոցով ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար, հերքել զրպարտություն համարվող տվյալները և հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 400 հազար դրամ (300 հազար դրամ` վիրավորանքի, 100 հազար դրամ` զրպարտության համար) և 16 հազար դրամ՝ դատական ծախսերի գումար:

Իր վճիռը դատավոր Վ. Հովնանյանը հիմնավորեց նրանով, որ Կ. Թամարյանը գյուղի ամենաապահովված անձանցից է:

Դատավոր Վ. Հովնանյանը զրպարտություն է համարել Կ. Թամարյանի հետևյալ արտահայտությունները. «նա էս գյուղը ջնջել ա», «ասել են՝ բեր գերեզմանների ճամփեն շինի, ասել ա՝ բա ինձ պետք ա», «ոչ մեկը չեն կարում աշխատեն, քանի որ կաշառում ա 5000-ով», «խաբել են գյուղապետարանում, Վանոյի երկու քույրերը, Մալխասյան Մհերը գրիլ են տվե, որ մարդդ աշխատում ա»՝ պատճառաբանելով, որ դրանք անձի վերաբերյալ հրապարակային ներկայացված փաստացի տվյալներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Կ. Թամարյանի մեկնաբանությամբ՝ «ոչ մեկը չեն կարում աշխատեն, քանի որ կաշառում է 5000-ով» արտահայտությամբ նկատի է ունեցել, որ գյուղի բնակիչներից ոմանք հրաժարվում են գյուղապետի դեմ իրենց բողոքներից, քանի որ նա կաշառում է 5-50 հազար դրամով:

Լեռնապատի բնակիչ Սարիբեկ Հոռոմսիմյանը հաստատել է Կ. Թամարյանի խոսքը և դատարանում տվել հետևյալ ցուցմունքը. գյուղապետ Եղիազարյանն առաջարկել է մեկ ամսվա նպաստը՝ 7500 դրամ, տալ իրեն, որպեսզի մնացած ամիսների նպաստը ստանա: Ինքն այդ մասին հայտնել է քննիչին, որից հետո Եղիազարյանի հայրը և աները գիշերով գնացել են իր տուն և առաջարկել 50 հազար դրամ, որ բողոքը հետ վերցնի: Ինքը հրաժարվել է:

«Խաբել են գյուղապետարանում, Վանոյի երկու քույրերը, Մալխասյան Մհերը գրիլ են տվե, որ մարդդ աշխատում ա» արտահայտությունը, որը համագյուղացի Արտյոմ Մարկոսյանի կնոջը՝ Հռիփսիմե Հարությունյանին, խաբեությամբ դիմում գրել տալու վերաբերյալ է, Կ. Թամարյանի ասելով՝ ինքն անձամբ լսել է Ա. Մարկոսյանից:

Ա. Մարկոսյանն ու նրա կինը՝ Հ. Հարությունյանը, դատարանում հաստատել են Կ. Թամարյանի խոսքը: Ա. Մարկոսյանը հայտնել է նաև, որ Լեռնապատի բնակիչ է, մայրը հաշմանդամ է, կինը չի աշխատում, խնամքին են 2 անչափահաս երեխաները: Ընտանիքով ընդգրկված է սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքների ցուցակում: Սոցիալական նպաստի տարեկան հաշվառման ժամանակ գյուղապետարան է գնացել կինը՝ դիմում գրելու: Գյուղապետարանի աշխատակից Ռուզաննա Եղիազարյանի թելադրմամբ գրել է դիմումը և հանձնել գյուղապետին: Արդյունքում զրկվել են տարվա նպաստից: Կինը ծննդաբերել է երրորդ երեխային, որը մահացել է, և որի պատճառն է համարում նպաստից զրկվելու հետևանքով կենսապայմանների վատթարացումը:

Հռիփսիմե Հարությունյանը դատարանում հայտնել է, որ գյուղապետարանում գյուղապետ Վ. Եղիազարյանը հարցրել է ամուսնու աշխատանքի մասին: Ինքն ասել է, որ ամուսինը չի աշխատում: Բայց գյուղապետը հորդորել է դիմումում գրել, որ նա հովիվ է աշխատում Կ. Թամարյանի մոտ: Ինքը դիմումը գրել է գյուղապետարանի աշխատակից Ռուզաննա Եղիազարյանի աշխատասենյակում՝ վերջինիս թելադրանքով:

Դատավոր Վ. Հովնանյանը, սակայն, զրպարտություն է համարել վերը նշված արտահայտությունը՝ պատճաբանելով, որ չնայած Կ. Թամարյանը Ա. Մարկոսյանի հայտնած տեղեկությունն է վերարտադրել, սակայն հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին:

Հայցադիմումում գյուղապետ Եղիազարյանը որպես զրպարտություն է ներկայացրել հետևյալ արտահայտությունը՝ «Էսօր Վանոյի քույրը, թոռը նպաստառու ա, որ քույրն աշխատում է գյուղապետարանում»: Կ. Թամարյանի պարզաբանմամբ՝ ինքը նկատի է ունեցել, որ գյուղապետի քույրն ու թոռը մի ընտանիք են, և թոռը նպաստ ստանում է: Դատավոր Վ. Հովնանյանը սա էլ է զրպարտություն համարել, բայց ոչ թե Կ. Թամարյանի արտահայտությունն ամբողջությամբ, որը նույնությամբ մեջբերել է նաև հայցվոր Վ. Եղիազարյանը, այլ արտահայտության մի մասը՝ «էսօր Վանոյի քույրը նպաստառու ա»:

Ուշագրավ է, որ հայցվոր Վ. Եղիազարյանը հայցադիմումում որևէ կերպ չի որակել Կ. Թամարյանի՝ «Էդ ոնց եղավ, որ Վանոյի հորը հասավ 630 հազար դրամ օգնություն, Վանոյի քրոջ տղուն հասավ 1 մլն 100 հազար դրամ օգնություն, ու գյուղում սոված մարդիկ կան, կոպեկ չհասավ» արտահայտությունը՝ ոչ որպես վիրավորանք, ոչ որպես զրպարտություն:

Կ. Թամարյանը դժգոհ է դատավոր Վ. Հովնանյանի վճռից, պատրաստվում է բողոքարկել այն. «Ես չտեհա դատավոր Հովնանյանի կողմից արդարություն, քանի որ մեր դատարանը ներկայացնում ա իրանց արդարությունը, քանի որ Վանո Եղիազիարյանի հետ իրանք կոլեգաներ են, իրար հետ են աշխատում, ու վերևից ասվում ա: Ես պըտի գնամ նստացույցի, որ արդարություն չկա ու ներկայացնեմ, որ էսօր բացարձակ ժողովրդին ճնշման տակ են պահում: Էսօր դատավոր Հովնանյանը իմ վրա տուգանք ա դնում, որ ինչ, եթե էս գյուղի արդարությունն եմ պահանջում: Մարդիկ կանգնել են դատարանում վկայություն են տվել, որ Վանոն չի տվել սոված մարդկանց, ինվալիդ մարդկանց նպաստի տեղեկանք: Ես բերում եմ մարդուն, որ Վանո Եղիազարյանը 80 տարեկան մարդից թոշակը խլել ա, հորն ու անորը ուղարկել ա, որ արի 50 հազար վեկալ ծախվի, ձայնդ կտրի, էն մարդը ձենը չի կտրել: Կամ իմ հարևանն ա: Մի սոված ընտանիք ա, դոմիկում ա ապրում: Թերթում տվել եմ, որ Վանոն ասել ա գրի, որ մարդդ աշխատում ա: Եթե մարդը էսօր մեկին ա օգնում, վաղը՝ մյուսին: Դա աշխատանք չի: Դատավորը որ ի՞նչ ա իմ վրա տուգանք դնում, եթե իմ գեղի հըմար եմ կանգնած: Տենըմ եմ, որ ոչ դատարանը արդարություն ունի, ոչ վերևներում արդարություն կա: 7 հոգու դատի ա տվել: Միոտնանի Ալբերտին դատի ա տվել, ես էլ չգիտեմ ինչ ասեմ: 13 մլնի գործը դրածա ա Վանոյի վրա (Վանո Եղիազարյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննութունը շարունակվում է): Երևանից քննիչը նստած՝ առերեսումներ են անում: Բայց Վանոյին չորսուկուռ արած կառավարությունով բանով, ամբողջը պահում են, քանի որ Վանոն Արմեն Գարեգինիչի (ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ) եղբոր երեխու քավորն ա, Արշաֆյանների քավորն ա, իրա հերն ա ասում: Վանոն միշտ ասել ա՝ 3 հազար դոլարի Արմեն Գարեգինիչի հըմար ծնունդ եմ արել, չի ապացուցվում, բայց ես ասում եմ: Նրա թիկունքին ա, նրան ոչ մի բան չեն անում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter