
«Ակադեմիա» պատկերասրահում այսօր բացվեց սփյուռքահայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը եւ տեղի ունեցավ լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» բառարանային պատկերագրքի շնորհանդեսը: «Երեւի ոչ մի ազգ այսպիսի գիրք չունի, որ աշխարհում սփռված իր լուսանկարիչներին հավաքված լինեն մի հատորի մեջ»,-ասում է Վահան Քոչարը:
Գրքում նշված է 480 հայ լուսանկարչի անուն, որոնցից 300-ը ներկայացված են իրենց կենսագրականներով եւ լուսանկարներով:
Վահան Քոչարը «Հետքին» ասաց, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել իր հոր` լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի շնորհիվ. «Նա մեծ աշխատանք է կատարել` ժամանակին հավաքելով հայ լուսանկարիչների թե´ կենսագրությունները, թե´ դիմանկարները, թե´ նրանց գործերը: Այստեղ ցուցադրված լուսանկարների մեծ մասը բնագրերն են, որոնք հեղինակները ժամանակին նվիրել են հորս»:
Ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային հռչակ վայելող կանադահայ Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, պոլսահայ Արա Գյուլերի, ամերիկահայ Հարի Քունդակչյանի եւ այլոց աշխատանքները:
«Ցուցահանդեսը շատ տպավորիչ է, մանավանդ դիմանկարները: Կար նաեւ Ծիծեռնակաբերդի նկար, որը շատ էմոցիաներ է առաջացնում: Այս ցուցահանդեսը լիցք է տալիս, նաեւ մտածելու առիթ է դառնում, թե քեզ մոտ ինչպե՞ս կստացվի. սովորելու շատ տեղ ունենք»,- ասում է երիտասարդ լուսանկարիչ Լիլիանա Գալստյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վահան Քոչարին պատկերագիրք ստեղծելու համար. «Այդ գիրքը ե´ւ հանրագիտարան է, ե´ւ տեղեկագիրք է: Այս պատկերագիրքը հայրենիք-սփյուռք համագործակցության փայլուն մի հուշագիր է»:

Նախարարը կարեւորեց միջոցառումը, քանի որ Սփյուռքի նախարարությունն էլ այսօր խնդիր ունի համախմբել սփյուռքի ուժերը` ըստ մասնագիտությունների:
Ցուցահանդեսը ոգեւորել է նաեւ երիտասարդ լուսանկարչ Դավիթ Հակոբյանին. «Այս լուանկարներն իրենց էպոխաների կրողներն են: Շատ հետաքրքիր լուսանկար եմ տեսել` Կոմիտասի թաղման լուսանկարը, ինձ դուր եկան Շարլ դը Գոլի, Վիկտոր Համբարձումյանի լուսանկարները»:
Նրա խոսքերով` այս նախաձեռնությունն իր համար նոր գաղափարի պատճառ է դարձել. «Ես այսօրվանից կփորձեմ իմ աշխատանքով հաջորդ սերնդին ներկայացնել իմ ժամանակաշրջանը»:
Ըստ լուսանկարիչ Տիգրանի` լուսանկարների մեջ հոգի ու դինամիկա կա. «Ինձ դուր եկավ Շարլ Ազնավուրի լուսանկարը»:
Ցուցահանդեսը ուղեկցվում էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել