Դավիթ Իշխանյան.« Ոչ թե իշխանությունից հեռանալու, այլ իշխանության հետ համատեղ աշխատելու հաջորդ քայլերը պետք է մշակենք»
«Հայաստանի դաշնակցության Գերագույն մարմնի հայտարարությունը` կոալիցիայի մեջ մտնելու եւ դուրս գալու վերաբերյալ` Հայաստանի կառույցի որոշումն է: Դա համայն դաշնակցության որոշումը չէ, ուստի այդ առումով Արցախի կառույցը մեկնաբանելու, եզրակացություններ անելու որեւէ խնդիր չունի: Ինքնին Գերագույն մարմինը հավանաբար ունի համապատասխան ինչ որ նախադրյալներ կամ հիմքեր` կոալիցիայից դուրս գալու համար:
Ամեն դեպքում, դաշնակցության որոշումը մնում է որոշում, եւ եթե այդպիսի որոշում է կայացվել, բնականաբար, այն դաշնակցության մեջ միշտ էլ հարգվում է: Դա իրենց իրավունքն է»,-այսպես է մեր խնդրանքով մեկնաբանել հայաստանյան կառույցի քայլը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Իսկ Արցախի դաշնակցությունը, որը կոալիցիայի մաս չէ, այլ կառավարման համակարգի մաս, որեւէ նախապատրաստական քայլեր այդ ուղղությամբ չի կատարում:
«Ինչպես մի քանի օր առաջ տված իմ հարցազրույցում նշել եմ, դիվանագիտական առումով ղարաբաղյան ճակատի ստեղծման խնդիր կա, որը ոչ թե ղարաբաղցիներով պետք է ստեղծել, այլ` հանուն Ղարաբաղի: Եւ,կարծում եմ, յդ առումով ոչ թե իշխանությունից հեռանալու, այլ իշխանության հետ համատեղ աշխատելու հաջորդ քայլերը պետք է մշակենք»,-ընդգծել է Դավիթ Իշխանյանը, որը ղարաբաղյան եւ հայաստանյան կառույցների դիրքորոշումների տարբեր լինելը դարձյալ պայմանավորում է կուսակցության ապակենտրոն սկզբունքով, որը «թելադրում է գործել յուրաքանչյուր շրջանում` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի առանձնահատկությունները»:
Մեկնաբանել