
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» խնդրանքով անդրադարձավ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած փակ խորհրդակցությանը: Նա նշեց, թե եղել է պայմանավորվածություն քննարկման մանրամասները չհրապարակելու մասին: «Մի բան, սակայն, կարող եմ ասել, որ իմ գործընկերները, ովքեր ունեն մտավախություններ, թե բանակցությունների հիմքում հնարավոր է դրված լինեին Ղարաբաղի եւ Ցեղասպանության նախապայմանները, ես ուզում եմ հուսալ, որ արտգործնախարարի ներկայացրած բազմաթիվ փաստերն ուղղակիորեն ցրեցին այդ մտավախությունները»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե «Ճանապարհային քարտեզը» որոշակիորեն բացահայտվեց. «Այսինքն` ֆիքսված են ժամկետներ, թե երբ ինչ քայլ պետք է արվի, բայց այս պահին չի հրապարակվում, որովհետեւ գնալու են բանակցություններ, քննարկումներ: Պաշտոնատար անձանց կողմից ասվեց, որ առաջիկայում շատ ավելի հանգամանալից նաեւ հանրությունը տեղյակ կլինի: Այսինքն` որեւէ քայլ չի արվելու հանրությունից, քաղաքական ուժերից գաղտնի»:
Կոալիցիոն ուժերի առաջարկը Դաշնակցությանը պատգամավոր Զոհրաբյանը մեկնաբանեց որպես քաղաքական մեծամասնության կողմից արված քաղաքակիրթ եւ քաղաքական ժեստ. «Ես վստահ եմ, որ ՀՅԴ-ի պատասխանն անպայման կլինի դրական»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել